Իսլամական խալիֆաթն ու Հայաստանը - Mediamax.am

Իսլամական խալիֆաթն ու Հայաստանը
6795 դիտում

Իսլամական խալիֆաթն ու Հայաստանը


Հունիսի 29-ին սկսվեց մուսուլմանների Ռամադան սրբազան տոնը: Նույն օրը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի եւ Իրաքի` իրենց կողմից գրավված տարածքներում իսլամական խալիֆաթ կամ Իսլամական պետություն ստեղծելու մասին: Իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդ, իսկ այժմ խալիֆ Աբրու Բակրա ալ-Բաղդադը կոչ էր անում գրոհայիններին շարունակել ջիհադն անհավատների դեմ: Գրոհային կառույցի ղեկավարները հայտարարեցին նաեւ իրենց խմբավորման նոր անվանումը` այն է` «Իսլամական պետություն»:

Իրաքից Հայաստան ընդամենը 300 կմ է, հետեւաբար, մեր հարեւանությամբ իսլամիստական խալիֆաթի առկայությունը մտորելու տեղիք է տալիս, հատկապես,եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նավթային բիզնես ծավալում, ինչի հաշվին ավելանում է ոչ միայն նրա անդամների թիվը, այլեւ ազդեցությունը տարածաշրջանում:

Խմբավորումը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որտեղ ներկայացված են իսլամիստների նկրտումները: Ծայրահեղական այս կառույցը մտադիր է վերականգնել երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրվա սահմաններով հյուսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսային շրջաններին:

Հիշեցնեմ, որ Սիրիայում այս կառույցը ամենաարագ գործող, թվաքանակը շատացնող ու ամենադաժան խմբավորումներից մեկն է: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ումար աշ-Շիշանին: Մինչ նրա անձին անդրադառնալը նշեմ, որ ռուսական բավականին հայտնի մի կայքում վերջինիս մասին ասվում էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է, որտեղ էլ վիրավորվել է ոտքից: Այնինչ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ումար աշ- Շիշանին` նույն ինքը Թարքան Բատրիաշվիլին, Վրաստանի Պանքիսի կիրճի գյուղերից է, ազգությամբ կիստ է (չեչենական էթնո խումբ): Վերջինս երեսուն տարեկան էլ դեռ չկա, հետեւաբար, նա չէր կարող մասնակցած լինել Արցախյան պատերազմին: Սակայն մասնակցել է ռուս-վրացական պատերազմին, եղել է հետախույզ, պլանավորել եւ իրագործել ռազմական բնույթի գործողություններ, որոնք հիմա մեծ հաջողությամբ կիրառում է Սիրիայում եւ Իրաքում:

Իսլամական խալիֆաթի առկայությունը մեր կողքին անհանգստանալու մի քանի առիթ է տալիս: Միջին Արեւելքում արյունոտ արաբական գարնան հետեւանքով առանց այն էլ աղքատ մուսուլման բնակչությունը հայտնվել է ծայրաստիճան աղքատ վիճակում, ու արդեն իսկ նավթային վաճառքն իրենց ձեռքում կենտրոնացրած ահաբեկչական խմբավորումներն առավել գայթակղիչ կդառնան, ուստի նրանց շարքերը կշարունակեն մեծանալ, իսկ թե դրա հետեւանքները որքան ահավոր կլինեն, մնում է միայն գուշակել...

Մյուս մտահոգիչ ու կարեւորագույն հանգամանքն այդ խմբավորումներում հետխորհրդային երկրներից ռուսախոս ահաբեկիչների խմբերն են, որոնք հետագայում կարող են Կովկասի իսլամական խալիֆաթի ստեղծման հովերով տարված նույն սցենարը կիրառել նաեւ մեր տարածաշրջանում: Վառ օրինակը հենց Աբու Ումարն է ու բազմաթիվ մյուս Ալ Շիշանիները (շիշանի արաբերենից թարգմանաբար նշանակում է չեչեն), որոնք հայտնի են տարբեր ահաբեկչական խմբավորումներում իրենց ունեցած ազդեցությամբ:

Հայաստանին սահմանակից երկրները նույնպես մտահոգվելու առիթ են: Վրաստանը, որը ֆինանսական կախման մեջ է Ադրբեջանից ու Թուրքիայից եւ որտեղ թրքացման արագ գործընթաց է գնում, դժվար թե զերծ մնա Ադրբեջանին սպառնացող տեսլականից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ահաբեկիչների համար տարանցիկ երկիր է դարձել, որ մի շարք ահաբեկչական խմբավորումներ Բաքվում նույնիսկ իրենց գրասենյակներն ունեն: Թուրքիայի` ահաբեկչության տարանցիկ երկիր լինելու, ահաբեկիչների ճամբարներ ու  որոշ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական ու ռազմական աջակցություն ցույց տալու մասին տեղյակ է ողջ միջազգային հանրությունը: Այս երեք երկրները կարող են դառնալ ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին «ջիհադիստների» մատակարարման նոր կենտրոններ, ինչի օրինակներն արդեն իսկ ունենք:

Մյուս հանգամանքը, որ մտահոգում է` Հայաստան-Ռուսաստան ասպեկտն է: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում, ինչի մասին, չնայած, Ռուսաստանը սովորաբար մոռանում է (Ադրբեջանին պարբերաբար հզորագույն զինտեխնիկա վաճառելով եւ դա որպես բիզնես որակելով): Իսկ հետխորհրդային երկրների իսլամիստական տրամադրություն ունեցող ահաբեկիչները, որպես կանոն, հակառուս են եւ թշնամի են դիտարկում ռուսամետ ցանկացած դրսեւորում: Ստացվում է, որ իսլամիստների հակառուսական տրամադրությունները կարող են օգտագործվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, քանի որ Հայաստանը հայտնի է որպես ռուսամետ կողմնորոշում ունեցող պետություն:

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել հզորագույն զինտեխնիկա` ոտնատակ տալով իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի շահերը: Փաստորեն, ռուս-ադրբեջանական «եղբայրական» հարաբերություններն այնքան ամուր են փակել ռուսաստանյան իշխանությունների աչքերը, որ վերջիններս հույս ունեն, որ արեւմտամետ Թուրքիայի կախյալ եղբայրը` Ադրբեջանը, որոշակի հանգամանքներում նույն ռուսական զենքը չի տրամադրի չեչեն, ինգուշ, ղազախ, ուզբեկ ու այլ հետխորհրդային երկրների իսլամիստներին` Կովկասյան իսլամիստական պետություն ստեղծելու համար, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը կունենան շահերի իրենց փաթեթները: Կովկասյան իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին հետխորհրդային երկրների իսլամիստները վաղուց են երազում: Արդյոք ռուսական զենքը չի՞ գործածվի նույն Ռուսաստանի դեմ` ՌԴ ներկայիս քարտեզը փոխելու համար:

Մնում է հուսալ, որ նավթային բիզնեսում իրենց ազդեցությունը մեծացնելու համար իսլամիստական ահաբեկչական խմբավորումները կսկսեն պայքարել միմյանց դեմ, իսկ Իրաքում,Սիրիայում ու Թուրքիայում քրդական գործոնը զսպիչ դեր կխաղա վերջիններիս ախորժակի համար:

Հայկանուշ Ալոյանը լրագրող-վերլուծաբան է, ուսումնասիրում է տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին