2013-ի իմ թոփ 10-ը - Mediamax.am

2013-ի իմ թոփ 10-ը
6404 դիտում

2013-ի իմ թոփ 10-ը


Բոլորը ամփոփում են տարին՝ նախարարությունները, բանկերը, քաղաքական գործիչները… Հայացքս հետ գցելով՝ ես էլ փորձեմ ամփոփել, թե ինչն է փոխվել իմ եւ ինձ շրջապատող մարդկանց կյանքում 2013թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Քանի որ սա իմ ԱՆՁՆԱԿԱՆ թոփ 10-ն է, օբյեկտիվության չեմ ձգտում: Իսկ եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, խնդրեմ՝ կազմեք ձեր սեփական տասնյակը:):

1.    Ցավոք սրտի, ինձ համար 2013-ը կորուստների տարի էր, առաջին հերթին՝ անձնական: Հիվանդության հետ պայքարում մենք պարտվեցինք… Այժմ փորձում ենք ապրել առանց մամայի: Առայժմ չի ստացվում…
 
2.    Կորուստների մյուս մասը մտերիմներիս, համախոհներիս, պարզապես լավ մարդկանց եւ լավ մասնագետների արտագաղթն է: Այդ ալիքը դադարել էր 5-6 տարով, հիմա նոր, ահագնացող չափեր է ստանում, եւ ամենատխուրն այն է, որ մեկնում են բարձրագույն կրթություն եւ նորմալ վարձատրվող աշխատանք ունեցող մասնագետները: Մեկնում են, որովհետեւ այլեւս իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում: Եվ ես այլեւս նրանց չեմ մեղադրում…

3.    Կորուստների թեման շարունակելով՝ ասեմ, որ տարին “աչքի ընկավ” նաեւ անվանի մի շարք արվեստագետների եւ մտավորականների մահվամբ. Սոս Սարգսյան, Մարկ Սաղաթելյան, Ազատ Գասպարյան, Ֆլորա Մարտիրոսյան, Լեւոն Անանյան, Արմեն Դիվանյան, Երվանդ Ենգիբարյան… Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին մոռացա: Այս մարդկանցից յուրաքանչյուրի մահը, հաճախ՝ անտրամաբանական, մեծ հարված էր նաեւ անձամբ ինձ համար: 

4.    2013-ը հիասթափությունների տարի էր. պարզվեց, որ ընտրությունները կեղծելու կարիք չկա, բավական է կաշառել ընտրողին՝ տալով նրան 5-10 հազար դրամ: Հանկարծ հասկացա, որ առաջիկայում ընտրությունների շնորհիվ ոչինչ չի փոխվելու, միայն ընտրակաշառքի գումարը: Մյուս մեծ հիասթափությունս ընդդիմությունն է. “Մաֆիա” հանրահայտ խաղում լինում են 8-9 “կարմիրներ” եւ 2-3 “սեւեր”, որոնք “կարմիր” են ձեւացնում: Հայաստանյան քաղաքական “Մաֆիա”-ում “կարմիրներ” կարծես չկան…

5.    Չգիտեմ՝ նկատել եք, թե ոչ, բայց նախագահական ընտրություններից հետո փոխվել է երկրում որոշումների ընդունման կարգը: Եթե նախկինում գոնե կար հանրային քննարկման պատրանք, ապա այժմ երկրի համար կարեւորագույն որոշումներն ընդունվում են թաքուն, երեւի նախագահի տան խոհանոցում, երեւի մի քանի հոգով: Իսկ երբ դրանք հայտնի են դառնում, որեւէ մեկը չի ցանկանում կամ չի կարողանում բացատրել դրանք, այն պարզ պատճառով, որ այդ որոշման ընդունմանն ինքը չի մասնակցել…

6.    Այս տարի նվազեց, ապա նաեւ զրոյացավ հասարակական երկխոսությունը: Պարզվեց, որ հանրությունն ու իշխանությունը տարբեր լեզուներով են խոսում, բառարանից էլ չեն ուզում օգտվել: Իշխանությունը սովորեց շահագործել Ֆեյսբուքը եւ կեղծ օգտատերերի անունից քարկոծել իրեն քննադատողներին: Փոխարենը հասարակությունում ատելության մակարդակը հասավ բացարձակի: 

7.    Տարին անկումային էր նաեւ մասնագիտական առումով: Նրանք, ովքեր կարծում էին, թե հայ մամուլի դժվար օրերն անցյալում են, չարաչար սխալվում էին. բազմաթիվ նորաստեղծ մեդիաներ ապացուցեցին, որ չարիքն այնքան ժամանակ է չարիք, քանի դեռ չկա ավելի մեծ չարիք: Հայկական ժուռնալիստիկան ազատ անկման մեջ է եւ դեռեւս չի հասել հատակին: Կարծում եմ, հաջորդ տարի մեզ սպասում են նոր տհաճ անակնկալներ: Միակ լուսավոր կետը երեւի թե Հեղինակային իրավունքի մասին օրենքում փոփոխություններն էին, բայց ընդհանուր գաղջ պատկերը դրանք չեն փոխում:

8.    Այս տարվա ամենամեծ հիասթափությունն ինձ համար այն է, որ մենք կորցնում ենք անկախությունը եւ հետզհետե դառնում Ռուսաստանի հեռավոր մի գուբերնիա: Չեմ բացառում, որ տարիներ անց պատմության դասագրքերում գրվի, որ 2013 թվականի սեպտեմբերի 2-ը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության վերջին օրն էր: Համենայն դեպս, այս պահին ես այդպես եմ դա ընկալում:

9.    Այսքան վատ բաներից հետո՝ մի լավ լուր: Գյուղ եմ տեղափոխվել, մաքուր օդ եմ շնչում, ծառերն եմ ջրում, շանս հետ եմ խաղում, ապրում եմ խաղաղ, անաղմուկ միջավայրում, ինքս ինձ հետ հարմոնիայում, ընտանիքիս հետ վայելում եմ գյուղական կյանքը:):

10.    Տարվա լավագույն ակնթարթներն ինձ պարգեւել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը. Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականների նկատմամբ հաղթանակները ստիպեցին հպարտանալ, որ հայ եմ եւ Հայաստանի քաղաքացի, իսկ Իտալիայի հավաքականի հետ ոչ ոքին հույս ներշնչեց, որ ապագայում մեզ պարծանքի բազում պահեր են սպասում: Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին եւ մարզիչին. ի տարբերություն մեր իշխանությունների, նրանք բարձր են պահում Հայաստանի դրոշը: Նաեւ մյուս մարզիկներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ հպարտանում նրանով՝ անտեսելով բոլոր անախորժությունները:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին