Ֆուկույաման եւ երեւանյան ձյունը - Mediamax.am

Ֆուկույաման եւ երեւանյան ձյունը
10465 դիտում

Ֆուկույաման եւ երեւանյան ձյունը


Այսօր առավոտյան հիշեցի Ֆրենսիս Ֆուկույամայի «Մեծ ճեղքում» (The Great Disruption) գրքում նկարագրված մի պատմության մասին։ Իրադարձությունը, որը նկարագրվում է դրանում, տեղի է ունենում Ֆուկույամայի տնից ոչ այնքան հեռու եւ այդ իսկ պատճառով նա դրա, կարելի է ասել, ամենօրյա ականատեսն է։

Վիրջինիա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Բլենդ եւ Օլդ-Քին-Միլ փողոցների հատման հատվածում ամեն առավոտ մարդկանց հերթ է առաջանում։ Այն սպասում է հերթական ավտոմեքենային, որը կանգնում է սպասող մարդկանց դիմաց, նրանցից 2-ին կամ 3-ին վերցնում է իր հետ եւ 95-րդ խճուղով շարժվում դեպի Կոլումբիայի շրջան։ Հետաքրքիրն այն է, որ ավտոմեքենա նստող ուղեւորները եւ վարորդները իրար չեն ճանաչում եւ նրանց համախմբում է միայն մեկ բան. նրանք երթեւեկում են նույն ուղղությամբ։

Այս ավանդույթն առաջացել է 1973-ին նավթային ճգնաժամի արդյունքում։ Իշխանությունները, որպեսզի խուսափեն 95-րդ խճուղու ծանրաբեռնվածությունից եւ մեղմեն բենզինի դեֆիցիտի հետեւանքները, որոշում են ընդունել «ծանրաբեռնված մեքենաների» մասին, համաձայն որի 95-րդ խճուղով ընթացող ավտոմեքենաներում պետք է լինի առնվազն 3 ուղեւոր։ Արդյունքում Կոլումբիա ուղեւորվող քաղաքացիները ստիպված են եղել ոչ ֆորմալ պայմանավորվածության գալ. ամեն առավոտ վարորդները պետք է «լցնեն» իրենց մեքենաները այլ ուղեւորներով։

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ 1973-ից հետո, երբ ճգնաժամն ավարտվեց եւ իշխանությունների որոշումը իր ուժը կորցրեց, ավանդույթը չվերացավ։ Այն պատճառով, որ ճգնաժամի ժամանակ մարդկանց մոտ առաջացավ ըմբռնում, որ համատեղ ուղեւորությունները ճիշտ են եւ տնտեսապես շահավետ. այսօր ես եմ օգնում հարեւանիս, վաղը նա կօգնի ինձ։ Սա «սոցիալական կապիտալի» առկայության վառ եւ փայլուն օրինակ է, որը անմիջականորեն ձեւավորվում է հանրային վստահության եւ փոխգործակցության արդյունքում։

Գրեթե նույնպիսի ավանդույթ կա Իրանում։ Մարդիկ, որոնք եղել են Թեհրանում, նկատած կլինեն, որ տաքսու վարորդները ուղեւորին միշտ հարցնում են. «միգուցե՞ այս մարդուն էլ վերցնենք»։ Ասել, որ Իրանում գործ ունենք միայն տաքսիստների տնտեսական շահագրգռվածության հետ, սխալ է, քանի որ հերթական ուղեւորի առկայությունն ավտոմեքենայում գրեթե կիսով չափ նվազեցնում է այն գումարը, որը տաքսու վարորդը գանձում է քեզանից։ 3000 թումանի փոխարեն, նա վերցնում է 1500 կամ 2000 թուման։

Սակայն կհարցնեք, թե ինչու՞ եմ այս ամենը պատմում։ Այն պատճառով, որ Երեւանում տեղացող ձյունը գրեթե ամեն անգամ ինձ հիշեցնում է Ֆուկույամայի եւ իրանական փորձիս օրինակները։ Ինչպես եւ այսօր, երբ մոտ կես ժամ փողոցում փորձում էի տաքսի կանգնեցնել, որոնք բոլորը զբաղված էին։ Դրանցից միայն մի քանիսում նստած էին 2 եւ ավել ուղեւորներ, իսկ մնացածում վարորդից բացի կար միայն 1 հոգի։ Չնայած նրան որ ձյուն է, եւ Երեւանը հերթական անգամ մխրճվել է տրանսպորտային կոլապսի մեջ, ոչ մի ավտոմեքենա չկանգնեց եւ չառաջարկեց ոչ ինձ, ոչ էլ այլ տաքսի սպասող մեկին կիսել ճանապարհորդությունը։

Այս երեւույթը, իմ խորին համոզմամբ, նույնպես «սոցիալական կապիտալին» եւ «հանրային վստահությանը» վերաբերող լավ օրինակ է։ Ոչ թե դրանց բացակայության, այլ շատ ցածր մակարդակի։ Օրինակ, որը շատ ավելի իրական է եւ խոսուն, քան «ազգային միասնություն», «մեկ ազգ, մեկ մշակույթ», «բոլորս մեկ մարդու նման» եւ շատ այլ գեղեցիկ, բայց իրականության հետ քիչ աղերսներ ունեցող կատեգորիաները։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին