Հայաստան-Եվրամիություն. դեպի ու՞ր եւ ինչքա՞ն հեռու - Mediamax.am

Հայաստան-Եվրամիություն. դեպի ու՞ր եւ ինչքա՞ն հեռու
4981 դիտում

Հայաստան-Եվրամիություն. դեպի ու՞ր եւ ինչքա՞ն հեռու


«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին Երեւանում  կայացավ «Ի՞նչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություններին» թեմայով միջոցառումը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, Վրաստանում ԵՄ Պատվիրակության նախկին նախագահ Սալոմե Սամադաշվիլին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Քանի որ միջոցառումը անց էր կացվում «Chatham House»-ի կանոնակարգի համաձայն` որը թույլ չի տալիս մեջբերել բանախոսների մտքերը, փորձեմ  ներկայացնել քննարկման ընթացքում արված այն հիմնական շեշտադրումները, որոնք վերաբերում են Հայաստան-ԵՄ համագործակցության տեսլականին:

1. Հայաստանը չի դադարում եվրոպական ընտանիքի մաս լինել

Քննարկման ընթացքում բազմիցս հնչեց  այն գաղափարը, որ անգամ 2013 թ. սեպտեմբերի 3-ով, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, վերջաբան չի դրվում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Հայաստանը, իր մշակութային եւ պատմական անցյալով, շարունակում է պատկանել Եվրոպային եւ եվրոպական ընտանիքին:  «Եթե անգամ Հայաստանը միանա Մաքսային միությանը, դրանով կասկածի տակ չի դրվի այս երկրի եվրոպական ուղղությունը»:  Սա հնչեց քննարկմանը ներկա եվրոպացի մասնակցից:

2. Երեւանն ու Բրյուսելը պետք է հստակեցնեն` ու՞ր եւ ինչքա՞ն հեռու կարող են գնալ

Առաջիկա ամիսները կարեւոր, եթե չասենք բեկումնային կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար: ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը կարող է ստորագրել ամռան սկզբին: Մայիսի վերջին կկայանան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում կձեւավորվի Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը: Սա առավել քան հարմար ժամանակաշրջան է` քննարկելու եւ վերաիմաստավորելու Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները եւ ապագա համագործակցության հստակ իրավական ձեւաչափեր մշակելու համար:

«Հայաստանը պետք է հստակ սահմանի այն ձեւաչափը, որով կարող է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ եւ որը չի հակասի իր` Մաքսային միությանն անդամակցությամբ ստանձնելիք պարտավորություններին: Եվրամիությունն իր հերթին պետք է ներկայացնի իր առաջարկները»:  

Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին Երեւանն ու Բրյուսելը պետք է էլ ավելի սերտ երկխոսություն ծավալեն այն հարցերի շուրջ, թե Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց  հետո դեպի ո՞ւր եւ որքան հեռու կարող են կողմերը առաջ շարժվել եւ իրավական ի՞նչ շրջանակներում կարող են կառուցել համագործակցությունը:

Եվրոպական կողմն ակնարկում է, որ վերադարձ Ասոցացման համաձայնագրին լինել չի կարող, քանի որ այն շաղկապված է Ազատ առեւտրի գոտու համաձայնագրին: Այս համատեքստում գնդակը Հայաստանի դաշտում է: ԵՄ-ն հայտարարում է, որ չի փակում համագործակցության դուռը, եւ սպասում է Երեւանի հստակ ազդանշանին, թե ինչպիսի՞ համագործակցություն է վերջինս պատկերացնում:

3.Հայաստանը Ղարաբաղը գերադասեց եվրաինտեգրմանը

Քննարկման բանախոսներից մեկի կարծիքով, Հայաստանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը Բրյուսելում ընկալվում է հետեւյալ կերպ. «Որոշելով անդամակցել Մաքսային միությանը, Հայաստանը փաստացի ընտրություն կատարեց Լեռնային Ղարաբաղի եւ ապագայի իր ձգտումների միջեւ` ընտրելով Ղարաբաղը: Սա հասկանալի, ընկալելի որոշում է` հաշվի առնելով Հայաստանի անվտանգության միջավայրը»:  Սրանով Եվրամիությունը փաստացի ընդունեց,  որ Հայաստանը, որը հսկայական աշխատանք էր տարել  Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, չափազանց թանկ գին վճարեց դրանից հրաժարվելու համար:

Միեւնույն ժամանակ, ավելի հստակ ուրվագծվեց այն իրողությունը, որ  Եվրամիությունն իր զինանոցում այլընտրանքային առաջարկ կամ առաջարկներ չուներ, որոնց շնորհիվ կկարողանար զսպել Ռուսաստանի ճնշումը Հայաստանի եւ Արեւելյան գործընկերությանը մասնակից մյուս երկրների վրա: 

Off-the-record ձեւաչափով անցկացված քննարկումից ստացված տպավորությունն այնպիսին է, որ եւ' Հայաստանը, եւ' Եվրոպան չափազանց հետաքրքրված են շարունակելու երկխոսությունը, պարզապես դեռեւս հստակ չեն պատկերացնում, թե ինչպես:

Եվրոպացի դիվանագետներից մեկի պնդմամբ, սեպտեմբերի 3-ից հետո «ԵՄ բնավ չէր պատրաստվում նեղացած երեխայի դեր ստանձնել, հավաքել իրերն ու հեռանալ Հայաստանից»:  Ընդհակառակը, ստեղծված ճգնաժամը հնարավորություն տվեց կողմերին ի մի բերել եւ նորովի նայել անցած ճանապարհին: Վերջին ամիսներին լրագրողների «Ի՞նչ է սպասվում ՀՀ-ԵՄ հարաբերություններին» հարցին ի պատասխան, Հայաստանում հավատարմագրված եվրոպացի դիվանագետները միաձայն հղում են կատարում Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի հռչակագրին: Սակայն այդ հռչակագիրը շարքային քաղաքացուն մատչելի է ճիշտ այնքան, որքան Ասոցացման համաձայնագիրը, որի բովանդակությունը մինչեւ այժմ գաղտնի է պահվում:

Հայաստանի հասարակության այն հատվածը, որը եվրոպական ինտեգրման ջատագովներից է, իրավունք ունի լսելու եւ իր համար պարզելու, թե ինչպե ՞ս եւ ի՞նչ ձեւաչափով է Հայաստանն այսուհետ հարաբերվելու Եվրոպական միության հետ: Եվ այդ հարցի պատասխանը մարդիկ ակնկակում են ստանալ Երեւանում ու ոչ թե Բրյուսելում կամ Մոկսվայում:  

Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքս-ի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին