Ծնունդդ շնորհավոր, Հայաստան - Mediamax.am

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
8490 դիտում

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան


Հայաստանի Հանրապետությունը տոնեց իր անկախության 20-ամյակը: Դա արվեց ճաշակով, մեծ շուքով, բարձր մակարդակով եւ գունագեղ: Ես չկարողացա հասկանալ, թե ինչու են հոգեւորականները մասնակցում զորահանդեսին: Սակայն վերջին անգամ Փարիզում Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած Բաստիլի գրավման օրվա զորահանդեսից հետո այդքան տպավորված չէի եղել: Ոմանք կասեն` ինչու՞ ծախսել այդքան փող նման միջոցառումների վրա, երբ ներդրումների պահանջ ունեցող այդքան ոլորտներ կան: Լինելով գերմանացի` ես գիտեմ այդ փաստարկը, մասնավորապես՝ ռազմական շոուների տեսանկյունից: Բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է ընդունենք, որ անգամ ամենազարգացած պետությունն երբեք չի լինի այն իրավիճակում, որ դպրոց կառուցելու կամ հիվանդանոց վերանորոգելու կարիք չունենա: Եվ, եթե դուք սպասեք այն օրվան, թե երբ որեւէ բանի կարիքը չի լինելու, դրան կսպասեք հավերժ:

Հայաստանն այսօր տոնելու հիմքերն ունի: Հայաստանն այսօր շատ ավելի լավ դրության մեջ է, քան 20 տարի առաջ: Իհարկե, կան լուծում պահանջող բազմազան խնդիրներ: Այդ խնդիրները բացասական մտածելակերպով, կամ էլ այդ հեքիաթային երկրի համար ուրախության զգացողության դադարեցումով չեն լուծվի: 2011 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան ես այնքան երջանիկ դեմքեր տեսա, հատկապես՝ երիտասարդ: Գրեթե անհնար էր իմ հյուրերի` եվրոպական խորհրդարանականների հետ քայլել դեպի Հանրապետության Հրապարակ: Այս սերունդը Հայաստանի ապագան է: Նրանք չեն տեսել իրենց երկիրը մինչեւ Հայաստանի Հանրապետության անկախության ժամանակները: Նրանք կարող են ստեղծագործել եւ ստեղծել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածի հիման վրա: Եվ այդ ճանապարհին նրանք  մոտիվացիայի եւ խրախուսման կարիք ունեն: 

Հուսով եմ, որ ԵՄ-ն կկատարի իր խոստումները եւ իր լուման կներդնի: Ավելի արագ եւ մատչելի Շենգենյան վիզան, մասնավորապես՝ ուսանողների եւ բիզնեսմենների համար, ճանապարհային քարտեզ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համար… Այդ ազդակները կստացվեն հաջորդ շաբաթ Վարշավայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից: 2021 թվականի սեպտեմբերի 21-ին այդ ամենն իրականություն կդառնա, եթե մենք ջանքեր թափենք այդ ուղղությամբ: Եվ ես հուսով եմ, որ այդ ժամանակ տոնակատարություններն ավելի մեծ շուքով, գունեղ եւ թնդուն կլինեն: Հուսով եմ, որ այդ օրը Երեւանի փողոցներում իրենց հայ լինելով հպարտ ավելի շատ երիտասարդներ կլինեն:

Մայքլ Կամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին