Հայաստանի մանեւրումները - Mediamax.am

Հայաստանի մանեւրումները
5802 դիտում

Հայաստանի մանեւրումները


Նրանց, ովքեր ցանկանում են Կովկասը տեսնել որպես կոկիկ աշխարհաքաղաքական շախմատի տախտակ, հիասթափություն է սպասվում:

Չնայած Ռուսաստանի ակնհայտ դժգոհությանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց մասնակցել նախորդ շաբաթ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Հայաստանը նախկինում վարում էր «կոմպլեմենտարիզմ» ձեւակերպում ունեցող արտաքին քաղաքականություն՝ հավասարակշռություն պահպանելով Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Իրանի միջեւ: Ներկայումս ուղղությունը վերցված է դեպի Ռուսաստան: Անցյալ տարի սեպտեմբերի 3-ին՝ ամսաթիվ, որը հայերն այժմ օգտագործում են՝ նկարագրելու ռազմավարական ուղղության նշանակալի փոփոխությունը, Սարգսյանը հայտարարեց իր երկրի՝ Եվրասիական միությանն անդամակցելու ցանկության մասին:  Մարտին Հայաստանը այն սակավ երկրներից էր, որը ՄԱԿ-ում Ղրիմի շուրջ քվեարկության ժամանակ սատարեց Ռուսաստանին:

Չնայած այս հանգամանքին, կոմպլեմենտարիզմի որոշ մասը հնարավոր եղավ պահպանել: Ուելսում Հայաստանի անունն Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ մեկտեղ ընդգրկվեց ՆԱՏՕ-ի հռչակագրի տեքստում որպես մի երկիր, որի «տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը» աջակցում է Դաշինքը:

Սա կարելի է դիտարկել որպես որոշակի երախտիք Սարգսյանին՝ Ուելս ուղեւորվելու  խիզախության համար, ինչպես նաեւ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի թիմին, որը լավ է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:

Ռուսաստանը տարբեր միջոցներով փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի վրա: Վերջերս հայտարարվեց Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու մասին:

Բայց կողմերի միջեւ մեծ է անվստահությունը: Հայերը բարկացած են Ռուսաստանի վրա՝  հակառակորդ Ադրբեջանին զենք մատակարարելու համար: Բոլորը հիշեցնում են, որ 2013 թ. ամռանը Սարգսյանը քննարկում էր Եվրոպական միության հետ դեպի հեռուն տանող Ասոցացման համաձայնագրի վերջին մանրամասները, երբ նա կտրուկ կերպով հետ քայլ կատարեց  եւ հայտարարեց, որ ընտրել է միանգամայն այլ ուղղություն՝ Եվրասիական միությունը:

Հիմա եվրոպամետ հայերը հավանական փրկիչներ են փնտրում՝ ի դեմս Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Երկուսն էլ չեն թաքցնում, որ առանձնապես ոգեւորված չեն Հայաստանի՝ Եվրասիական միության չորրորդ անդամ դառնալու հեռանկարից: Երբ Եվրասիական միությանն անդամակցելու բանակցությունների արդյունքում Հայաստանին հաջողվեց հատուկ պայմաններ ապահովվել 800 ապրանքատեսակների ներմուծման համար, Լուկաշենկոն դժգոհություն արտահայտեց նոր անդամների նկատմամբ «արտոնյալ պայմաններ կամ կարգավիճակ» որդեգրելու առթիվ:

Սակայն եթե անգամ Եվրասիական միության նախագիծը տապալվի ներքին հակասությունների պատճառով, Հայաստանն արդեն շատ բան է կորցրել Բրյուսելի հետ հարաբերություններում: Եվրամիության եւ Երեւանի միջեւ հարաբերությունները վերսկսելու վերաբերյալ լուրջ քննարկումները դեռ պետք է մեկնարկեն:

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին