Ինչո՞ւ չեն կատարում իրենց «տնայինը» - Mediamax.am

Ինչո՞ւ չեն կատարում իրենց «տնայինը»
12435 դիտում

Ինչո՞ւ չեն կատարում իրենց «տնայինը»


Նախորդ շաբաթ երեք հայկական կուսակցություններ Մարսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ մերձենալու եւս մեկ քայլ արեցին: Նրանք, ովքեր չգիտեն նման կուսակցական դաշինքների նշանակության մասին, կարող եմ խորհուրդ տալ կարդալ նախորդ շաբաթավերջի Financial Times-ը: Այնտեղ տեղ է գտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի ԵՄ գագաթնաժողովում տեղի ունեցած ձախողման վերլուծությունը, որը հիմնականում բացատրվում է 2009թ. իր կուսակցությունը ԵԺԿ-ից դեպի ազգայնական դաշինք դուրս բերելու որոշմամբ:

Եվրոպական կուսակցությունների դաշինքների մեծամասնությունը, հատկապես ԵԺԿ-ն, սոցիալիստները եւ լիբերալները, մինչեւ նման գագաթնաժողովներին մասնակցելը հանդիպում են իրենց գործողությունները համակարգելու նպատակով:
Մերկելը, Սարկոզին, ԵԺԿ եւ Եվրախորհրդարանի հարյուրավոր ներկայացուցիչներ Մարսելում հստակեցրել էին իրենց ռազմավարությունը, իսկ Քեմերոնը կառավարության միակ ղեկավարն էր, ով ժամանել էր Բրյուսելի գագաթնաժողովին առանց «ընկերների», եւ այդ պատճառով չկարողացավ աջակիցներ գտնել իր գաղափարների համար:

Այդպիսով, նման դաշինքի անդամ լինելը նշանակում է ունենալ իրական իշխանություն, իրական տեղեկատվության փոխանակման հնարավորություն եւ հնարավորություն հարաբերվել եվրոպացի կարեւորագույն քաղաքական գործիչների հետ: Ահա թե ինչու այս ընտանիքում դիտորդի կարգավիճակի համար պայքարելու որոշումը ճիշտ էր հայկական չորս կուսակցությունների համար  (Հայաստանի Հանրապետական Կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգության»  եւ «Օրինաց երկիր»), ինչպես եւ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դեպքում, որը կողմնորոշվում են դեպի լիբերալները եւ սոցիալիստները: Սակայն ես չեմ դադարում ինքս ինձ հարցնել. իսկ ինչո՞ւ նրանք չեն կատարում «տնային աշխատանքը»: 

ՀՀ նախագահի այցը Մարսել մեծ նվիրման ապացույց էր եւ նույնիսկ օգնեց ավելի փոքր թեկնածուներին, սակայն Եվրոպայի Խորհրդում հայկական պատվիրակությունում առկա խնդիրը, որը տարիներ շարունակ խոչընդոտում է ԵԺԿ անդամակցությունը, մնում է չլուծված: Հանրապետական Դավիթ Հարությունյանը ընդգրկված է Եվրոպացի դեմոկրատների խմբում, մինչդեռ Գագիկ Բաղդասարյանը (ՕԵԿ), Արմեն Մելիքյանը եւ Նաիրա Զոհրաբյանը (երկուսն էլ՝ ԲՀԿ անդամներ) ընդգրկված են Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքում: Դա մոտավորապես նույնն է, ինչ ձգտել դառնալ Հայ առաքելական եկեղեցու անդամ, սակայն կիրակի օրերին մզկիթ այցելել:

«Բարգավաճ Հայաստանը» մերժվել է հիմնականում այն պատճառով, որ ԵԺԿ-ում այն համարում են ոչ թե իրական կուսակցություն, այլ, ավելի շուտ, հարթակ կուսակցության առաջնորդ Ծառուկյանի համար: Տեղյակ լինելով առկա չափանիշներին, նման արձագանքը սպասելի էր: Եթե «Բարգավաճ Հայաստանն» ուզում էր միանալ ԵԺԿ-ին, ինչո՞ւ նրանք չանցկացրեցին «եվրոպական շեշտադրմամբ» համաժողով, ցուցադրելով իրենց ներքին ժողովրդավարությունը, եվրոպական օրակարգը, որը կապացուցեր, որ կուսակցությունը կշարունակի գոյություն ունենալ, անգամ եթե իր առաջնորդը մի օր որոշի լքել այն: 

Նման քայլերը օգտակար կլինեին նաեւ հայկական այլ կուսակցությունների համար: Ավելին, դրանով նրանք կպարզաբանեին իրենց կարծիքներն ու դիրքորոշումը Եվրոպայի վերաբերյալ հայ ընտրողների համար, ինչը տեղին կլիներ՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները: 

«Հայաստանի եվրոպական ընկերները» միշտ աջակցել են հայկական դաշինքներին եվրոպական կուսակցությունների հետ: Մենք հույս ունենք, որ փետրվարին ԵԺԿ-ի որոշումը դրական կլինի: Եթե կուսակցությունները կատարեն իրենց «տնային աշխատանքը», ապա շանսերը ավելի բարձր կլինեն: Նույնը վերաբերում է նաեւ այլ կուսակցությունների դաշինքներին եվրոպական այլ կուսակցությունների հետ. դա լավ կլինի եւ իրենց, եւ Հայաստանի համար:

Մայքլ Կամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին