Ժառանգությունն այլընտրանք չունի - Mediamax.am

Ժառանգությունն այլընտրանք չունի
6125 դիտում

Ժառանգությունն այլընտրանք չունի


Վստահ եմ, որ շատերն իրականում տեղյակ էին Ժառանգության այն հայտարարությանը, թե կուսակցությունը պատրաստվում է բավականին լայն պլատֆորմով ներկայանալ խորհրդարանական ընտրություններին: Արդեն մի քանի ամիս է, ինչ Րաֆֆի  Հովհաննիսյանն այս մասին ակնարկում է իր հարցազրույցներում: Այս գաղափարը դեռ այն ժամանակ սկսեց հետաքրքրել ինձ. ինչպե՞ս է այս միտքն իրողություն դառնալու: Արդյո՞ք սրանք խոսքեր են, որոնց նպատակն իրականում ընտրազանգված հրապուրել է, այլ ոչ թե իրական գործողության ազդանշան հանդիսանալը: Հիմա արդեն գիտենք, որ դրանք սին խոսքեր չէին: Ասեց` արեց: Ես, որպես քաղաքացիական հասարակության կառույցի ներկայացուցիչ, այսօր մասն եմ կազմում այն լայն ընտրական պլատֆորմի, որի մասին խոսում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բնականաբար հարց է առաջանում, թե որոնք են այն շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան նման որոշում կայացնելու համար: Դրանք մի քանիսն են:

Նախ, Ժառանգությունը միակ կուսակցությունն էր, որ պատրաստ էր հնարավորություն ընձեռել քաղաքական դաշտ այլընտրանքային տեսակետներ բերելու: Ցանկացած այլընտրանք սովորաբար հարստացնում է որոշումներ կայացնելու գործընթացը: Շատ կարեւոր է կարողանալ լսել այնպիսի տեսակետներ, որոնք հակասում են քո համոզվածությանը: Սա շատ բարդ գործընթաց է, սակայն առավել բարդ է փորձել համատեղել առկա այլընտրանքները քո սեփական տեսակետի հետ, ջանալ գտնել այնպիսի ուղի կամ լուծում, որն ավելի ընդունելի կարող է լինել խնդրի շուրջ առկա կողմերի համար եւ կարող է բավարարել դրանց լայն շահերը: Պլատֆորմը, որն իրականություն դարձավ ներկայացված ցուցակով, ապացույցն է այն բանի, որ Ժառանգությունը պատրաստ է նման մարտահրավերի:

Երկրորդ, կուսակցության ակտիվ գործիչներից շատերը եւ ես գործունեության միեւնույն ոլորտից ենք սերում` վերլուծական կենտրոններ եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներ: Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի. մեր կենտրոնների փորձագետները մասնակցել են միմյանց գրեթե բոլոր միջոցառումներին, եւ այս ընթացքում իսկապես ձեւավորել են համագործակցային գործնական կապեր: Մեզ հաջողվել է ստեղծել առողջ մրցակցություն, որը նույնպես շատ կարեւոր է:

Կցանկանայի նշել նաեւ, որ ՄԶՄԿ միջոցառումներին մասնակցել են ներկայացուցիչներ գրեթե բոլոր կուսակցություններից, անկախ փորձագետներ, ընդդեմ եւ քննադատող տեսակետներ ունեցողներ, եւ կենտրոնի մոտեցումը միշտ նույնն է եղել. դռները բացել յուրաքանչյուրի համար, ով պատրաստ է այլընտրանք ու կարծիք առաջարկել: Մենք միշտ կարեւորել ենք երկխոսության անհրաժեշտությունն անկախ այն հանգամանքից, թե ովքեր են երկխոսության կողմերը՝ հասարակական, թե պետական ինստիտուտներ: Այս հարցում եւս չկա որեւէ հակասություն: Ընդհակառակը, մեր սկզբունքայնության ապացույցն է մեր կարողությունը՝ համագործակցել բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական կառույցների հետ: Ընդհանրապես, վերլուծական կենտրոնի խնդիրը ոչ միայն խոսելը կամ գրելն է, այլեւ այլընտրանքային տեսակետը որոշում ընդունողներին հասցնելը: Այս հարցում էլ մեր համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել:

Երրորդ, մենք կիսում ենք Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի բազմաթիվ դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-ԵՄ ինտեգրումը եւ Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցությունը արտաքին հարաբերություններում, ազգային պետություն՝ արժեքների տիրույթում եւ ազատական մոտեցումներ՝ տնտեսական հարթությունում: Նույնիսկ միանգամայն չփոխկապակցված հարցում ունենք նմանություններ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես ունենք 5-ական երեխա:

Ընդհանրապես, պետք է միշտ առաջ նայել եւ փորձել թարմ ու նոր քայլեր անել: Եթե մարդ տասնամյակից ավելի նույն բանով է զբաղվում, ու այդ զբաղմունքը գիտությունը չի,  ապա մեր իրականության մեջ ինքը կա՛մ «կանգնեցնում» է նոր սերնդին, կա՛մ իրականում աճելու ձգտումը կորցրած մարդ է: Սա  նույնպես պատճառ հանդիսացավ, որպեսզի ես  նման որոշում կայացնեմ: Եթե նախկին տասը տարիների ընթացքում ես զբաղվել եմ վերլուծությամբ եւ այլընտրանքային քաղաքականության մշակմամբ, ապա հասունացել է ժամանակը փորձելու մասնակցել նաեւ որոշումների կայացման գործընթացին, օժանդակելու, որպեսզի շատ ավելի լայն շրջանակների տեսակետներ քննարկվեն որոշումներ կայացնելիս:

Եթե մարդիկ իսկապես կուսակցություններին անդամակցում են, որովհետեւ կիսում են դրա արժեքային համակարգի հիմնարար դրույթները, ապա էական է դառնում թիմի, կուսակցության շահը: Կարեւորն աշխատանքն է այդ թիմում, ոչ թե տեղը, որն զբաղեցնում ես: Իրականում, Ժառանգության իրական նվիրյալներն իրենց իսկ օրինակով ապացուցում են այս դրույթը: Համեմատելով ցուցակները՝ կարելի է ասել, որ Ժառանգությունը ոչ թե ֆունկցիոնալ հիերարխիայի կուսակցություն է, այլ թիմ, որն իրականացնում է հորիզոնական առաջնորդություն՝ համագործակցելով եւ անընդհատ փնտրելով լայն հորիզոններ: Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կկարողանան թոթափել սովետական մտածելակերպը եւ կընկալեն, որ եկել է իրական ժողովրդավարության ժամանակը, կհասկանան, որ հպարտությունը ոչ թե ԱԺ-ում պատգամավորի մանդատ ստանալն է, այլ համագործակցությունը՝ տեսլականին հասնելու համար: Այս դեպքում նրանք կկարողանան գնահատել Ժառանգության մոտեցումը եւ իրենց վստահությունն ու քվեն կտան այս կուսակցությանը: Սա է լինելու Ժառանգության հաղթանակի գրավականը եւ ապացույցը, որ այն շատ ավելի մեծ տեղ ունի, քան շատերը պատկերացնում են: Իսկ Ժառանգության համակիրները պետք է իրենց վստահությամբ եւ քվեով ապացուցեն, որ որոշիչ մեծամասնության հասնելը իսկապես հնարավոր է:

Ժառանգությունն իր քայլերով ապացուցել է, որ նախաձեռնող, կենդանի, նորաշունչ կառույց է եւ ունակ է վստահաբար առաջ գնալու, նորը ներդնելու, փոփոխելու: Փոփոխության իրականացումն իսկապես հզոր կառույցների եւ հզոր թիմերի ունակություն է:

Մենք դա կարող ենք անել ու կգնանք Դեպի Նոր Հայաստան:

ՄԶՄԿ-ում եւ Հայկական ատլանտյան ասոցիացիայում իմ հետագա կարգավիճակը կլինի օրենքի տառին համապատասխան: Իմ նոր դիրքորոշումը ոչ թե պիտի խանգարի կենտրոնների գործունեությանը, այլ ընդհակառակը` նոր հնարավորություններ պիտի ընձեռի լսված լինելու համար: Ես մնում եմ ՄԶՄԿ-ի նվիրյալը, իսկ պատգամավորի մանդատ ստանալու դեպքում՝ պատիվ եմ համարելու թիմային աշխատանքը Ազգային Ժողովում:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին