Ղարաբաղյան շարժումն ու ԱՄԿ-ականները - Mediamax.am

Ղարաբաղյան շարժումն ու ԱՄԿ-ականները
12908 դիտում

Ղարաբաղյան շարժումն ու ԱՄԿ-ականները


Մի քանի ամիս տեւեց, մինչեւ հայրս ինտեգրվեց ընտանիքին, շրջապատին, հասարակությանը: 7 տարին քիչ չէր իրականությունից  դուրս մնալու համար: Ինչպես արդեն գրել էի նախորդ սյունակում, երբ հայրս վերադարձավ, ես արդեն 4-րդ դասարանում էի սովորում, Արուսը՝ 1-ին, իսկ մայրս մի քանի տեղ աշխատող, կայացած կին էր, ու հայրս պետք է մեծ ջանքեր գործադրեր՝ իր ուրույն  տեղն ու դերը  գրավելու ընտանիքում, որոնց մասին գոնե մենք՝ երեխաներս պատկերացում գրեթե չունեինք: Դե, իհարկե, արդեն ասել եմ, որ մորս համար հայրս բարձր արժեք էր (եւ է), ուստի մենք էլ սկսեցինք քիչ-քիչ հարմարվել նրա ներկայությանը մեր կյանքում: Դա այնքան էլ երկար ժամանակ չպահանջեց, քանի որ հայրս էլ ջանք չէր խնայում՝ լրացնելու բաց թողնվածը: Մինչ աշխատանքի տեղավորվելը առավոտյան մեզ ուղեկցում էր դպրոց, ապա՝ դիմավորում, ստիպում էր մեզ առողջ սնունդ ընդունել՝ կաթնաշոռ, թթվասեր (որոնք ես սարսափելի չէի սիրում) եւ օգնում էր դասերը պատրաստել: Պիտի նշեմ, որ հայրս բացառիկ գրագետ մարդ էր, թեեւ հնարավորություն չէր ունեցել բարձրագույն կրթություն ստանալու (ինչպես գիտեք, առաջին անգամ ձերբակալվել է 18 տարեկան հասակում), խոսում էր գրական հայերենով եւ հաճախ բարկանում էր  մեր երբեմն օգտագործած խոսակցական բառերի համար: Ուզում եմ մի հետաքրքիր դեպք պատմել, որ դաջվել է հիշողությունս մեջ:


Աշոտ Նավասարդյանը արտադրամասում

Վերադառնալուց եւ աշխատանքի տեղավորվելուց մի քանի ամիս հետո հայրս ձեռնամուխ եղավ մի փոքրիկ արտադրամասի ստեղծմանը, որտեղ պիտի հաստոցներ արտադրեին: Արտադրամասը, որին մենք կոոպերատիվ էինք անվանում, գտնվում էր մեր բակում (այն, իհարկե, շատ շուտով հրաձգարանի վերածվեց, որտեղ տղաները պատերազմի տարիներին կրակել էին սովորում ): Մի օր մի պատվիրատու եկավ հաստոց պատվիրելու: Ելնելով հագուկապից եւ գրագետ խոսքից՝ երեւում էր, որ մարդը քաղաքակիրթ, գրագետ մարդ է: Նա հորս բացատրեց, թե ինչ է ուզում, բայց, տեսնելով հորս բանվորական, աշխատանքային հագուստով, մտածեց, որ որոշ տերմիններ եւ դետալների գրական անվանումներ հայրս չի հասկանա, փորձեց դրանք խոսակցական, կիսառուսերեն-կիսահայերեն անուններով ներկայացնել, որից հայրս մի տեսակ լարվեց, բայց հանգիստ, ժպիտով պատասխանեց. “Ես շատ լավ եմ հասկանում հայերեն, բացատրելու կարիք  չկա”:

Պատվիրատուն անակնկալի եկավ  հորս արձագանքից ու խոսքը շարունակեց բացառապես գրական հայերենով: Հետագայում նրանք ընկերացան, մտերմացան ու սկսեցին իրենց զրույցները վարել այլ ոլորտի՝ քաղաքական, ազգային  հարցերի շուրջ: Հայրս գերազանց տիրապետում էր նաեւ ռուսերենին եւ անգլերենին: Կես կատակ , կես լուրջ ասում էր. “Ես ճամբարային դպրոց եմ անցել, որը շատ ավելի բարձր է, քան ցանկացած ԲՈՒՀ”: Հորս հետ նույն խցում իրենց պատիժն են կրել ուկրաինացի, էստոնացի, լիտվացի, ինչպես նաեւ ռուս ազգայնական մտավորականներ՝ գրողներ, գիտնականներ (այս մարդկանց մեծ մասին ազատվելուց հետո իրենց երկրներում ազգային հերոսի կոչում են շնորհել, իսկ մեզ մոտ այսօր քչերը գիտեն, որ խորհրդային ճամբարներում թվով ամենաշատը հայ քաղկալանավորներն են եղել): Հայրս նրանցից շատ բան էր սովորել: Երբ բանտից վերադարձավ, իր հետ մի քանի արկղ գիրք էր բերել՝ պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության,  անգլերենի ինքնուսույցներ, եւ այլն: 


Աշոտ Նավասարդյանն ու Պարույր Հայրիկյանը

Մեր մերձեցմանն օգնեց նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք. հաճախ զրուցում էր մեզ հետ, հետաքրքրվում, թե ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ունենք, պատմում էր իր մասին, իր մանկության, մանկական խաղերի եւ անպայման վերջում հարցնում. “Իսկ դուք ինձ հարցեր չունե՞ք”:

Մի խոսքով, ընկերացանք, ջերմացանք, իսկ այդ զգացմունքը կրկնապատկվեց, եռապատկվեց արդեն 1988-ի փետրվարին մեկնարկած Ղարաբաղյան շարժումից հետո, երբ սկսեցինք մեր հորը ճանաչել ոչ միայն իբրեւ ծնողի կամ մեր ընտանիքի ղեկավարի, այլեւ մեզ համար  բացահայտեցինք բոլորովին նոր տեսակ՝ հայրենասեր, ազգային, ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ: 

1988-ին ես ընդամենը 10 տարեկան էի, եւ բնական է՝ դեպքերն ու իրադարձությունները չեմ կարող ճշգրիտ հիշել, այնպես որ հիշողություններս կներկայացնեմ այն ժամանակվա տպավորությունների եւ հետագայում հորս հետ իմ զրույցների ու նրա տպագրված հարցազրույցների համադրմամբ: 
1988-ը, անշուշտ, մեծ իրադարձություն էր, թեեւ հայրս 1991-ին Էդիկ Բաղդասարյանի հեղինակած “2+1” հաղորդման ժամանակ պատմում էր, որ դեռեւս 1985-ին, երբ արդեն սկսվել էր գորբաչովյան վերակառուցումը , կալանավայրի խուց էր եկել մի հայ չեկիստ, որն իր խոսքում ասել էր, որ Հայաստանում կարելի է ղարաբաղյան շարժում սկսել, եւ հայրս վստահ էր, որ այդ շարժումը ղեկավարվում էր Մոսկվայից: Նախ` շարժման կազմակերպիչներն իրեն անծանոթ էին: Մի տեսակ ցայտնոտային վիճակ էր: Խորհրդային տարիներին անկախության, ինքնորոշման եւ Հայ Դատի համար պայքարող գաղտնի կազմակերպությունների որեւէ անդամ շարժման մեջ չկար (համենայն դեպս՝ սկզբում): Այնուամենայնիվ, նրանք չէին կարող անտարբեր մնալ այդ իրադարձության նկատմամբ եւ գրեթե միշտ մասնակցում էին օրեցօր մեծ թափ հավաքող միտինգներին: Մենք էլ ծնողներիս հետ միասին հաճախ էինք լինում միտինգներին: Այնտեղ կարող էիր տեսնել ոչ միայն տարբեր խավերի, մասնագիտությունների, ոլորտների մարդկանց, այլեւ, որ շատ հետաքրքիր է, օպերայի բակի հարակից այգում միտինգին հեռվից հետեւում էին եւ նախկին քաղբանտարկյալները, եւ նրանց ժամանակին հետապնդող Պետական անվտանգության կոմիտեի արդեն թոշակառու աշխատակիցները: Այդպես, օրինակ, մի օր հանդիպեցինք Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից մեկին՝ Հայկազ Խաչատրյանին, իսկ քիչ հեռու՝ այն նույն Ջիվանյանին, որի մասին գրել եմ իմ առաջին սյունակում: Նա արդեն չէր աշխատում ԿԳԲ-ում, ուղղակի եկել էր միտինգին հետեւելու: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հայրս երբեք իրեն հետապնդողների մասին թշնամաբար չէր խոսում՝ նրանց համարելով ընդամենը համակարգի  զոհեր:       

Սկզբում շարժումը Երեւանում բոլորովին այլ ընթացք ու բովանդակություն ուներ: Ցույցերին բնապահպանական բնույթի «Մաքուր օդ Հայաստանին» կարգախոսով  ելույթներ էին հնչում: Սումգայիթյան իրադարձություններից հետո արդեն ժողովրդի ուշադրությունն  ամբողջապես սեւեռված էր Արցախում եւ Ադրբեջանում ծավալվող իրադարձություններին: Բեմահարթակներից Արցախի մայր Հայաստանին վերամիավորվելու, պատմական արդարությունը վերականգնելու կոչեր էին հնչում՝ Մոսկվայի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացրած հետապնդումներին եւ այլն: «Միացում» կարգախոսի հետ մեկտեղ հնչում էր նաեւ «Լենին, պարտիա, Գորբաչով» արտահայտությունը, որից հասկանալի էր դառնում, որ ցուցարարներն իրենց հարցերի լուծումը կապում էին արդեն փլուզման եզրին հայտնված Կոմունիստական կուսակցության եւ նրա ղեկավարության հետ: Այս առիթով մի զավեշտալի պատմություն կա. hերթական միտինգից մետրոյով տուն էինք վերադառնում, ես արդեն քիչ թե շատ գիտեի, թե ինչ գաղափարների համար էր հայրս պայքարել,  ուստի միտինգում լսելով, թե ժողովուրդն ինչպես է «Լենին, պարտիա, Գորբաչով» վանկարկում, ամբողջ ճանապարհին լուռ մտորելուց հետո բարձրաձայն հարցրեցի. “Պապ, ես այդպես էլ չհասկացա, դու Լենինի գաղափարներին դե՞մ էիր, թե՞ կողմ”: Բոլորը շրջվեցին մեր կողմը, հայրս անակնկալի եկավ՝ չիմանալով, թե ինչ պատասխանի: Դա 1988-ի գարնանն էր, եւ ինչպես արդեն ասացի, մեր երկրում դեռեւս վստահ թեւածում էր կոմունիզմի ուրվականը:


Աշոտ Նավասարդյանն ու Աշոտ Աղաբաբյնաը միտինգին

Այդ օրերին մեր տանը հաճախ հավաքվում էին հորս գաղափարակից ընկերները՝ ԱՄԿ անդամներ Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը, Ազատ Արշակյանը, Մեխակ Գաբրիելյանը, ովքեր բանտից մնացած սովորության համաձայն մուգ թեյ (чефир) էին պատրաստում ու ժամերով խոսում երկրում տիրող իրավիճակից եւ իրենց ապագա ծրագրերից: Ի դեպ, այդ թեյի պատրաստումը հատուկ արարողակարգ էր եւ պահանջում էր ժամանակի եւ չափաբաժինների հստակություն, ուստի այն մեզ չէր վստահվում:

Մինչ իր արտաքսումը մեր տանը հաճախ էր լինում նաեւ Պարույր Հայրիկյանը, ով, ի դեպ, ինձ շատ էր սիրում, իսկ իր հեղինակած երգերով ձայներիզը՝ “Եղբորս չքնաղ դուստրերին Պարույր հոբարից” մակագրությամբ պահում եմ մինչ օրս, ավելին՝ անգիր գիտեմ այդ երգերը, որոնցից շատերը ակամա նաեւ իմ երեխաների օրորոցայինը դարձան:

Արդեն ասացի, որ 1988-ին ընդամենը 10 տարեկան էի, ուստի շատ  մանրամասներ չեմ կարող հիշել, միայն նշեմ, որ 1988-ի աշունը մեր ընտանիքում կարեւորվեց շատ հաճելի իրադարձությամբ՝ փոքր քրոջս՝ Անահիտի ծննդով: Անահիտը վերածննդի նման մի իրադարձություն էր հորս համար: Քույրս էլ ավելի ջերմացրեց ընտանիքն ու երջանկացրեց մեզ, թեեւ նրան էլ մեզ նման տրված չէր հանգիստ վայելելու իր մանկությունը եւ, առավել եւս, իր շատ սիրելի հայրիկի ներկայությունը տանը:

Արդեն 1989-ից տղաներն առավել ակտիվ էին մասնակցում քաղաքական իրադարձություններին, բեմահարթակներում առավել համարձակ ելույթներ էին հնչում, Մոսկվան էլ իր ազդեցությունը չէր ուզում թուլացնել եւ ճնշումներ էր գործադրում շարժումը կասեցնելու  նպատակով: Սակայն այն գնալով էլ ավելի մեծ թափ ու որակ էր ստանում, առավել եւս, որ Ադրբեջանում օրեցօր աճում էր հայատյացության սինդրոմը, որն այնտեղ ապրող հայերի եւ սահմանամերձ շրջանների համար մեծ վտանգ էր ներկայացնում: Բացի այդ, արդեն Հայաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին կարծիքներ էին հնչում: Այնպես որ, Անահիտի համար մեծ շշով կաթ էինք վերցնում ու գնում միտինգի: Այդ ընթացքում արդեն հորս շուրջ նվիրյալների մեծ խումբ էր հավաքվել, ընդ որում, ոչ միայն Երեւանից , այլեւ Հայաստանի տարբեր մարզերից, նրանց համար հորս ու իր անկախական ընկերների գաղափարները դարձել էին հոգեհարազատ, ու նրանք էլ պատրաստ էին դրանց կրողը դառնալ:


Աշոտ Նավասարդյանը

Այդ ժամանակ մեր տունը գրասենյակի էր վերածվել, որտեղ գրեթե ամեն օր հավաքվում, խոսում, քննարկում ու ապագա ծրագրերն էին մշակում: Մենք էլ կամա թե ակամա դառնում էինք այդ կարեւոր իրադարձությունների ականատեսը, մասնակիցը. մեր առօրյան շատ էր տարբերվում մեր հասակակիցների առօրյայից: Երբեմն  հյուրասենյակի միջով ննջասենյակ անցնելու համար մի քանի վայրկյան էր պահանջվում ծխախոտի ծխի մեջ կողմնորոշվելու համար: Բայց երբեք մեզնից որեւէ մեկը չէր զգում որեւէ անհարմարություն, ավելին՝ մեզ շատ հաճելի ու հետաքրքիր էր լսել այդ զրույցներն ու քննարկումները: Տղաները կարծես մեր տան անդամներն էին դարձել, նույնիսկ անգիր գիտեինք, թե ով սուրճն ինչպես է խմում, կամ ինչ ուտեստ է նախընտրում:

Նրանք տանտիրոջ իրավունքով արդեն նույնիսկ սառնարանն էին բացում կամ ինքնուրույն ինչ-որ բան պատրաստում ու իրենց խոհարարական հմտությունները ցույց տալիս: Օրինակ, Մոսոն՝ Մովսես Գորգիսյանը, հում մսով տոլմա էր սիրում, ու մինչ մայրս տոլման փաթաթում էր, Մոսոն վրայից արագ-արագ «թռցնում» էր: Մոսոն մեզ համար ավելին էր, քան հորս ընկերը՝ մեր հարազատն էր, մեր եղբայրը կամ հորեղբայրը, որին ընկալում էինք, ինչպես մեր տան անդամը, ու ժպիտով էինք ընդունում նրա բոլոր հետաքրքիր տարօրինակությունները: Բայց կա մի դեպք, որ մինչ օրս դուրս չի գալիս հիշողությունիցս եւ որի համար մայրս մինչ օրս չի կարողանում ինքն իրեն ներել: 89-ի աշունն էր, կարծեմ նոյեմբերը: Մոսոյի կինը՝ Ռուզանը,  որը նույնպես հաճախ էր լինում մեր տանը, մորս հետ մտերմիկ զրույցի ժամանակ մի քիչ տրտնջացել էր, որ շատ է կարոտում Մոսոյին, որը գրեթե տանը չի լինում, կամ շատ ուշ է տուն գալիս: Ու մայրս էլ խնդրել էր նրան հասկանալ իրավիճակը՝ նկատի ունենալով երկրում տիրող իրավիճակը: Բայց ո՞վ, եթե ոչ մայրս, կարող էր հասկանալ ամուսնուն կարոտող կնոջ ցավը: Մի օր, երբ Մոսոն շատ հոգնած մեր տուն եկավ ու սովորականի նման «Հա՛ս ջան, սոված մեռնում եմ. մի բան տուր ուտեմ» ասելով՝ բացեց սառնարանը եւ փորձեց այնտեղից կոմպոտ հանել, մայրս «Ռուզանը քեզ է սպասում ու շատ համեղ ճաշ է պատրաստել» ասելով՝ փակեց սառնարանի դուռն ու թույլ չտվեց որեւէ բան վերցնել: Մոսոն անակնկալի եկավ ու, չհավատալով լսածին, հարցրեց. «Հա՛ս, լու՞րջ ես ասում, ինձ ուտելու բան չե՞ս տալու»: Ու տեսնելով մորս հաստատակամ տրամադրվածությունը՝ շուռ եկավ ու նեղացած ասաց. «Դե տես, Հաս՛, փոշմանելու ես…»:  

Ընդամենը երկու ամիս հետո մայրս պիտի զղջար ու ծանր քարի պես այս դեպքը սրտի խորքում պահեր…

Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին