Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն հնարավոր չէ - Mediamax.am

Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն հնարավոր չէ
12673 դիտում

Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն հնարավոր չէ


Երբ 2008թ. Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, նա շրջանառության մեջ դրեց գիտելիքահեն տնտեսության ստեղծման գաղափարը: Տիգրան Սարգսյանը խոսեց այն մասին, որ իր թիմը պատրաստվում է կառուցել գիտելիքի վրա հիմնված հասարակություն, որն էլ, իր հերթին, պետք է հիմնվի ուժեղ կրթական համակարգի վրա: Հետագա տարիներին Տիգրան Սարգսյանը հաճախ է խոսել գիտելիքահեն տնտեսության ու հասարակության մասին:

Իրականում ավտորիտար ռեժիմում՝ ինչպիսին այսօր Հայաստանն է, հնարավոր չէ գիտելիքահեն տնտեսություն կառուցել: Խնդիրն այն է, որ ավտորիտար ռեժիմում շուկայում «հաղթող» բիզնեսներին որոշում է իշխող ուժը, այլ ոչ թե այդ բիզնեսները մրցակցում են, եւ մրցակցության արդյունքում շուկան որոշում է «հաղթողներին»: Եվ քանի որ իշխանությունն է որոշում, թե շուկայում որ կազմակերպություններն են դոմինանտ դառնալու, ապա այդ կազմակերպությունների համար առաջնային խնդիր է դառնում ոչ թե մրցունակ ապրանքների կամ ծառայությունների արտադրումը, այլ իշխանության շահերից բխող քաղաքական վարքագծի դրսեւորումը:

Նման դեպքերում բիզնեսը շուկայում դոմինանտ դիրքը ստեղծելու համար ոչ թե ներդրումներ է կատարում նորարարական լուծումներով հանդես գալու, առավել մրցունակ ապրանքներ կամ ծառայություններ արտադրելու համար, կամ բարձրացնում կազմակերպության արդյունավետությունը, այլ բիզնեսն իր ներդրումները ուղղում է դեպի այն ինստիտուտներ, որոնց միջոցով կարող է պահպանել իր դիրքը շուկայում:

Այսինքն` Սամվել Ալեքսանյանը կամ Ռուբեն Հայրապետյանը իրենց ֆինանսական միջոցները ոչ թե ներդնում են իրենց բիզնեսի բարելավման կամ արդյունավետության բարձրացման մեջ, այլ ներդնում են ընտրական գործընթացում, որպեսզի Հանրապետական կուսակցությունը վերարտադրվի եւ վերջինս էլ որպես փոխհատուցում այս բիզնեսների համար ապահովում է բարենպաստ պայմաններ շուկայում եւ թույլ չի տալիս, որպեսզի այլ կազմակերպություններ մրցեն նրանց հետ: Հենց այդ ճանապարհով է Սամվել Ալեքսանյանը սկսել Հայաստան ներմուծել շաքարավազի 99 տոկոսը:

Հայաստանում խոշոր կապիտալը ընդհանրապես հետաքրքրված չէ օգտագործելու գիտության կողմից ստեղծած նորարական մտքերը: Խոշոր կապիտալը ոչ թե հետաքրքրված է «ապագան կերտող կադրերով», այլ այն մարդկանցով, ովքեր կարող
են ընտրությունների կեղծման գործընթացին մասնակից դառնալ, որպեսզի ստանան իշխանության աջակցությունը:

Տիգրան Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո էլ շարունակել է աջակցել բիզնեսում մենաշնորհների ստեղծմանը, միեւնույն ժամանակ խոսելով գիտելիքահեն տնտեսության մասին, ինչն իրականում կեղծ պնդում է: Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը թույլ չի տա ստեղծել գիտելիքահեն տնտեսություն: Այդպիսի տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է փոխել համակարգը, սակայն իշխանությունն ամեն ինչ արել է օլիգարխիկ համակարգը ավելի ամրապնդելու համար:

Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին