Ավելի հաճախ լինենք բանակում - Mediamax.am

Ավելի հաճախ լինենք բանակում
4241 դիտում

Ավելի հաճախ լինենք բանակում


Դեռեւս զինվորական ծառայության ժամանակ պարտականություններիս բերումով եղել էի Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում: Միայն Մատաղիս ու Եղնիկներ զորամասերում չէի եղել` ճանապարհների դժվարանցելիության պատճառով:

Վերջերս հնարավորություն ստեղծվեց մի քանի հասարակական գործիչներով մեկնել առաջին գիծ, ինչպես նաեւ լինել Եղնիկներ զորամասում: Մինչ զինվորների հետ հանդիպելը փորձել ենք խոսել նախկին սպաների հետ, ովքեր փորձ ունեն եւ կարող են օգտակար մտքեր կիսել բանակաշինությունը նոր մակարդակի հասցնելու ու միջադեպերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար:

Կիրակի առավոտ մեկնեցինք սահմանային դիրքեր` զինվորների ու սպաների հետ տեղում խոսելու եւ մտքեր փոխանակելու համար: Դիրքերը հետաքրքիր են այն առումով, որ այնտեղ է գտնվում իրական վտանգը, եւ միայն տեղում կարելի է զգալ իրավիճակը ու հասկանալ զինվորին ու սպային, նրանց խնդիրներն ու հուզող հարցերը: Պետք է ավելի հաճախ լինենք նրանց կողքին ու հնարավորության դեպքում խնդիրները իրենց հետ կիսելուն էլ պատրաստ լինենք:

Հանդիպումների ընթացքում քննարկում էինք նաեւ հաջողված փորձի ծանոթանալու անհրաժեշտությունը, որպեսզի փորձենք նաեւ տեսնել, թե ո՞ր մոդելը կարող է աշխատել դեպքերը պակասեցնելու համար: Դիրքերից հետո մեկնեցինք Եղնիկներ զորամասը: Դեռ Ստեփանակերտում մեզ ասել էին, որ սպաներից մեկը Եղնիկներում կազմակերպում է մասուրի  հավաքում զինվորների համար, որպեսզի ձմռանը թեյի համար օգտագործեն: Հանդիպումը շատ հետաքրքիր էր: Փոխգնդապետը հետաքրքիր ձեւով է փորձում իր գումարտակը ղեկավարել: Յուրատեսակ հավասարության սկզբունք է դրել այդ սպան, որպեսզի զինվորների միջից հանի փողոցից եկող բարքերը: Ահագին վերափոխել է զորամասը: Զորամասում պահում էին աղավնիներ, որոնց մեծ մասը սպիտակ էին, ու ինձ համար խորհրդանշում էին խաղաղությունը: Մարտական գծում խաղաղություն զգալը եւս հետաքրքիր երեւույթ է:

Մարտական դիրքից մեր հեռանալու ժամանակ սպաներից մեկն ասաց, որ ավելի հաճախ այցելենք նրանց, քանի որ դա ոգի է տալիս իրենց եւ զգում են, որ թիկունքում իրենց մասին չեն մոռացել: Այն, որ հասարակությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի բանակի խնդիրները, միանշանակ է, բայց դրա հետ մեկտեղ հասարակության անդամները պետք է ավելի հաճախ լինեն բանակում: Նախ, որպեսզի կարողանանք մեր ներդրումը ունենանք զինվորների ու սպաների ոգին բարձր պահելու համար, այնուհետեւ` տեղում ծանոթանանք իրավիճակին, որպեսզի կարողանանք խնդիրների լուծման ավելի արդյունավետ տարբերակներ առաջարկենք:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին