Սիրիայի հայերին պետք է օգնել - Mediamax.am

Սիրիայի հայերին պետք է օգնել
4260 դիտում

Սիրիայի հայերին պետք է օգնել


Գնալով կարծես առավել ակնհայտ է դառնում, որ Սիրիան ենթարկվելու է ռազմական էքսպանսիայի, ինչը, ի դեպ, վախուց էր կանխատեսելի: Մի կողմ թողելով հարցի բարոյական եւ իրավական կողմերը՝ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն այս պահին ամենաշատն է հուզում մեզ՝ հայերիս: Խոսքը սիրիահայերի փրկության մասին է, քանի որ երկնքից ընկնող ռումբերը ազգություն չեն ճանաչում, եւ օդային հարձակումների դեպքում մարդկային կորուստներն անխուսափելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ “խեղդվողների փրկությունը առաջին հերթին հենց խեղդվողների ձեռքի գործն է”, կարծում եմ, Սիրիայի հայ համայնքը շուտափույթ պետք է էվակուացիայի ծրագիր մշակի եւ սկսի կազմակերպված իրականացնել: Ինչպես ընդունված է պատերազմներում, առաջինը պետք է էվակուացնել կանանց եւ երեխաներին , հետո՝ տարեցներին՝ դուրս բերելով նաեւ առաջին անհրաժեշտության իրերը եւ շարժական գույքը: Դրանից հետո պետք է էվակուացվեն նաեւ տղամարդիկ, իսկ տեղում մնա սահմանափակ թվով մի խումբ, որը կպաշտպանի թալանվելուց հայերի անշարժ գույքը: Դամասկոսի համայնքի համար էվակուացիայի ամենակարճ տարբերակը Լիբանանն է, սակայն կարող են օգտագործվել նաեւ այլ ուղիներ՝ Հորդանան, Իրաք եւ նույնիսկ Թուրքիա, այնուհետեւ՝ Հայաստան:

Իմ կարծիքով, մեր՝ հայաստանցիներիս համար նախապատվելի տարբերակը հենց Հայաստանն է, որտեղ սիրիահայերի անվտանգությունն երաշխավորված է: Սակայն ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել սիրիահայերին Հայաստանը՝ մի երկիր, որի բնակչության առնվազն մեկ երրորդը ծայրահեղ աղքատ է, մի զգալի մասն էլ երջանկությունը փնտրում է օտար ափերում: Փորձենք այս հարցին մոտենալ ռացիոնալ, այլ ոչ թե էմոցիոնալ տեսակետից:

Ներգաղթող անապահով սիրիահայերին առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել՝
1.    բնակարանով
2.    սննդով
3.    ապրուստի նվազագույն պայմաններով
4.    հագուստով:

Հետագայում նաեւ՝ կրթությամբ, փաստաթղթերով, աշխատանքով: Ենթադրում եմ, որ նրանց զգալի մասը որոշ ժամանակ անց կցանկանա լքել Հայաստանը, մի մասը կվերադառնա Սիրիա, մի մասն էլ՝ տնտեսապես ավելի ապահով երկրներ: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, կարեւորը, որ նրանց կյանքին վտանգ չսպառնա:

Այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր. ի՞նչպես հայրենի աղքատ կառավարությունը կարող է օգնություն ցուցաբերել մեր սիրիացի հայրենակիցներին: Նախ ասեմ, որ առաջին քայլերն արված են՝ կրթությունը նրանց տրամադրվում է անվճար, իսկ ՀՀ քաղաքացիությունը տրամադրվում է պարզեցված կարգով եւ շատ արագ: Մնում է լուծել առաջնահերթ խնդիրները, եւ այստեղ կարելի է գտնել մի ոչ ստանդարտ լուծում: Մասնավորապես, կարելի է սիրիահայ ընտանիքների համար վարձել Հայաստանի փոքր քաղաքներում առկա բազմաթիվ անբնակ բնակարանները, որոնց բնակիչները Հայաստանում չեն: Իսկ անվճար սննդի հարցը կարելի է լուծել, ասենք, այդ բնակավայրերում առկա զորամասերի ճաշարանային բազայի հիման վրա (դրանք ունակ են միաժամանակ մեծ թվով մարդկանց կերակրելու), կարելի է նաեւ պարզապես գումար հատկացնել այդ նպատակով: Երրորդ տարբերակն էլ շաբաթական կտրվածքով սննդամթերք տրամադրելն է:

Ինչ վերաբերում է հագուստին, ապա բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների եւ սոցիալական ծառայությունների միջոցով կարելի է կազմակերպել տաք եւ պիտանի հագուստի հավաքագրումն եւ բաշխումը: 

Անհրաժեշտ է առնվազն մեկ տարի վճարել նաեւ այդ մարդկանց սպառած գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար, մինչեւ որ նրանք կկողմնորոշվեն իրենց ապագայի վերաբերյալ: Եվ այստեղ առաջ է գալիս ամենաէական հարցը. ո՞վ եւ ի՞նչ միջոցներով պետք է վճարի այս ամենի համար: Սա շատ բարդ հարց է, բայց այստեղ եւս հնարավոր են լուծումներ: Մասնավորապես, պետության նախաձեռնությամբ կարող է հատուկ հիմնադրամ ստեղծվել, որը կզբաղվի վերոհիշյալ բոլոր հարցերով: Այդ հիմնադրամում կարելի է աշխատանքի ընդունել հենց սիրիահայերի, ինչը մասամբ կլուծի նաեւ նրանց զբաղվածության խնդիրը: Ինչ վերաբերում է միջոցներին, ապա այս դեպքում անհրաժեշտ է կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը: Կառավարությունը կարող է որոշակի միջոցներ հատկացնել իր պահուստային ֆոնդից եւ օգնության համար դիմել փախստականների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին: Սննդամթերքի որոշ խմբաքանակ կարելի է հատկացնել Արտակարգ իրավիճակների նախարարության պահուստներից: Անհրաժեշտ կլինի նաեւ դրամահավաքություն կազմակերպել, եւ այստեղ կարող է օգտակար լինել “Հայաստան” հիմնադրամի՝ հեռուստամարաթոններ կազմակերպելու փորձը: Կարելի է արտահերթ հեռուստամարաթոն անցկացնել եւ միջոցներն ուղղել սիրիահայերի կարիքներին: Եթե հաջողվի հավաքել 20-30 մլն դոլար, դա ժամանակավորապես կլուծի սիրիահայերի խնդիրները: Հարկ կլինի դիմել նաեւ աշխարհի հայ բարերարներին, եւ եթե նրանցից ոմանք արձագանքեն, դա եւս արդյունավետ կլինի:

Հարկ է նշել, որ բնաջնջման վտանգն այսօր կախված է ոչ միայն Սիրիայի, այլեւ Ասիայի ու Մերձավոր Արեւելքի մի շարք այլ երկրների հայկական համայնքների գլխավերեւում: Եվ նման հիմնադրամի փորձը հետագայում հնարավոր կլիներ տարածել նաեւ մեր մյուս հայրենակիցների վրա, ովքեր կցանկանան ապաստան գտնել Հայաստանում: Հիշեցնեմ, որ Իրաքի հայերի դեպքում մեզանում որեւէ քայլ չարվեց նրանց հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ: Արդյունքում միայն չնչին թվով իրաքահայեր իրենց կյանքը կապեցին Հայաստանի հետ, մեծամասնությունը նեղացած հեռացավ…

Իմ այս առաջարկը կարող է մակերեսային եւ ինչ-որ տեղ նույնիսկ ուտոպիստական թվալ: Չեմ բացառում, որ կարող է հենց այդպես էլ կա: Ասում են, չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Բայց արդյոք չի՞ սխալվի մեր պետությունը, եթե այս իրավիճակում շարունակի ոչինչ չանել…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս:         

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին