Երեւան, ամառ, կյանք - Mediamax.am

Երեւան, ամառ, կյանք
8126 դիտում

Երեւան, ամառ, կյանք


Իրականում մենք ավելի լավն ենք, քան կարծում ենք: Իրականում չենք կորցրել այն մարդկային որակները, որոնցով միշտ հպարտացել ենք: Պարզապես այնպես է ստացվել, որ ժամանակ չունենք, որպեսզի մեկ-մեկ կտրվենք աշխատանքից, ամենօրյա վիրտուալ եւ իրական պայքարներից ու մի քանի ժամ պարզապես կյանք ապրենք:

****

Վերջերս մի արտասովոր շաբաթ օր ունեցա: Աղջկաս պետք է տատիկի տուն տանեի ու այնպես ստացվեց, որ այնտեղ պետք է լինեինք նախատեսվածից մեկ ժամ շուտ:

Աղջիկս առաջարկեց ավտոբուսով գնալ, չնայած սովորաբար այդ հատվածում միշտ քայլում ենք: Մոտ երկու շաբաթ առաջ էր առաջին անգամ ավտոբուս նստել ու շատ էր հավանել: Բարձրացանք ավտոբուս՝ միանգամից բոլորն առաջարկեցին երեխայի համար տեղ զիջել: Հազիվ համոզեցի, որ ընդամենը մեկ կանգառ ենք գնալու եւ նեղության կարիք չկա: Ավտոբոսում հանդիպեցինք «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին՝ շոյեց աղջկաս գլուխը: Ավտոբուսի մարդիկ էլ ակնհայտորեն շոյված էին, որ Արամը, ում ամեն երեկո հեռուստացույցով են տեսնում, իրենց նման տրանսպորտ է նստում:

****

Երեխային թողնելուց հետո պետք է մեկ ժամ «սպանեի» մինչեւ կգար ընկերներիս հետ փոքրիկ խնջույքի ժամը: Որոշեցի քայլել արտասովոր երթուղով՝ ժամանակ շահելու համար: Բաղրամյանից թեքվեցի Պռոշյան: 90-ականների սկզբներին այստեղ հայտնվելու մասին կարելի էր միայն երազել: Հազիվ մոմ ու նավթ էինք գնում, մեկ էլ քարտով հաց. խորովածի մասին, բնական է, խոսք չկար:

Հասա այն փոքրիկ տաղավարին, որտեղ արդեն 90-ականների վերջերին ես ու ընկերս՝ Տիգրան Լիլոյանը, երբեմն լինում էինք: Մոտենում էինք իր մեքենայով ու տեղում, «ոտքի վրա» «բրդուճ» արած քյաբաբ էինք ուտում: Թվում էր, թե աշխարհի ամենահամեղ ուտելիքն է: Այդ մեր «ծեսը» պարտադիր շարունակություն ուներ՝ այդտեղից գնում էինք Արշակունյաց պողոտա, ԴՈՍԱԱՖ-ի շենքից մի քիչ վերեւ: Այնտեղ էլ տաղավար կար, որտեղ մի պապիկ քաղցր գազավորված ջուր էր վաճառում: Այդ ջուրն այնքան սառն էր, որ խմելուց անմիջապես հետո ճակատս սկսում էր մի քանի վայրկյան անտանելի մռմռալ: Ամեն անգամ այնտեղ գնալուց այդ մռմռոցը կանխազգում էի, բայց Տիգրանի մշակած «ծեսն» էր, խախտել չէր կարելի:
 
****

Հասա «Դվին» հյուրանոցի կմախքին: Ցանկապատից այն կողմ տեսա, որ «Լեռնային պար» արձանը մնում է նույն հոշոտված ու բռնաբարված վիճակում: Մտածեցի, որ եթե մեր քաղաքապետն իսկապես սիրում է Երեւանը, վաղուց կարող էր միջոցներ գտնել այդ արձանը վերականգնելու ու տեղափոխելու համար: Մեկ էլ մի տաքսի կանգնեց: Վարորդը ջահել տղա էր, օգնեց դուրս գալ երիտասարդ աղջկան, ով իր փոքրիկ տղայի հետ էր: Ժպիտը դեմքին վարորդը գրկեց երեխային ու տաքսին թողած՝ իր ուղեւորներին օգնեց փողոցն անցել: Այնքան անկեղծ էր օգնում, որ ինձանից անկախ ժպտացի, տրամադրությունս էլ բացվեց:

****

Եկա Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, ավելի ճիշտ՝ Թատրոն-լաբորատորիայի: Պաստառի վրա դեռ գրված է Արմեն Մազմանյանի անունը: 1993-1994 թվականներին, երբ աշխատում էինք մեր «Մաքսիմում» թերթում, խմբագրությունն էլ տպարանի շենքում էր, «ապրում» էինք այդ թատրոնում: Այդ 3-4 ներկայացումները անգիր գիտեինք, բայց միեւնույն է գնում էինք: Ազատ շունչ էինք քաշում այնտեղ: Ու երեւի նաեւ այդ շունչն է, որ օգնում է այսօր ապրել:

Անգլիական այգում, «դեղին շենքի» դիմացը, մեծ ու վառ կանաչ խոտածածկ տարածք է՝ «բնակեցված» ջահելներով: Մի մասը կիթառ է նվագում, մյուսները պիցցա են ուտում, ինչ-որ մեկը գիրք է կարդում: Բոլորն այնքան սիրուն են՝ տղա թե աղջիկ: Այնքան ազատ ու լուսավոր են: Աղմուկ չկա, խաղաղություն է: Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում էի ու մի պահ թվաց, թե կրկին հայտնվել եմ Central Park-ում: Մեկին-մեկ տեսարան էր:

****

Անցնում եմ «Ռոսիա» կինոթատրոնի մոտով ու հասկանում եմ, որ շատ եմ կարոտում մեր «Երեւան. XX դար» նախագիծը, որով ապրում էինք մոտ 2 տարի: Այնքան նոր բան էինք իմանում Երեւանի, նրա մարդկանց ու շենքերի մասին:

****

Մոսկովյան փողոցում եմ, նախկին Պիոներպալատի շենքի մոտ: Պատուհանից տեսնում եմ, որ պարի դաս է: Եվ նորից՝ մեկը մեկից սիրուն ու լավ երիտասարդներ, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում Լոնդոնի կամ Սիդնեյի պարային ստուդիաների տղաներից ու աղջիկներից: Շատ երիտասարդ են, բայց արդեն բավականին վստահ: Ու ժպտում են, շատ են ժպտում, չեն ամաչում ժպտալուց, ժպտալն այլեւս թուլության նշան չեն համարում:

Նայում եմ նրանց ու հիշում եմ, որ դպրոցական տարիներին՝ երրորդ կամ չորրորդ դասարանում, գալիս էինք Պիոներպալատ՝ լեհական «Կրակովյակ» պարը պարելու: Փոքր էինք, թվում էր, թե Պուշկինի դպրոցից մինչեւ Պիոներպալատ հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել: Իսկ հիմա այդ ճանապարհը անցնում եմ երկու-երեք րոպեում...

****

Ասածս ինչ է: Իսկապես ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել: Իշխանությունը կարող էր ավելի մարդկային ու խելացի լինել: Քաղաքապետը կարող էր ոչ թե նորմալ ասֆալտ ունեցող կենտրոնական փողոցները քանդել ու նորից ասֆալտապատել, այլ վերանորոգեր բազմաթիվ անխնա փողոցները ծայրամասերում: Մշակույթի նախարարը կարող էր իրապես եւ ոչ թե ձեւական պայքարել Աֆրիկյանների տան համար: Վստահ եմ, այս ցանկը ինձանից լավ կշարունակեք:

Բայց մենք ապրում ենք Երեւանում ու հիմա ամառ է: Երեւանն էլ ամառային քաղաք է ու նրան պետք է ամռանը վայելել: Երբեմն մոռանալ ամեն բացասականը, որ կա մեր կյանքում, գոնե մեկ ժամով դուրս գալ ու զբոսնել շոգ Երեւանով, մտքում խոսել Երեւանի հետ, ըմբոշխնել բակերից եկող «գազի պլիտայի» վրա տապակած բադրջանի երեւանյան հոտը, հիշել մանկությունը, երբ ծնողները երիտասարդ էին, մենք էլ՝ երջանիկ ու անհոգ:

Սա էսկապիզմ չէ: Պարզապես պատմեցի այն մասին, որ ընդամենը մեկ ժամ անցկացրեցի սիրելի քաղաքի փողոցներում ու մի քանի շաբաթվա դրական լիցքեր ստացա: Դուք էլ փորձեք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին