Հայաստանն ու Ադրբեջանը նորից հին երգն են երգում - Mediamax.am

Հայաստանն ու Ադրբեջանը նորից հին երգն են երգում
5681 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը նորից հին երգն են երգում


Դիվանագիտության մեջ պահն ամեն ինչ է: Այդ ակնհայտ ճշմարտությունը կրկին միտքս եկավ Քի Ուեսթում բանակցությունների 10-ամյակի նախաշեմին, երբ ԱՄՆ-ը ձեռնարկեց իր ամենահամառ փորձը լուծելու Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը. բարձրադիր հողակտոր Հարավային Կովկասում, որի համար երկու երկրները վաղուց պատերազմում են: Սակայն խոստումնալից մեկնարկից հետո ամեն ինչ հօդս ցնդեց: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը (ում հետագայում այդ պաշտոնում փոխարինեց որդին) առողջական խնդիրներ ուներ եւ սկսեց հետ կանգնել խաղաղ ծրագրից Բաքու վերադառնալուց անմիջապես հետո: Երկու առաջնորդներն էլ ոչինչ չարեցին, որպեսզի իրենց հասարակությանը պատրաստեն այն մեծ փոխզիջումներին, որոնց շուրջ նրանք բանակցում էին:

Մարտի 28-ին Քերի Կավանոն` Քի Ուեսթում Ամերիկայի գլխավոր բանագնացը, Վաշինգտոնի Կարնեգիի կենտրոնում իմ ներկայությամբ պատմեց այն բանակցությունների մասին: Կավանոն պնդում էր, որ այն ժամանակ Ղարաբաղում խաղաղության հասնելու հանգամանքներն ավելի բարենպաստ էին, քան այսօր: Երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի եւ տարեց Հեյդար Ալիեւի միջեւ ձեւավորվել էին աշխատանքային լավ հարաբերություններ: Նրանք քննարկում էին ծրագրի ուրվագծերը, որը մշակվել էր նրանց կողմից, այլ ոչ թե ներկայացվել կողքից: Այդ ժամանակ չկար «մրցակցող միջազգային ճգնաժամ», եւ ավելի հեշտ էր միջոցներ գտնել հետհակամարտային կարգավորման համար:

2011 թվին մենք ականատես ենք դառնում փակուղու: Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս նախագահները փորձում են ժամանակ շահել եւ խուսափել համաձայնագրի ստորագրումից, որի ուրվագիծն առկա է շուրջ 6 տարի. հայկական ուժերի աստիճանական դուրսբերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից` հետագայում հանրաքվեի անցկացման խոստումի դիմաց: Պատճառն այն է, որ կողմերը վախենում են փոխզիջումներից, կամ չեն ցանկանում դրանք, քանզի դրանք պարունակում են բազմաթիվ ռիսկեր նրանց համար:

Եթե Քի Ուեսթը Ղարաբաղի համար բաց թողնված «Դեյթոնյան պահ» էր, ապա տարբերությունները ուսանելի են: Դեյթոնյան խաղաղությունը Բոսնիայի համար գործուն դարձնելու համար Ռիչարդ Հոլբրուքն իր տնօրինության տակ ուներ բազմաթիվ գործիքներ, որոնք ղարաբաղյան հակամարտության միջնորդները չունեն:

Այդպիսի գործիքներից մեկը Բոսնիայի շուրջ մեծ հրապարակայնությունն էր: Կոտորածը Սրեբրեննիցայում եւ Սարաեւոյի շուկայի վրա հրթիռային հարձակումները զոհերին փրկելու համար հեռուստատեսային «փրայմ-թայմ» շատ ուշ , սակայն ճիշտ ժամանակին հասարակական կարծիքի մոբիլիզացման համար: Համեմատեք դա Կովկասում տեղի ունեցած պատերազմի հետ, որը մարդկանց մեծ մասը չի կարող ցույց տալ քարտեզի վրա, եւ որտեղ ծավալուն ռազմական գործողությունները դադարեցվել են 1994թ. հրադադարի մասին համաձայնագրով: Ղարաբաղյան հակամարտությունը շատերը սխալմամբ անվանում են «սառեցված»: Դա անտեսում է այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ հայ եւ ադրբեջանցի զինվորներ ամեն տարի զոհվում են շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետեւանքով: Սակայն դա քնած հրաբուխ է, այլ ոչ թե ժայթքող իրադարձություն, որը իր նկատմամբ ուշադրություն է գրավում:

Ռիչարդ Հոլբրուքը նաեւ ունակ գտնվեց մոբիլիզացնել միջազգային ուշադրությունը Բոսնիայի համար միջոցների ներգրավման ուղղությամբ: Իհարկե դրանք, նույնիսկ սկզբում, ամերիկյան ռեսուրսներ չէին: Եվրոպական Միությունը գանձապահ դարձավ եվրոպական հետհակամարտային կարգավորման համար: Միացյալ Նահանգները զորք ուղարկեցից Բոսնիա, սակայն բազմակողմ առաքելության կազմում: Նույնիսկ այդ պայմաններում Հոլբրուքն իր հուշերում նկարագրում էր «Պատերազմի ավարտը», մինչ ԱՄՆ առնվազն երկու պաշտոնյա նրան ասում էին, որ «իրենք շահ չունեն այդ պայքարում»: Նա կռվում էր Վաշինգտոնի պաշտոնյաների դեմ` հետդեյթոնյան խաղաղություն պարտադրելու համար բավականին ուժեղ միջազգային մանդատ ստանալու նպատակով: Կրկին համեմատենք Ղարաբաղի հետհակամարտային կարգավորման հետ: Ներկայումս 110 մղոն երկարություն ունեցող շփման գիծը՝ ամեն կողմից ավելի քան 20 000 զորքով, վերահսկվում է ԵԱՀԿ ընդամենը վեց անզեն դիտորդների կողմից: Հայաստանն ու Ադրբեջանը չեն գտնվում ինչ-որ մեկի «հետնաբակում», ոչ մեկի ռազմավարական առաջնահերթությունը չեն` նույնիսկ Ռուսաստանի: Եվ շատ ավելի դժվար կլինի միջոցներ ստանալ խաղաղ համաձայնագրի կայունության ապահովման համար:

Երրորդ համեմատությունն առավել հետաքրքիր է: ԱՄՆ-ը, ըստ էության, ռազմավարական շահ չուներ Արեւմտյան Բալկաններում: Համեմատեք Ղարաբաղի հետ: Վրաստանի եւ Ռուսաստանի հակամարտային գոտին հյուսիսում, Թուրքիան արեւմուտքում եւ Իրանը հարավում, ներառյալ Իրանի ու ադրբեջանական դատարկ տարածքների միջեւ չվերահսկվող սահմանի խնդրահարույց երկար հատվածը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է շփման գծից ընդամենը 12 մղոն դեպի հյուսիս հեռավորության վրա: Ադրբեջանը տարանցման առանցքային կետն է Աֆղանստան զորքերի տեղափոխման համար: Բացի այդ, ԱՄՆ-ում հայկական համայնքը քաղաքականապես ամենահզորներից մեկն է Վաշինգտոնում:

Այլ կերպ ասած, այդ հակամարտությունը ԱՄՆ-ի համար ունի ռազմավարական ավելի մեծ նշանակություն, քան երբեւէ ուներ Բոսնիան: Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի երկկողմ հետաքրքրությունները այն հանգամանքներն են, որոնք կարող են հանգեցնել ավելի վճռական քայլերի, որպեսզի դիմադրող նախագահները համաձայնության հասնեն: Վաշինգտոնում հայկական եւ ադրբեջանական լոբբիի «զենքի» պտույտը խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե միմյանց դեմ, կդառնա գործի կեսը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Թոմաս դե Վաալը Կարնեգի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտողն է: Մեկնաբանությունը գրվել է “National Interest” ամսագրի էլեկտրոնային տարբերակի «Հոդվածներ» բաժնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին