“Մեր պատասխանը Չեմբեռլենին…” - Mediamax.am

“Մեր պատասխանը Չեմբեռլենին…”
5306 դիտում

“Մեր պատասխանը Չեմբեռլենին…”


Սպորտն ինքնին քաղաքականություն է, բայց այն չի սիրում, երբ իրեն խառնում են “ռեալ պոլիտիկին”՝ առօրյա քաղաքականությանը: Հայտնի փաստ է. այն օրերին, երբ Հին Հունաստանում Օլիմպիական խաղեր էին անցկացվում, բոլոր պատերազմները դադարում էին: Ցավոք, կան նաեւ մարդիկ, ովքեր մարզական իրադարձություններն օգտագործում են հակառակ նպատակով՝ պատերազմի, այս անգամ՝ տեղեկատվական…

“Մեր խաղը Աղդամի “Ղարաբաղի” հետ պետք է անցկացվեր Ղարաբաղում, այլ ոչ թե Բաքվում: Բայց Ղարաբաղը օկուպացրել են հայերը: Պետք է նշեմ, որ դա Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետեւանք է, որը թույլ չի տալիս “Ղարաբաղին” հանդես գալ սեփական դաշտում: Իհարկե, սա ոչ ցանկալի իրավիճակ է”: Ըստ ադրբեջանական “Տրենդ” գործակալության, այս խոսքերը պատկանում են Ֆրանկֆուրտի “Այնտրախտ” ֆուտբոլային ակումբի նախագահ Պետեր Ֆիշերին, որը նա ասել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին: Չգիտեմ, որքանով է արժանահավատ տվյալ աղբյուրը, բայց, հաշվի առնելով այն, որ գերմանական ակումբի մամուլի ծառայությունը չի հերքել այս խոսքերը, Ֆիշերը նման բան իսկապես ասել է, առիթն էլ այն էր, որ Եվրոպայի Լիգայի խաղարկության հերթական փուլում “Այնտրախտը” պետք է հանդիպեր Աղդամի “Ղարաբաղին”:

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հայտարարությունը մասնագետներին զարմանալի չի թվում. դեռեւս 2009 թվականին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ակումբի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ադրբեջանցի ֆուտբոլիստները, մարզիչները եւ մրցավարները կատարելագործվում են Ֆրանկֆուրտի մարզադպրոցում, իսկ վերջերս գերմանական ակումբը ստանձնել է Բաքվում մանակապատանեկան մարզադպրոցի ստեղծման աշխատանքները: Ավելորդ է նշել, որ այս ամենի համար գերմանական ակումբը առատորեն վարձատրվում է Ադրբեջանի նավթային եկամուտներից: Եվ Ֆիշերի հայտարարությունը պետք է դիտարկել որպես նրա ցանկություն ավելի խորը մտցնել ձեռքը ԱՖՖ-ի գրպանը:

Չեմ կարծում, որ Ֆիշերը իսկապես ցանկացել է, որ իր թիմը խաղա Աղդամում: Եթե նա այդպիսի ցանկություն ունենար, կդիմեր Արցախի իշխանություններին, եւ համոզված եմ, մերժում չէր ստանա: Այդպիսի հնարավորություն այժմ էլ կա, եւ եթե գերմանացի մարզիկները ցանկանան ընկերական կամ պաշտոնական խաղ անցկացնել Լեռնային Ղարաբաղում, արցախցի ֆուտբոլիստները եւ հատկապես ֆուտբոլասերները պարզապես երջանիկ կլինեն: Բայց դե մի տեսակ չեմ հավատում նման հեռանկարին. Արցախում նավթ չկա, չկան նաեւ նավթադոլարներ, իսկ դա նշանակում է, որ լավ ընդունելությունից, խորովածից ու թթի օղուց բացի Ֆիշերն ուրիշ ոչնչի հավակնել չի կարող:

Այս ամենին կարելի էր ուշադրություն չդարձնել՝ մասնավոր կարծիք էր, ասաց՝ մոռացանք, գնաց… Բայց… Երեկվան մի տեսակ սրտատրոփ էի սպասում՝ “Այնտրախտը” Ֆրանկֆուրտում ընդունում էր Դորտմունդի “Բորուսիային”: Այսինքն, մեր “Բորուսիային”:): Շատ էի ցանկանում, որ Հենրիխ Մխիթարյանը գոլ խփի: Եվ ոչ միայն նրա համար, որ արդեն ժամանակն է, որ նա արդարացնի մեր սպասումները: Այլ որպեսզի նաեւ պատժի պարոն Ֆիշերին լեզվի սայթաքումների համար: Այսպես ասած, “մեր պատասխանը Չեմբեռլենին”:



Չգիտեմ, կարդացել էր արդյոք Հենոն “Այնտրախտի” ղեկավարի հակահայկական խոսքերը, բայց երեկ նա արեց այն, ինչ պարոն Ֆիշերը դեռ երկար կհիշի՝ խփեց 2 գնդակ եւ պարտության մատնեց ֆրանկֆուրտցիներին: Իսկ ով դեռ դա չի տեսել, կարող եք վայելել այստեղ.



Ի դեպ, “Այնտրախտը” խաղաց “Ղարաբաղի” հետ եւ երկու խաղն էլ հաղթեց: Սա նրա համար եմ ասում, որ նավթային փողով էլ ամեն բան չէ, որ հնարավոր է գնել…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ “Տեղեկատվական պատերազմներ” առարկայի դասախոս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին