Մենք ենք, մեր լղոզված ապագան - Mediamax.am

Մենք ենք, մեր լղոզված ապագան
21732 դիտում

Մենք ենք, մեր լղոզված ապագան


Այս շաբաթ տեղեկացանք, որ 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին հարցմանը մասնակցած հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին: 

 

Հարցվածների 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն, էապես, գերազանցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%): Հարցվածների 61%-ը վստահում է Եվրոմիությանը:

 

Թվում է, տպավորիչ արդյունքներ են: Սակայն, ծանոթանալով ամբողջական հաշվետվության հետ, հասկացա, որ մի շարք արդյունքներ ոչ միայն մտածելու տեղիք են տալիս, այլեւ շշմեցնում են եւ վկայում են, որ մեր «ներսի» եւ «դրսի» «Եվրոպայի» ընկալումները խորը արժեքային հակասությունների մեջ են:

 

Իհարկե, հարցումների արդյունքներին միշտ էլ կարելի է թերահավատորեն նայել: Բայց չափման այլ մեխանիզմ չկա: Բացի դրանից, արձանագրված հակասությունները եզակի չեն, այլ վկայում են համակարգային խնդրի մասին:

 

Հարցման մասնակիցներին առաջարկել էին դասակարգել 13 արժեք, որոնք Ա. ասոցացվում են Եվրոպական միության եւ Բ. անձնապես կարեւոր են հարցվողի համար:

 

Եվրամիության հետ ասոցացվող թոփ երեք արժեքներն են. 

 

Խոսքի ազատությունը (92%)

Մարդու իրավունքները (91%)

Անհատական ազատությունը (91%)

 

Իսկ հիմա տեսնենք, թե այս երեք արժեքները որքան կարեւոր են անձամբ հարցվողի համար.

 

Խոսքի ազատությունը (20%)

Մարդու իրավունքները (32%)

Անհատական ազատությունը (16%)

 

Այսինքն, հարցված հայաստանցիների համար այս երեք արժեքները առաջնային են Եվրոպական միության ընկալման տեսակետից, սակայն իրենց համար երեք, երբեմն էլ՝ չորս անգամ պակաս կարեւոր են:

 

Ամենազարմանալին առջեւում է:

 

Հարցվածների անձնական թոփ երեք արժեքներն են. 

 

Խաղաղություն, անվտանգություն և կայունություն (58%)

Տնտեսական բարգավաճում (42%)

Մարդու իրավունքներ (32%)

 

Անկարեւոր 3 արժեքներն են

 

Հարգանք այլ մշակույթների/փոքրամասնությունների նկատմամբ (8%)

Կրոնի ազատություն (8%)

Մամուլի ազատություն (2%)

 

Մենք ուզում են խաղաղ, անվտանգ ու կայուն ապրել, բայց կարծում ենք, որ դա հնարավոր է անել առանց այլ մշակույթները հարգելու եւ ազատ մամուլ ունենալու:

 

Մեղմ ասած, զարմանալի է, որ մամուլից անդադար բողոքող հասարակության մեջ մամուլի ազատությունը արժեքների ցանկի վերջին տեղում է: Ի՞նչ ապագա կարող է ունենալ մեդիան նման տրամադրություններ ունեցող հասարակության մեջ:

 

Հարցվածների 83 %-ը ասոցացնում են Եվրոպական միությունը ժողովրդավարության հետ: Սակայն միայն 10 %-ի համար է ժողովրդավարությունը կարեւոր իբրեւ անձնական արժեք: 

 

Գրեթե նույն պատկերն է օրենքի գերակայության դեպքում: 86 %-ը ասոցացնում են այն Եվրոպական միության հետ եւ միայն 23 %-ի համար է օրենքի գերակայությունը կարեւոր որպես անձնական արժեք: Եվ այս պատկերն ունենք մի երկրում, որտեղ մարդիկ օր ու գիշեր խոսում են նախկին կամ ներկա անօրինականությունների մասին:

 

Կոռուպցիայի բացակայությունը Եվրոպական միության հետ ասոցացնում են հարցվածների 61 %-ը: Եվ միայն 25 %-ի համար է այն կարեւոր որպես անձնական արժեք: Ստացվում է, որ հասարակության երեք քառորդի համար կոռուպցիան այս կամ այն չափով ընդունելի՞ է:

 

Իսկ այս ցուցանիշն այնքան ապշեցուցիչ է, որ հրաժարվում ես հավատալ: Անձնական ազատությունը Եվրոպական միության հետ ասոցացնում են հարցվածների 91 %-ը, բայց այն որպես անձնական արժեք կարեւորել են հարցվածների ընդամենը 16 %-ը: 

 

Այս արդյունքները ապացուցում են այն, ինչի մասին տարբեր առիթներով եւ տարբեր տարիներին գրել եմ՝ եթե մենք չենք ցանկանում փոխվել, ոչ մի իշխանություն չի կարողանալու մեզ փոխել: Ավելին՝ եթե անձնական ազատությունը մեզ համար կարեւոր չէ, ցանկացած իշխանություն դա շատ արագ զգալու է եւ իրեն չի կաշկանդելու: Եթե, իրականում, մեր հասարակության 4 անդամներից 3-ը միանշանակ չի մերժում կոռուպցիան, ոչ մի նոր հակակոռուպցիոն մարմին արդյունավետ չի լինելու:

 

Իսկ ամենազավեշտալին այն է, որ այս ամենով հանդերձ՝ հարցվածների 70%-ը լավատեսորեն է նայում Հայաստանի ապագային: Սա էլ մի առանձին թեմա է: Հերիք չէ, որ ապագայի մեր ընկալումը ոչ միայն լղոզված է, մեզ նաեւ թվում է, որ այդ ապագան ներկայից չի ծնվելու ու ներկայի արատները չի ժառանգելու:

 

«EU NEIGHBOURS east» նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության ամբողջական արդյունքները հասանելի են այս հղումով:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին