Առաջարկ ՀՀ նախագահին` հարց ուղղեք Իլհամ [Ռամիլ] Ալիեւին - Mediamax.am

Առաջարկ ՀՀ նախագահին` հարց ուղղեք Իլհամ [Ռամիլ] Ալիեւին
21680 դիտում

Առաջարկ ՀՀ նախագահին` հարց ուղղեք Իլհամ [Ռամիլ] Ալիեւին


Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, եւ այդ օրվանից ի վեր չեն դադարում քննարկումներն այն մասին, թե ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա ԼՂ բանակցային գործընթացի վրա եւ ի՞նչ հնարավար փոփոխություններ պետք է անի իր դիրքորոշման մեջ պաշտոնական Երեւանը:

Օրինակ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գտնում է, որ հիմա հարմար պահն է փոխել շեշտադրումները եւ կենտրոնանալ ԼՂՀ ինքնորոշված լինելու փաստը ամրագրելու վրա: Պարոն Օսկանյանը չի մանրամասնել` դա պետք է արվի՞ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման միջոցով, ինչպես վերջին օրերին առաջարկում են շատերը, թե՞ այլ եղանակներով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, այս շաբաթ հայտնեց, որ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս գալու մտադրություն չունի եւ հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է մերժում միջնորդ-երկրների բոլոր առաջարկները:

Իրականում ԼՂ բանակցային գործընթացը փաստացի սառեցված վիճակում է գտնվում ավելի քան մեկ տարի: Նրանից հետո, երբ նախորդ տարվա ամռանը Կազանում Ադրբեջանը ետ կանգնեց ձեռք բերված պայմանավորվածություններից, համանախագահները, ըստ էության, ակտիվ միջնորդություն չեն անում` ջանքերը կենտրոնացնելով գործընթացը քիչ թե շատ «կենդանի» վիճակում պահելու համար: Նույնիսկ մինչեւ Սաֆարովի ազատ արձակումը գործընթացում առաջընթաց արձանագրելու մեծ հույսեր չկային, իսկ այսօր դրանց առկայության մասին կարող են խոսել միայն անուղղելի լավատեսները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ անուղղակի կերպով կշտամբեց միջազգային հանրությանը, ասելով որ Սաֆարովի ներման պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ միջազգային տարբեր կառույցներ «քաղաքական կոռեկտություն» են դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ ու անընդհատ հավասարության նշան դնում կողմերի միջեւ:

Մեծ հույսեր չկան, որ միջազգային դերակատարները կխախտեն «քաղաքական կոռեկտությունը», ուստի ՀՀ նախագահին առաջարկում եմ դա անել ինքնուրույն: Ինչպե՞ս:

Հայաստանը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում նախաձեռնի: Յուրաքանչյուր նման հանդիպման առաջին 1-2 րոպեները բաց են լրագրողների համար` արարողակարգային նկարահանման համար: Սովորաբար այդ ընթացքում նախագահները եւ միջնորդները քաղաքավարի ժպիտներով խոսում են ոչնչի մասին` «ինչպե՞ս եք», «այսօր լավ եղանակ է» եւ այլն:

Առաջարկում եմ ՀՀ նախագահին խախտել այդ ավանդույթը եւ հանդիպման հենց արարողակարգային նկարահանման պահին հարց ուղղել Իլհամ Ալիեւին.

- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք քնում նրանից հետո, երբ ազատություն շնորհեցիք մարդասպանին, ով քնած մարդուն կացնով 16 հարված հասցրեց:

Եվ թող Իլհամ [Ռամիլ] Ալիեւը պատասխանի այդ հարցին` տեսախցիկների առջեւ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին