MEDIAMAX
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
Փետրվար 22, 2012 09:57
 

Հանրային եւ մասնավոր շահը Մաշտոցի այգում

Հանրային եւ մասնավոր շահը Մաշտոցի այգում
Արմեն Գրիգորյան
"Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ
 

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ պարզաբանումներով ու փաստարկներով Մաշտոցի այգում կատարվող շինարարության վերաբերյալ: Այդ փաստարկներից մեկը վերաբերվում է սեփականության իրավունքին, որը շատ թույլ ձեւով է ձեւակերպված:

Տարոն Մարգարյանն ասում է. «Սեփականությունը հանրային կարեւորագույն գործառույթ է իրականացնում՝ ձեւավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի»:

Նախ` պետք է նշել, որ այգում գտնվող ակտիվիստները երբեք չեն ժխտել սեփականության իրավունքը եւ հարգել են գույքատիրոջ սեփականությունը: Նաեւ պետք է նշել, որ սեփականությունը կարեւոր գործառույթ է իրականացնում հասարակության համար, քանի որ շահագրգռում է հասարակության անդամներին առավել պատասխանատվությամբ վերաբերվել գույքին, ապրանքին եւ այլն: Սակայն դա չի նշանակում, որ երկրի հարստության մեծ մասը կարելի է սեփականաշնորհել, որպեսզի գործունեության նյութական հիմք ստեղծվի:

Ընդհանրապես, վերջին 20 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մի հասարակություն, որտեղ մատերիալիզմը գերիշխում է մարդու բարոյական հանձնառություններին: Որպես հասարակություն` չենք կարողանում համատեղ լուծել մեր համընդհանուր խնդիրները, քանի որ անհատական շահը շատ դեպքերում գերիշխող է հանրային շահի նկատմամբ:

Ու այս դեպքում սեփականության իրավունքի այլ խնդիրներ կան, որոնք քաղաքապետը պետք է հաշվի առներ իր փաստարկների մեջ: Նախ, քաղաքապետը պետք է հարց տար. արդյո՞ք այն միջավայրը, որը ստեղծվում է քաղաքապետարանի որոշման համաձայն, առողջ կլինի քաղաքի բնակիչների համար: Արդյո՞ք այն սոցիո-տնտեսական միջավայրը, որը պետք է ստեղծվի այդ որոշմամբ, հասարակության անդամներին հնարավորություն կտա զարգանալ: Պատասխանը միանշանակ է, որ կանաչ տարածքների հաշվին ինչ-որ բուտիկների ստեղծումը նման հնարավորություն չի տալիս:

Սեփականության իրավունքի մասին հետաքրքիր մեկնաբանություններ ունի Ջոն Լոկը: Նրա համար արդար սեփականության իրավունքը պետք է ունենա երեք վերապահում: Նախ, պետք է մնացածի համար էլ մասնաբաժին մնա, սեփականատերը չպետք է թույլ տա, որ իր ունեցվածքը ուրիշին վնաս հասցնի եւ սեփականատերը պետք է նաեւ իր աշխատուժը ներդնի սեփականության մեջ: Մաշտոցի այգու դեպքում հստակ է, որ անհատի սեփականության իրավունքը վնաս է հասցնում հանրային գոտուն, ինչով խախտվում են այլոց իրավունքները եւ վնաս է հասցվում նրանց կենսական միջավայրին:
Հանրային որեւիցե տարածքի մասնավորեցումը նշանակում է սեփականատիրոջ բացառիկ մոնոպոլիայի իրավունք այդ տարածքում եւ բացառում է, որպեսզի մնացածը կարողանան օգտվել  այդ տարածքից` առանց սեփականատիրոջ համաձայնության: Եվ պարզ է դառնում, որ քաղաքապետարանը, որը պետք է ծառայի հանրությանը համընդհանուր կամքին, հասարակության մեծ մասին զրկում այդ տարածքում ունեցած իրավունքներից հանուն մասնավոր շահի: Եվ այստեղ որեւիցե փաստարկ չի կարող լինել ողջամիտ սեփականության իրավունքի մասին, քանի որ այն իրականացվում է հանրային շահի հաշվին:

Եվ որպեսզի «Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր լինի լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում եւ ի շահ մեր քաղաքի», պետք է մեկընդմիշտ վերջ դրվի մասնավորի շահի գերակայությունը հանրային շահի սկզբունքին:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 
վերադառնալ Դիտումների քանակը՝ (1640)
 
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 
Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
16 Մայիս 2012
Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը: Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը:
Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին: Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին:
Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից: Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012