Ղարաբաղյան կրակահերթի օգոստոսը - Mediamax.am

Ղարաբաղյան կրակահերթի օգոստոսը
6726 դիտում

Ղարաբաղյան կրակահերթի օգոստոսը


Անհանգիստ ամառն ավելի անհանգիստ դարձավ վերջին օրերին արձանագրված կրակահերթից՝  այս անգամ հայ-ադրբեջանական շփման գծում:

Դժվար է հավաստի տեղեկատվություն գտնել, թե ինչ է կատարվում հեռավոր Լեռնային Ղարաբաղի ռազմական գոտում: Սակայն երկու կողմերից ստացված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ վերջին օրերին առնվազն 30 զինվոր է զոհվել, գուցե եւ ավել: Հայկական աղբյուրները հայտարարում են 5 հայ եւ 25 ադրբեջանցի զինվորի մահվան մասին: Ադրբեջանցի գնդապետն ասել է, թե 71 հայ զինվոր է սպանվել, իսկ երկրի պաշտպանության նախարարության համաձայն` ադրբեջանական կողմի զոհերը 13-ն են:

Սա թույլ է տալիս ենթադրել, որ նախորդ մեկ շաբաթում սահմանին ավելի շատ զոհ է եղել, քան ողջ 2013 թվականի ընթացքում:  

Ղարաբաղի առաջնագիծը Եվրոպայի ամենառազմականացված տարածքն է: Այստեղ խաղաղապահներ չկան, եւ հիմնականում անձնական շահն է ծանր զենքերով ու զինտեխնիկայով ապահովված` ընդհանուր հաշվով մոտ 20 հազարանոց բանակներին հետ պահում պատերազմից: 

Վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի շուրջ երկու կամ երեք տասնյակ մարդ է զոհվում սահմանային միջադեպերի հետեւանքով: Մի քանի գործոններ, ինչպիսիք են խաղաղ գործընթացի հանդեպ խորացող ցինիզմն ու Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունների շարունակական մրցավազքը, այս տարի իրավիճակը վատթարացրել են:   

Հայաստանը ռուսամետ ուղի է բռնել՝ Եվրասիական միությանն անդամակցելու ուղղություն վերցնելով: Սա գուցե ամրապնդել է Երեւանի հավատը, որ հակամարտության սրման պարագայում Մոսկվան կմիջամտի եւ օգնության կհասնի Հայաստանին` կատարելով ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած դաշնակցային պարտավորությունները:

Ադրբեջանն ավելի անվստահ եւ ագրեսիվ է երեւում: Իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ լայնածավալ ճնշումները շարունակվում են: Այս տարվա ապրիլին ձերբակալված Արիֆ եւ Լեյլա Յունուսներին այս շաբաթ աբսուրդի հասնող մեղադրանքներ են առաջադրվել՝ պետական դավաճանություն եւ լրտեսություն: Դրանից հետո շաքարախտով հիվանդ Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է բանտում:

Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում ավելի շատ բախումներ են արձանագրվել, անգամ այն սահմանամերձ տարածքներում, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ է եղել, օրինակ, Նախիջեւանում:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից շատերը տեղային բնույթ ունեն եւ համակարգված չեն, բայց առավել լուրջ միջադեպերը, ինչպես, օրինակ, շփման գծի ամբողջ երկայնքով հարձակումները, չէին կարող կատարվել առանց քաղաքական ղեկավարության համաձայնության:   

Այս հարձակումներն ամենայն հավանականությամբ գալիս են Ադրբեջանի կողմից, որը մերժել է դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու ճանապարհով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային նախաձեռնությունները: Որպես հակամարտության պարտված կողմ՝ ադրբեջանցիներն իրենց խնդիրն են համարում փոխել ստատուս-քվոն, լարման մեջ պահել մյուս կողմին եւ աշխարհին հիշեցնել հակամարտության մասին:

Սակայն հայկական կողմը եւս դեմ չէ ներկայացնել իր քաղաքական մոտեցումը:  Անցյալ շաբաթ հայկական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում պատկերված էր առգրավված ռադիոտեխնիկան, ադրբեջանական դիրքերի վրա հարձակման վերաբերյալ ենթադրությունների տեղիք են տալիս: Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, հարձակումը դժվար թե նախաձեռնված լիներ իրենց կողմից, քանի որ թե՛ նախագահը, թե՛պաշտպանության նախարարը անցյալ շաբաթ երկրում չեն գտնվել:

Այսպիսով, վերջին բռնությունները կարող են հայկական կողմի` մեծ ռազմական գործողության կամ ադրբեջանցիների մի քանի փոքր հարձակումներին հաջորդած հակագործողությունների արդյունք լինել: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո «ո՞վ է սկսել» հարցը դառնում է անիմաստ:

Օգոստոսի 4-ին` Եվրոպայի «Օգոստոսյան կրակահերթի» 100 ամյա տարելիցին, բախումները փոքր-ինչ մեղմվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հրավիրվել են Սոչի, որտեղ օգոստոսի 8-ին եւ 9-ին նախատեսված են նրանց առանձին բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ դեռեւս հաստատված չէ երկու երկրների նախագահների` միմյանց հետ հանդիպումը:

Պուտինն, անշուշտ, այդ հանդիպմանն իր սեփական օրակարգը կունենա, որը կվերաբերի ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղին: Առանց առավել էական խաղաղ գործընթացի, որում երկու կողմերն էլ կարող են շահագրգռված լինել, բռնության ալիքի բարձրացման հավանականությունը շատ մեծ է:     

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին