Հնարավո՞ր է արդյոք ենթարկել ինտերնետը - Mediamax.am

Հնարավո՞ր է արդյոք ենթարկել ինտերնետը
10096 դիտում

Հնարավո՞ր է արդյոք ենթարկել ինտերնետը


Վերջին ժամանակաշրջանի համաշխարհային նշանակության բոլոր իրադարձություններն այսպես թե այնպես փոխկապակցված են եղել ինտերնետի եւ նոր տեխնոլոգիաների հետ: Ջուլիան Ասանժն ընդմիշտ փոխեց դիվանագիտության ասպարեզը՝ Wikileaks-ում հրապարակելով գաղտնի տեղեկատվության հարյուր հազարավոր էջեր: Նշանակալի էր համացանցի եւ հատկապես սոցիալական ցանցերի դերը “Արաբական գարնան” եւ Ուկրաինայի իրադարձություններում: Սոցիոլոգները, հոգեբանները, փիլիսոփաներն առայժմ միայն ուսումնասիրում են այն ազդեցությունը, որն ունի համացանցն առանձին մարդկանց,  հասարակությունների եւ մարդկության վրա: Բայց որ ազդեցությունը հսկայական է, այլեւս անհերքելի է: Իմ ծանոթ քաղաքական գործիչներից մեկն ամիսներ առաջ ինձ ասում էր, որ եթե կարողանա ենթարկել իրեն հայկական Ֆեյսբուքը, անպայման նախարար կնշանակվի: Դատելով նրանից, որ չի նշանակվել, կարելի է ենթադրել, որ խնդիրն իր համար անիրագործելի էր…

Արժե՞ արդյոք զարմանալ, որ նման պայմաններում մի շարք պետություններ փորձում են սահմանափակումներ մտցնել ինտերնետի օգտագործման կանոններում, եթե ոչ գլոբալ մակարդակով, ապա գոնե տեղական: Իրանը ձգտում է ստեղծել սեփական ցանցը, Չինաստանում արգելված է Գուգլի եւ Ֆեյսբուքի գործունեությունը, Ռուսաստանը մի շարք օրենքներ է ընդունում, որոնք օրըստօրե սահամանափակում են համացանցի ազատությունը: Ավելի քաղաքակիրթ երկրներում, օրինակ, եվրոպական, փորձում են սահմանագծեր անցկացնել, որոնք կօգնեն չսահմանափակել ազատությունը ինտերնետում, բայց միաժամանակ երաշխավորել մարդու հիմնարար այլ ազատությունները, օրինակ, անձնական տվյալների եւ մասնավոր կյանքի: Եվրոպացիք չեն ուզում, որ իրենց մասին իմանան բոլորը, բայց ուզում են ամեն ինչ իմանալ մյուսների մասին:): Բազմաթիվ վիճահարույց հարցեր կան նաեւ հեղինակային իրավունքի պաշտպանության ասպարեզում. համացանցն ազատականացրեց դաշտը, մարդիկ այլեւս չեն ցանկանում վճարել մի բանի համար, ինչ կարող են ստանալ անվճար, եւ լավագույն իրավաբանները գլուխ են կոտրում, թե ինչպես համոզել քաղաքացիներին, որ ինտերնետում անվճար ֆիլմ դիտելը կամ նոր երգ ներբեռնելն անօրինական է:):

Պետությունների համար մեծ գլխացավանք է նաեւ ինտերակտիվ մեկնաբանությունների տիրույթը: Այստեղ եւս բավականին խառնաշփոթ վիճակ է. մի կողմից, ոչ ոք չի ցանկանում սահմանափակել խոսքի ազատությունը, այդ թվում՝ անանունների, մյուս կողմից՝ արդեն կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի որոշում, որոնք այդ անանունների վիրավորական եւ զրպարտիչ արտահայտությունների համար պատասխանատվությունը դնում են այն կայքերի վրա, որոնք դրանք հրապարակել են: Արդյունքում գրառման հեղինակը, այդ թվում կեղծ /ֆեյք/ խուսափում է պատասխանատվությունից, իսկ այն ժամանակին չնկատած եւ չհեռացրած կայքը՝ պատժվում:

Եվրոպական նոր տրենդ է “մոռացվելու իրավունքը”: Պատկերացրեք, ինչ-որ վատ արարք եք կատարել, կամ, ասենք, պարտք եք պետությանը: Համապատասխան կայքում այդ մասին տեղեկություն է հրապարակվում: Դուք կրում եք ձեր պատիժը կամ վճարում պարտքը, սակայն Գուգլի կամ որոնման այլ համակարգերում ձեր անունը որոնելիս կրկին գտնում եք հին եւ հնացած տեղեկությունը: Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում: Կարծո՞ւմ եք, ոչինչ: Սխալվում եք: Անցյալ տարվա նոյեմբերին ընդունված պրեցեդենտային որոշման համաձայն, ԵՄ բոլոր քաղաքացիներն ունեն “մոռացվելու իրավունք”: Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է նամակ գրել որոնման համակարգերին եւ պահանջել հեռացնել իր մասին այս կամ այն հրապարակումը տվյալների բազայից: Տոտալ կոլապսից խուսափելու համար դատավճռի հեղինակները նշել են, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկվի: Բայց համոզված եղեք, որ այդ որոշումն արդեն իսկ մեծ գլխացավանք է դարձել որոնման համակարգերի համար:

Թվային տեխնոլոգիաների, համացանցի հետ կապված խնդիրները բազմազան են եւ բազմաբնույթ: Եվրոպական մի շարք երկրների համար մեծ խնդիր է կիբեռհանցավորությունը՝ բանկային հաշվեհամարից գումար գողանալը, մանկական պոռնոգրաֆիան, շորթումը եւ շանտաժը, անձնական տեղեկությունների գողությունը: Մյուսների համար մեծ վտանգ են ներկայացնում կիբեռհարձակումները, որոնք հետզհետե ավելի մեծ ծավալ են ստանում, եւ հաճախ եվրոպական փոքր երկիրն ի վիճակի չի լինում ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրը: Իսկ առավել բարվոք երկրներում պայքարում են սպամի եւ վնասարար ծրագրերի դեմ. այնտեղ դրանց տարածումը քրեորեն պատժվում է, եւ եթե դուք գիտակցաբար կամ պատահաբար վիրուս կամ սպամ տարածեք, պետք է պատրաստ լինեք, որ շուտով ձեր դուռը կարող են թակել ոստիկանները:

Գրեթե բոլոր թվարկված խնդիրներն առայժմ օտար են հայաստանյան ինտերնետ-հանրությանը: Հայաստանում համացանցը ազատ է եւ ազատականացված, անհատի մասնավոր կյանքի եւ անձնական տվյալների իրավունքը չի հարգվում, հեղինակային իրավունքի եւ մտավոր սեփականության մասին խոսելն անգամ անիմաստ է, Ֆեյսբուքում թե իրական օգտատերերը, թե ֆեյքերը գրում են ինչ մտքերով անցնում է (ահա թե ինչու նրանց դժվար է տարբերել), վիրավորանքն ու զրպարտանքն ամեն քայլափոխի է, սպամն ու վիրուսները՝ անդադար ու անվերջ, մեդիագրագիտությունը՝ զրոյական: Նման անարխիկ ազատությունն ինչ-որ տեղ վախեցնող է. համացանցը կարող է մի քանի րոպեում կործանել ցանկացածի, ով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կընկնի դրա “անիվների” տակ: Նման իրավիճակը մտահոգում է նաեւ մեր եվրոպացի գործընկերներին, որոնք օրեր առաջ Պրահայում կոնֆերանս էին կազմակերպել Ինտերնետում խոսքի ազատության, կիբեռանվտանգության եւ տվյալների պաշտպանության թեմայով:

Իրավիճակը, իհարկե, մտահոգիչ է: Բայց բոլորս համակարծիք էինք, որ այն կարող է էլ ավելի մտահոգիչ դառնալ անհարկի միջամտությունների եւ սահմանափակումների հետեւանքով: Համացանցը նուրբ մատերիա է, վիրաբույժի դանակով կամ, առավել եւս, փայտագործի կացնով դրան միջամտելը կարող է միայն հակադիր շարժման, ընդվզման պատճառ դառնալ: Բանաձեւը մեկն է. սահմանափակել չի կարելի, միայն կարգավորել, այն էլ միմիայն եվրոպական առաջադեմ փորձի հիման վրա: Այլ տարբերակները կործանարար են, առաջին հերթին՝ դրանց հեղինակների համար…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիաների դասախոս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին