Գաղթականը եւ տարագիրը երկու իրարամերժ վիճակներ են - Mediamax.am

Գաղթականը եւ տարագիրը երկու իրարամերժ վիճակներ են
8334 դիտում

Գաղթականը եւ տարագիրը երկու իրարամերժ վիճակներ են


Մեդիամաքս-ի «Սյունակներ» բաժնում ներկայացնում ենք մի հատված Կոստան Զարյանի «Նավատոմարից»: Կարծում ենք, որ հետաքրքրական կլինի կարդալ 1959 թվականին գրված այս հոդվածը:

Շնորհակալություն ենք հայտնում «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ծրագրին` տեքստը տրամադրելու համար:

1

Պետք է զանազանել. գաղթականը եւ տարագիրը երկու իրարամերժ վիճակներ են:

Գաղթականը` անողոք պարագաներից մղված`տեղափոխվում է մի որեւէ օտար երկիր եւ ճիգ անում զետեղվելու ուրիշների կյանքում: Տնտեսականի հրամայականի տակ` նա պարտադրված է հարմարվելու, նորաձեւվելու, կապիկանալու, թութականալու: Լինելու ոչ թե ինքը, այլ ուրիշ:

Նա ստվեր է, որ որոնում է նոր բարոյական մարմին, նոր լեզու, գոյանալու եւ ապրելու նոր կերպ ու ձեւ:

Եվ երբ նա գտնում է այդ նոր մարմինը` անհետանում է:

Ուրիշ է տարագիրը: Նա ժամանակավոր այցելու է, անցորդ, որի անհատականությունը հավիտենապես խարսխված է իր իսկության մեջ, իր դարավոր հավաքական ուրույն կազմում, իր ցեղային ենթագիտակցությունում:

Տարագիրը հոգեպես, մտավորապես շարունակում է ապրել մտայնական եւ ժառանգական այն ծովում, որի թաքնված հոսանքները, կրակով եւ երկաթով ծեծված փոթորիկները ներկա են իր արյունի, մկանունքների եւ ուղեղի ծալքերում: Նա մշտնջենական նավարկող է, որի Ոդիսականը մի´ նպատակ ունի միայն` հասնել եւ լիովին դրսեւորել իր իսկությունը:

Իսկական ստեղծագործողը, - եւ խոսքս նրանց մասին է եւ միայն նրանց մասին,- միշտ տարագիր է: Այստեղ թե այնտեղ: Նա մշտնջենական որոնողն է, բաղձողը եւ չգտնողը, հոգու ծարավով եւ անոթությունով տառապողը:

Դանտեն, Շելլին, Բայրընը, Մանը, Ալիշանը:

Արդի սպանիական ամբողջ բանաստեղծությունը` Անտոնիո Մաչադոն, դժբախտ եւ մեծ Լորկան, Խուան Ռամոն Խիմենեզը, Սեռանո Պլախան, Բերգամինը, մեծղի եւ ողբերգական Դե Ունամունոն:

Ասեմ նաեւ, որ այնտեղ, շղթայված մեր հայրենիքում ապրող տարագիրները ավելի հուսահատական վիճակի են մատնված, քան մենք, որովհետեւ եթե նրանց մարմնական սնունդը առատ է, [ապա] նրանց միտքը եւ թռիչքը կաշկանդված է, եւ նրանց արժանապատվությունը ամեն մի վայրկյան ենթարկված է գռեհիկների եւ բթամիտների վիրավորանքներին:

«Մի բանաստեղծ,- գրում է Գյոթեն, 1832-ի մարտ ամսին, Էկկերմանին,- որ ուզում է քաղաքականության ծառայել, ստիպված է ամբողջովին նետվել մի կուսակցության մեջ, եւ այդ անելով, նա կորցնում է բանաստեղծի իր անհատականությունը եւ պետք է հրաժեշտ տա աշխարհին նայելու իր բնածին անկողմնակալության եւ գլխին անցնի տխմարության եւ կույր ատելության գլխանոցը»:

Ավա՜ղ, այդ գլխանոցի բոժոժները զրնգում են հայ կյանքի բոլոր անկյուններում:

2

«Կան երկու հավիտենականություններ,- գրում էր Ուիլյամ Բատլեր Իետսը,- Ցեղը եւ Հոգին. հինավուրց Իռլանդիան այդ երկուսն էլ ունեցել է»: 

Ցեղը մեր իսկությունն է: Այն խորքը, ուր ամբարված են բոլոր շինիչ կարելիությունները, սկզբնասկիզբ ուժերի բոլոր աղբյուրները, արժեքների բոլոր շերտերը: Ցեղը մեր անսահմանությունն է: Լինելու եղանակը, գոյանալու ուղղությունը: Նա այն մեծղի արմատն է, որ ծծած պահած է հայրենի հողերի նրբագին հյութերը, այն ծառը, որ, տեղափոխվելով իսկ, չի կորցնում արեւի ջերմությունը եւ անձրեւների զովությունը խմելու իր ձեւը, քամիների հետ զրուցելու իր խշխշանքը, ճյուղերը լուսնո լույսում լվալու իր ներքին թրթռանքը:

Ցեղը դարերով կազմված խորհրդավոր այն գոյակերտն է, որ ընդունում եւ կանոնավորում է մեզ շրջապատող տիեզերական ներկան:

Պատմությունը արորում է երկրի մակերեսը, ցնցում եւ չարչարում ժողովրդի մարմինը, սլանում, կորչում փոշիների ամպերում, բայց ցեղը մնում է:

Նա այն բովանդակ քարայրն է, ուր դեռ եւ միշտ ապրում են դյուցազներգական քաջերը:

Ու ցեղը հոգի է: Աշխարհը լուսավորող ներքին արեւը: Հզորությունը, որ մասնակցում է տիեզերաշինության:

Մենք ապրում ենք Եվրոպական օրհասական մշակույթի վերջին օրերում: Ամեն կողմից խուժող մեռելաթաղները` հսկայական մեքենական բրիչներ շարժելով` պատրաստում են մի մեծ գերեզման: Բնությունը եւ հոգին ապահարզան են տված: Մարդկային անհատը հավասարված զուտ նյութական արժեքի թիվ է, քանակ, շահագործման առարկա: Նա աշխարհի դիմաց կանգնած, «առարկայական» պայմաններից անկախ ինքնություն, առնական արժանապատվություն չէ, այլ տնտեսական միավոր, կերպընկալ մոմացում, շուք:

Արդ, մտքերի եւ խիղճերի հարբած այդ խավարը պետք է խարազանել լույսով: Պահել հոգու անկախությունը, չենթարկվել արտաքին կույր ուժերի բռնության, կրել մեկուսացման դժվարին եւ սրբազան բեռը, չընդունել «անելու» եւ «ունենալու» պարտադրված լուծը, այլ լինել ամբողջապես, հիմնապես եւ ճակատագրականորեն:

Ա´յս է առնական արժանապատվությամբ տոգորված ստեղծագործ անհատի դերը:
Ստրկությունից ազատագրված «սեփականության» միակ տիտղոսը մեզ տալիս է հոգեկառուցման գերագույն արտահայտիչը` բանաստեղծությունը: Նա մերն է, եւ միեւնույն ժամանակ, նա պատկանում է բոլոր մարդկանց առանց անիրավության: Նա ներկայիս եւ գալիքի միակ խորհրդանշանն է եւ նախապատկերողը:

Բոլոր Ծննդոց գրքերը բանաստեղծություն են: Քաոսը կազմակերպելու արարչական կամք: Եվ մարդկային ոչ մի շինարարական գործունեություն չի կարող զարգանալ առանց այդ շնորհի, որովհետեւ անհատը կրում է իր մեջ հրաժարման եւ լիության հակասական վստահությունները: Եվ ինչ որ նրանը չէ, չգոյ է:

Բանաստեղծությունը ամեն կողմից շրջապատված, մտքի ճիգով առանձնացած իրականության մի փշրանք չէ, այլ անբաժանելի մի ամբողջություն, որ դաշնավորում է եւ օրինավորում կյանքը: Արդարեւ, նա կյանքը իսկ է, որից մենք չենք կարող բաժանել ոչ մի մասը, առանց նրանց ենթարկելու փոշիացման եւ ստվերացման:

Բանաստեղծը միշտ հավատարիմ է ինքը իրեն: Այդ հավատարմությունը կրկնություն չէ, մակերեսային արտացոլում չէ, այլ վերանորոգում, վերածնունդ, հարստացում:
Բանաստեղծը անկարգ պայքարի մեջ է իր Հրեշտակի հետ: Նրա պատմությունը այդ հրեշտակի հետ ունեցած իր փոխհարաբերությունների, իր պարտությունների եւ հաղթանակների պատմությունն է: Նա,- ինչպես ասում է Կեղծ-Դենիսեւը,- այն հազվագյուտներից է, որն ի վիճակի է բարձրանալու աստվածային խավարի գերբնական ճառագայթներին:

Նա է` լիովին, ամբողջովին` իբրեւ ներկա եւ ներկայացնող, իբրեւ տիեզերամաս եւ տիեզերաշունչ, իբրեւ Դեմիուրգ: 

3

Հայ իրականության պայմանները միշտ էլ շփոթ եւ դժնդակ են եղել: Այսօր այդ պայմանները ավելի մառախուղված են, քան երբեք: Հանգուցյալ Պեգին Հրեաներին բնորոշում էր իբրեւ 60 դար հիստերիայի արդյունք… Անցյալի եւ ներկայի բռնությունները մեզ եւս ենթարկել են հոգեբանական քանդիչ փորձությունների եւ մեզ արմատախիլ արել մեր բուն բնույթից: Դրամը, պետությունը, օտարի պարտադրած գաղափարախոսությունները մեր ազատությունը կաշկանդել են, մեր միտքը եւ թռիչքը շղթայել:

Պատմությունից մեզ հայտնի է, այսպիսի պարագաներում ասպարեզ են գալիս` դրական հոգեբանական տիպարների հետ զուգընթաց` շատ բացասական, երբեմն քանդիչ եւ հրեշային արքետիպարներ: Նրանցից ամենավտանգավորներն են տիրացուն եւ խանութպանը:

Շնացած, վտանգավոր, քանդիչ:

Տիրացուն, որին դարերի ընթացքին հանդիպել են մեր Խորենացիները, Դավիթ Անհաղթները, Աբովյանները, Չարենցները, Բակունցները, տափակաոտն, նեղ ճակատ, շրթները չոր եւ սեղմ, քիթը ստորակետների մեջ սեղմած, աչքերը պարապին գամված, նախանձից եւ ոխից դեղնած այն էակն է, որ իր մտքի փոքրությունը եւ սրտի խեղճությունը սողալով ի սպաս [է] դնում ուժեղի եւ իշխանավորի առջեւ:
Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր եւ վրիժառու: Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների: Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին, ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր` նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան: Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արեւը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում: Նա ամեն բան գիտի, որովհետեւ ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում: Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ:

Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է:

Թերթի խմբագիր է, գրական քննադատ, հրամայված գծով ոտանավոր գրող: Նա այն չար ոգին է, որ տառապում է, գույնը նետում, գալարվում, երբ հանդես է գալիս մի իսկական տաղանդ, մի անկաշկանդ հանճար: Նա իրեն զգում է նսեմացած, փոքրացած, շուքի վերածված: Ու նա ամեն ինչ գործ է ածում` բամբասանք, զրպարտություն, բարոյական վիրավորանք` որպեսզի այդ տաղանդը չքանա: Նա կարծում է, որ եթե այդ ուժեղ անհատի շուրջը անապատ եւ լռություն տիրի, ինքը կմնա իր փխրուն պատվանդանի վրա:

Եվ այդ` այստեղ եւ այնտեղ:

Եվ կա նաեւ խանութպանը: Այն, որի մասին դառնությամբ երգում էր Նաղաշ Հովնաթանը:

Լեւոն Շանթը, այդ տոկուն գրագետը, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր իր ազգին, մահամերձ պառկած էր, երբ, Բեյրութ հասնելուս` գնացի նրան տեսնելու: «Եկել ես,- ասաց,- բայց խանութ ունե՞ս, որ եկել ես»:

Մեզ մոտ ամեն ինչ խանութի է վերածված եւ ամեն ինչ խանութպանների ձեռքումն է: Փողը, հաշիվը, տնտեսականը, լինի պետական կապիտալիզմի տնտեսականը թե լինի նպարավաճառների, խալիճիների, ադամավաճառների, գաղտնի ոսկի փախցնողների տնտեսականը` սեզամկի իրենց թեւերի տակ ծածկում են ամբողջ հայ կյանքը:

Փորը միշտ էլ ատել ` միտքը:

Ու տիրացու մտավորականը՝ տեսաբանը, ուսուցիչը, ջրալի երգիծաբանը, սողում են նրանց առջեւ, լափում նրանց սեղանից նետված փշրանքները, ստրկանում, արժանապատվությունից գրկվում:

Ե´տ քաշվեք, անցնում է Աբիսողոմ Աղան:

4

Մշակույթը նյութի վրա տարված ձեւի հաղթանակն է: 

Մշակույթը զարգանում է այնտեղ, ուր տիրում է ազնվականության, որակային ընտրության սկզբունքը։  Ընտրանին: 

Մտածում եմ, որ եթե ուզում ենք մեր մշակութային աճը պահել, պետք է վերադառնանք մեր միթոսային բնույթին:

Վերջ ի վերջո, Հելլադան իբրեւ ազզություն գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել իբրեւ հզոր մշակույթ:

Հայ մշակույթը եւս զարգացել է պատմությունից դուրս։ Պատմական շրջանները չէ, որ ստեղծել են մեր արժեքները, այլ ուժեղ անհատները, այլ վանքերում առանձնացած խորհողները, բանաստեղծները, նկարիչները, պատմաբանները: Միթոսային բնույթը չի ենթարկվում մարդկային ժամանակին, որ նշանակում է անդադրում փլուզում եւ քայքայում, այլ ենթարկվում է տիեզերական ժամանակին, որ կանոնավոր կերպով վերադառնում է ինքն իր վրա, երկնային շարժման պարբերությամբ:

Երբ մի երկրում, ինչպես մեր երկրում, ամեն ինչ ընթանում է տնտեսական ազդակների հրամայականով, տիրում է կենդանաբանական ժամանակը:
Բայց մինչ նյութական աշխարհը միշտ էլ ենթարկվում է կործանման, հոգեկան աշխարհը թաքցնում ու պահում է իր մեջ անտեսանելի մի կանոնավորություն: Այդ կանոնավորության մեջ է ապրում արվեստագետը, ինչպես արագիլը իր բարձրաբերձ բույնում:

Թող իմացվի, որ մենք կրում ենք մեր մեջ մեր Հայաստանը, ինչպես մի տիեզերք, ինչպես մի ճակատագիր: Նա ցեղի հետ կապված սկզբնասկիզբ այն ոգեղենությունն է, որ զետեղված է մեր էության ծալքերում եւ որով ներշնչվում է մեր ստեղծագործական թռիչքը:

Ու, ինչքան էլ գրավված երկրի անակռա առյուծները խռպոտ ձայնով ոռնան ու բռնանան, ու չարչարեն, Ոգին չեն կարող մարել:

Ոգին գերազանցապես միթոսական եւ դյուցազներգական է: Արվեստի եւ բանաստեղծության մեջ նա հեղակարգության է ենթարկում հոգու հիմնական ձգտումները եւ տիեզերքի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Նա՛ է պեղում մարդկային անհատի խորքը, դրսեւորում նրա բարձրագույն կարելիությունները եւ նրան դնում իր խորհրդավոր կոչման պատվանդանի վրա:

Արտադրելու եւ ունենալու սկզբունքին նա հակադրում է լինելու, գոյանալու, արարչելու սկզբունքները:
   
Բերկլեյ, Քալիֆորնիա, 30 օգոստոսի 1959թ.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին