Մեր իրականության կոր հայելին - Mediamax.am

Մեր իրականության կոր հայելին
5785 դիտում

Մեր իրականության կոր հայելին


Ինչո՞ւ են մեզանում մեծահարուստները հատուկ տեսակի շքեղություն սիրում՝ անհամաչափ մեծ պալատներ, թանկարժեք մեքենաներ հատուկ համարանիշներով, ցուցադրական հարստության այլ նմուշներ: Եթե այս սյունակը նվիրեի հերթական այսինչ այսինչյանի անիմաստ շռայլության քննադատմանը, այն հազիվ թե տարբերվեր թույնով լցված բազմաթիվ ֆեյսբուքյան մեկնաբանություններից: Պիտի խոստովանեմ՝ դրանք համարում եմ հոգնեցնող եւ բացարձակ անարդյունավետ:

Դրա փոխարեն եկեք մտորենք, թե որտեղի՞ց է գալիս մեր իրականության այդ ցավալի յուրահատկությունը: Նախ մի դրվագ պատմեմ իմ կյանքից, որը դաջվել է հիշողությանս մեջ: Մոտ 10 տարի առաջ մեկնեցինք Շվեյցարիա մի մեծ համաեվրոպական ընկերության հիմնական բաժնետիրոջ հետ հանդիպմանը: Խոսքը գնում էր ապագայում սերտ համագործակցելու մասին, եւ մեր հարաբերությունները արդեն այնքան ջերմ էին, որ հիմնական բաժնետիրոջ անձնական հրավերքը ստացանք՝ գործնական քննարկումներին հաջորդող օրը դահուկ քշել սարերում: Դժվար չէ պատկերացնել մեր զարմանքը, երբ նա կնոջ հետ հանդիպման վայր եկավ բավականին հին Volkswagen ավտոմեքենայով, մաշված տնային չստեր հագած, մեքենայից հանեց հին եւ մաշված դահուկներ, կոշիկներ, բաճկոն եւ այդ ամենը հագավ առանց որեւէ շփոթմունքի: Քաջ գիտակցում էինք, որ նա շատ հարուստ է, եւ, անկասկած, ժլատ մարդ չէ, սակայն անձնական սեփականությանը բավականին անտարբեր է վերաբերվում: Ինչո՞ւ:

Շատ պարզ պատճառով՝ շվեյցարացիներին շքեղությամբ չես զարմացնի: Ի՞նչ իմաստ ունի դրամ ծախսել շքեղ դահուկներ կամ բաճկոն գնելու վրա, եթե դրանցով միակ հիացողը դու ինքդ ես լինելու: Մի հասարակությունում, որտեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը անիմաստ շռայլությունը անխելքության աստիճանի թերություն է համարում, պետք է բացարձակ հիմար լինես ունեցվածքդ շռայլելու համար:

Մեկ այլ դրվագ էլ պատմեմ, որպեսզի ասածս էլ ավելի պարզ լինի: Դարձյալ ավելի քան 10 տարի առաջ ընտանիքով շրջագայում էինք Եվրոպայով, եւ մի գիշեր պիտի անցկացնեինք Լիխտենշտեյնում: Վաղ գարուն էր, զբոսաշրջիկներ դեռ քիչ էին, հյուրանոցները կիսադատարկ էին, եւ մենք բավականին մատչելի գնով մի հյուրանոցում սենյակներ էինք ամրագրել: Տեղ հասանք ուշ երեկոյան, մեզ դիմավորեցին եւ սենյակներ հատկացրեցին: Շատ հոգնած էինք, անմիջապես քնեցինք: Առավոտը տեղեկացանք, որ հյուրանոցում մեզանից բացի հյուրեր չկան, եւ մեզ դիմավորող երիտասարդը հենց հյուրանոցի տերն էր: Նրանք կնոջ հետ վաղ առավոտյան արթնացել էին, որ մեզ համար նախաճաշ պատրաստեն: Հյուրանոցի տերը անձամբ մեզ սպասարկեց, իսկ նախաճաշից հետո զրույցի բռնվեցինք նրա հետ: Բավականին հայտնի տոհմի զավակ էր, լավ կրթված, մեծ կալվածքներ ու ինչ-որ բիզնեսներ ուներ, սակայն բացարձակապես չէր խորշում անձամբ սպասարկել անծանոթ զբոսաշրջիկներին: Հնարավո՞ր է նման բան պատկերացնել մեզանում:

Մեծահարուստների պահվածքը ընդամենը հասարակության հայելին է: Նրանք անում են այն, ինչ, անկասկած, կաներ մարդկանց մեծամասնությունը, եթե նրանք լինեին իրենց տեղում: Անում են, որովհետեւ հենց դրանով են ժողովրդի աչքերում սոցիալական սանդղակի վրա ավելի բարձր դասվում: Եթե այդ սանդղակը այլ արժեքների շուրջ կառուցված լիներ, մեր մեծահարուստները այլ պահվածք կցուցաբերեին: Այդ պարզ ճշմարտությունը ապացուցող այլ օրինակներ դժվար չէ գտնել: Նույն ԱՄՆ-ում շատերն են երազում հարուստ լինել եւ գումար շռայլել, սակայն վերջին ժամանակներս սկսել է կարեւորվել սոցիալական պատասխանատվությունը եւ բարեգործությունը: Եվ խնդրեմ՝ ամենահարուստ ամերիկացիները իրենց գլխին սառը ջուր են լցնում, զուսպ կյանքի ոճ են քարոզում եւ նախընտրում են խոսել ոչ թե իրենց ստացածի կամ ունեցածի մասին, այլ իրենց բաժանածի:

Որպեսզի մեր մեծահարուստերը զուսպ լինեն, սոցիալական պատասխանատվություն ունենան, հոգան բնության մասին եւ օգնեն որբերին, մեզանից յուրաքանչյուրը պետք է դադարի հարստությունն ընկալել որպես կյանքի միակ նպատակ, հարեւանների հետ համատեղ կարգի բերի տան շրջակայքը, հոգ տանի շենքում ապրող ծեր կամ կարիքավոր մարդկանց մասին:

Քանի դեռ այդ ամենը հազվագյուտ տարօրինակություն է համարվում մեզանում՝ ինչպես կոր հայելու մեջ պետք է դիտենք մեր բազմաթիվ մեծահարուստներին հատուկ անճաշակ շռայլությունը, գանգատվենք, եւ, ցավոք, նախանձենք, դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելով, որ այլ բանի արժանի չենք:

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին