Ինչո՞ւ վճռական չենք - Mediamax.am

Ինչո՞ւ վճռական չենք
14544 դիտում

Ինչո՞ւ վճռական չենք


«Հասարակական կարծիք գոյություն չունի»*

Երեկ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը ներկայացրեց «Կովկասյան բարոմետր» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք արտացոլում են քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումների հանրային ընկալումը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

Ուզում եմ կիսվել հետազոտության որոշ արդյունքներով, որոնք իսկապես մտահոգվելու տեղիք են տալիս:

Ճիշտ է, շատերը չեն վստահում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, բայց, կարծում եմ, հասարակական տրամադրությունները բացահայտելու գործում ստացված արդյունքների հավաստիության չափանիշ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, թե որքանով են դրանք հաստատում բոլորիս հայտնի իրողությունները: Միաժամանակ, չի կարելի թերագնահատել նման հարցումների մեթոդաբանության եւ դրանց որակի ստուգման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկման ժամանակ հարց հնչեց, թե նման հարցումների արդյունքներին տեղեկանում են պատկան մարմինները եւ փորձում են արդյո՞ք համապատասխան քաղաքականություն մշակել արդյունքների հիման վրա: Դրա անհրաժեշտությունն իսկապես կա, քանի որ հարցումները, որոշ դեպքերում, որքան էլ հակասական թվան, վեր են հանում հասարակական տրամադրությունները:

Տվյալ պարագայում, հետազոտությունն իրականացվել է 2300 տնային տնտեսությունների չափահաս անդամների շրջանում: Սա փոքր թիվ չէ, եւ այս ընտրանքը բավականին ներկայացուցչական է մեր բնակչության համար:

Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ մենք` հայերս, գործազուրկ եւ աղքատ ենք, ունենք քիչ խնայողություններ եւ շատ պարտքեր, առաջին իսկ հնարավորության դեպքում մեզանից շատերը կլքեն Հայաստանը, քննադատում ենք երկրի  նախագահին, կառավարությանը եւ տարվող քաղաքականությունը, բացի եկեղեցուց եւ բանակից չենք վստահում գործող եւ ոչ մի հասարակական ինստիտուտի, ի տարբերություն հարեւան Ադրբեջանի, չլուծված տարածաշրջանային կոնֆլիկտը երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից չենք համարում, իսկ երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերում վճռական չենք:

Ինչո՞ւ վճռական չենք, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ նման կարծիքներ կարող ենք ունենալ.



Իսկ ադրբեջանցիների պատասխաններից եզրակացնում ենք, որ նրանց տեսակետն այս հարցում միանշանակ է.



Հասկանում եմ, որ ի վերջո, ատելության մակարդակով չէ, որ պետք է մրցակցենք ադրբեջանցիների հետ, բայց մի՞թե մենք չգիտենք կամ վերջնականապես չենք կողմնորոշվել` հիմնախնդրի ինչպիսի լուծումը լավ կլինի մեզ համար:

Ադրբեջանցիների միաձայն պատասխանները վկայում են կայուն հասարակական կարծիքի եւ միանշանակ մոտեցումների մասին:  Օրինակ, այն հարցին, թե հավանություն տալիս եք, երբ ձեր ազգակիցները բիզնես են անում այլ ազգի ներկայացուցիչների հետ, «հայեր» պատասխանի դեպքում հարցվածների 99%-ը դեմ է արտահայտվել` ընտրելով «ոչ» պատասխանը:  Իսկ մեզ մոտ հարցվածների 32%-ը պատրաստ են բիզնես սկսել իրենց երեսը տեսնել չուզեցող ադրբեջանցիների հետ:

Թերեւս, հուսադրող է այն, որ մենք ավելի ազատ ենք մեզ հուզող տնտեսական եւ քաղաքական եւ այլ խնդիրները բարձրաձայնելու գործում, քան հարեւան երկրների ժողովուրդները: «Իրավունք ունեք ազատ ասելու այն, ինչ մտածում եք» հարցին դրական պատասխան են տվել հայերի`63, ադրբեջանցիների 45 եւ վրացիների 56%-ը:

Չգիտեմ` արդյո՞ք վերոնշյալ հանգամանքով է պայմանավորված, թե` ոչ, բայց մենք ավելի երջանիկ ենք, քան Ադրբեջանի բնակիչները: 10 բալանոց սանդղակով մեր երջանկության մակարդակը 6.6 ենք գնահատել:  Իհարկե, այս ցուցանիշով վրացիներին չենք գերազանցի (երջանկության մակարդակը` 6.9), երեւի թե այն պատճառով, որ վերջին 12 ամիսների ընթացքում նրանցից եւ ոչ մեկը կաշառք չի տրամադրել որեւէ ծառայության կամ հատուկ վերաբերմունք ստանալու համար:

* Պիեր Բուրդյե` ֆրանսիացի փիլիսոփա եւ սոցիոլոգ, այսպես է վերնագրել իր գիտական հոդվածներից մեկը:

Մարիամ Մանոյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ վճռական չենք

Մի վատնեք իմ ժամանակը

Ի՞նչ գեյ պարադ
Մեր ընտրանին