Ինչպես «տարան» հորս - Mediamax.am

 Ինչպես «տարան» հորս
13835 դիտում

Ինչպես «տարան» հորս


Ուրախությամբ կարդում եմ Մեդիամաքս-ի «Շարժում 1988/25» նախագծի նյութերը, որտեղ 1988-ի շարժման հեղինակներն ու մասնակիցներն իրենց հիշողություններն են պատմում Ղարաբաղյան շարժման սկզբի վերաբերյալ: Ակամա իմ մեջ էլ արթնացան հիշողություններ, որոնք շատ թանկ են ինձ համար, ու պետք է խոստովանեմ, որ երջանիկ եմ այդ իրադարձությունների ոչ թե կողքով, այլ միջով անցնելու համար:

Ի տարբերություն շատերի, Հայաստանի անկախության համար պայքարը մեր տանը սկսվել էր ոչ թե 1988-ից, այլ 1968-ից, երբ հայրս՝ այդ ժամանակ դեռեւս 18 տարեկան Աշոտ Նավասարդյանը, անդամագրվել էր ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությանը, դարձել նրա երդվյալ անդամը եւ իր գաղափարների համար երեք անգամ դատապարտվել ազատազրկման:     


Աշոտ Նավասարդյանը կալանավայրում , 1969թ.:

Հիմա արդեն շատերը գիտեն նրա անցած ճանապարհը, ուստի ես ուզում եմ պատմել հորս հետ կապված իմ անձնական հիշողությունների մասին:

Նրան երրորդ անգամ միեւնույն՝ «Հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա» մեղադրանքով ձերբակալեցին իմ ծննդյան 3-ամյակից չորս օր հետո՝ 1981-ի փետրվարի 25-ին: Փոքր քույրս՝ Արուսյակը (հիմա միջնեկը) ընդամենը 8 ամսական էր: Թե ինչ էր կատարվում այդ օրերին մեր տանը, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց զարմանալիորեն հիշում եմ մի դիպված, որը, թերեւս, ելնելով տարիքիցս պիտի որ չհիշեի, բայց երեւի մեծ ազդեցություն է վրաս թողել եւ տպավորվել հիշողությանս մեջ (երբ մորս պատմեցի, որ նման բան եմ հիշում՝ զարմացավ):

Հորս դատավարությունն արդեն եղել էր, եւ սեպտեմբերին նրան վերը նշված հոդվածով որակելով իբրեւ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ՝ պիտի ուղարկեին համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Պերմում: Մայրս, հորաքույրս, որի ամուսինը՝ Ազատ Արշակյանը նույնպես դատապարտվել էր նույն գործով, մի քանի այլ հարազատներ հավաքվել էին ՊԱԿ-ի դռների մոտ, չգիտեմ՝ տեսակցության, թե սնունդ ու հագուստ տալու ակնկալիքով: Մեզ մոտեցավ ՊԱԿ-ի աշխատակիցներից մեկը Ջիվանյան ազգանունով (հետո իմացա, որ հորս գործով քննիչներից էր), գրկեց ինձ, բռնեց հորաքրոջս տղայի՝ Պարույրի (անունը դրել էին Հայրիկյանի պատվին) ձեռքը եւ մեզ ներս տարավ: Հիշում եմ, որ մտանք ինչ-որ դահլիճ, ամենայն հավանականությամբ՝ նիստերի դահլիճն էր: Հայրս նստած էր հենց այն դռների դիմաց, որից ներս մտանք, ու մինչեւ հորս հասնելը (մոտավորոպես 10-15 քայլ) Ջիվանյանն աչքերն առանց հորիցս կտրելու, կարծես դիտմամբ, մի քանի անգամ համբուրեց այտս: Յուրաքանչյուր համբույրից հետո ես տհաճությամբ մաքրում էի այտս թեւով ու զարմանում, թե ինչու հայրս չի մոտենում ինձ: Ի վերջո, նրան թույլատրեցին գրկել ինձ ու համբուրել…


Աշոտ Նավասարդյանի դիմումը ՊԱԿ-ի ղեկավարությանը:

Մայրս պատմում էր, որ հորս հեռանալուց հետո լուրջ հիվանդացել եմ: Հետազոտությունները որեւէ հիմնավոր պատճառ չեն հայտնաբերել: Եվ միայն շաբաթներ անց մանկաբույժներից մեկն ինչ-որ բան կռահել է եւ հարցրել. «Գուցե ընտանիքի անդամներից մեկը հեռո՞ւ է, եւ երեխան շատ կարոտում է»:

Հնարավոր է, որ հենց դրանով էր պայմանավորված, որ երբ մեկ տարի անց հայրս ստացավ առաջին տեսակցության հնարավորությունը, մայրս ինձ էլ տարավ հեռավոր Պերմի մարզ: Այդ տեսակցության եւ մյուս հուշերս կներկայացնեմ հաջորդիվ:

Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին