Ինչպես տխրեցրի Չավուշօղլուին - Mediamax.am

Ինչպես տխրեցրի Չավուշօղլուին
12867 դիտում

Ինչպես տխրեցրի Չավուշօղլուին


Այնպես չէ, որ ես թուրքագետ եմ այդ բառի լայն իմաստով: Թուրքիայում ընդամենը 2 անգամ եմ եղել, առաջին այցիս մասին արդեն պատմել եմ, իսկ երկրորդի ընթացքում ընկերներիս հետ նվաճում էինք Արարատը, իսկ դա լրիվ այլ պատմություն է: Պարզապես ստացվեց այնպես, որ ժուռնալիստական գործունեությանս տարբեր փուլերում եւ տարբեր վայրերում հանդիպել եմ ժամանակակից թուրքական պետության առաջնորդներին: Եռապատման այսօրվա հերոսս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն է, ով 2010-2012 թվականներին զբաղեցրել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը եւ ում հետ հարցազրույց եմ արել 2010-ի հունիսին Ստրասբուրգում:

Եվ այսպես, 2010թ. հունիսին ինձ հրավիրեցին Ստրասբուրգ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը լուսաբանելու: ԵԽ-ի մամուլի ծառայության համար ստանդարտ պրոցեդուրա է, երբ հրավիրյալ լրագրողին նախապես հարցնում են, թե ում հետ նա կցանկանար առանձին հանդիպել այցի շրջանակներում: Ես լկտիաբար խնդրեցի հարցազրույց կազմակերպել թե ԵԽ-ի, թե ԵԽԽՎ-ի ղեկավարների հետ: Մեւլութ Չավուշօղլուն դրանից մի քանի ամիս առաջ էր նշանակվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, բայց արդեն հասցրել էր «աչքի ընկնել»՝ փորձելով վերակենդանացնել Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող վաղամեռիկ ենթահանձնաժողովը: Նպատակը մեկն էր. խլել կարգավորման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ից եւ տեղափոխել քննարկումները ԵԽ, որտեղ ադրբեջանցիներն իրենց խավիարով, գորգերով եւ թանկարժեք այլ նվերներով պարարտ հող էին նախապատրաստել ադրբեջանամետ դիրքորոշման համար, առավել եւս որ ԵԽԽՎ նախագահ էր նշանակվել նրանց մերձավոր բարեկամն եղբայրական Թուրքիայից, ով չէր էլ թաքցնում իր հայացքները:

Ինձ համար անսպասելիորեն Չավուշօղլուն համաձայնեց պատասխանել հարցերիս, եւ ինձ տեղյակ պահեցին, որ նստաշրջանի 3-րդ օրն ինձ կհատկացնեն 20 րոպե նրա հետ զրուցելու համար: Բնականաբար, հարց ծագեց՝ ի՞նչ հարցեր տալ Չավուշօղլուին: Իմ գործընկեր Արա Թադեւոսյանն առաջարկում էր «կամիկաձե» ոճի հարցազրույց անել, այսինքն, անմիջապես սուր հարցադրումներով «հարձակվել» զրուցակցի վրա, բանավեճ հրահրել եւ «զոհվել քաջի մահով»: Ես ավելի մեղմ տարբերակի կողմնակից էի. չէի ցանկանում, որ ԵԽ անվտանգության ծառայությունն ինձ դուրս շպրտեր անմիջապես հանդիպումից հետո:):

Այստեղ պետք է շեղվեմ եւ մի քանի տողով պատմեմ, թե ինչ էր իրենից ներկայացնում ԵԽԽՎ շենքն այդ օրերին: Առաջին հարկում՝ աչք ծակող վայրում Թուրքիային նվիրված ֆոտոցուցահանդես էր գործում, որտեղ ներկայացված էին այդ երկրի տեսարժան եւ պատմական վայրերը: Իսկ երկրորդ հարկում՝ անմիջապես դահլիճի շքամուտքի մոտ, անցկացվում էին Ադրբեջանի օրեր: Միջանցքը «զարդարված էր» ադրբեջանական գեղատեսիլ վայրերի լուսանկարներով, իսկ ընդմիջման ժամին ադրբեջանցիք շքեղ հյուրասիրություն էին կազմակերպում, ընդ որում պատվիրակության անդամներն անձամբ էին «բռնացնում» դահլիճից դուրս եկող եվրոպատգամավորներին եւ մոտեցնում սեղաններին, որտեղ ուտեստներից բացի կային տարբեր հուշանվերներ, քաղցրավենիք, քարոզչական գրքեր, փոքրիկ գորգեր, որոնք առատորեն բաշխվում էին ցանկացողներին: Իսկ ադրբեջանցի կին պատգամավորներից մեկը՝ կարծեմ Գանիրա Փաշաեւան, կանգնում էր այդ խրախճանքի կենտրոնում եւ ֆշշացնում ամեն անգամ, երբ կողքով անցնում էի ես կամ մեր պատվիրակության անդամներից որեւէ մեկը: Երեւի ավելորդ է նշել, որ երբ գրադարանի հարեւանությամբ գտնվող փոքրիկ դահլիճում ԵԽ մարդու իրավունքների այն ժամանակվա հանձնակատար Համերբերգը ներկայացնում էր Ադրբեջանում այդ ասպարեզում տիրող ողբերգական իրավիճակը, նրան լսելու համարյա ոչ ոք չէր եկել. բոլորը հյուրասիրվում էին հարեւանությամբ:

Ինչեւէ, ահա հենց այս մթնոլորտում էլ կայացավ իմ զրույցը Չավուշօղլուի հետ: Հանդիպման ներկայացա ժամանակին, նույնիսկ մի փոքր շուտ, բայց ստիպված էի մի քիչ սպասել, քանի որ ադրբեջանցի լրագրողների հետ նրա զրույցը հասկանալի պատճառներով երկարել էր: ԵԽԽՎ նախագահը դիմավորեց ինձ ժպիտով, առաջարկեց ժամանակ չկորցնել եւ անմիջապես անցնել հարցազրույցին: Քանի որ ինձ խոստացված էր 20 րոպե, որոշեցի սուր հարցերը թողնել վերջում: Բուն հարցազրույցը, ինչպես նշեցի, կարող եք կարդալ այստեղ: Ավելացնեմ միայն, որ որքան ավելի սուր էին դառնում հարցերս, այնքան ավելի էր այլայլվում զրուցակցիս դեմքը. զգացվում էր, որ եթե ստիպված չլիներ դիվանագիտորեն շրջանցել սուր անկյունները, պատրաստ էր բավականին ագրեսիվ պատասխաններ տալ: Ի վերջո, նրան հունից հանեց հարցս այն մասին, որ դրանից մի քանի օր առաջ ադրբեջանցի դիվերսանտը հայկական դիրքերում 4 զինվոր էր սպանել եւ 4-ին էլ վիրավորել, իսկ ԵԽԽՎ-ն դրան ոչ մի կերպ չէր արձագանքել: Նա սկսեց արդարանալ, որ առաջին անգամ է այդ մասին լսում, բայց նրա դեմքի արտահայտությունից ակնհայտ էր, որ ստում է: Այդ պահին նա ընդհատեց հարցազրույցը՝ շեշտելով, որ ինձ խոստացված 10 րոպեները լրացել են, եւ ձեռքով ցույց տվեց դեպի դուռը: Ես չնահանջեցի եւ տվեցի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Չնայած ի սկզբանե խնդրել էր այդ մասին չխոսել՝ շեշտելով, որ ինքն իրավասու չէ պատասխանել Թուրքիայի իշխանությունների փոխարեն:

Վերջին հարցս ակնհայտորեն տխրեցրեց Չավուշօղլուին, նա մոռացավ դիվանագիտության մասին եւ սկսեց օգտագործել բառեր, որոնք իր մակարդակի պաշտոնյաներն երբեք չեն օգտագործում… Այդ պահին սենյակ մտավ նրա օգնականը եւ աչքերով հուշեց, որ եկել է հաջորդ զրուցակիցը, եւ անհրաժեշտ է ավարտել: Ես անջատեցի ձայնագրիչը, սակայն մինչ հավաքում էի իրերս, Չավուշօղլուն ասաց բառացիորեն հետեւյալը. «Դուք՝ հայերդ, ատում եք ինձ: Ինչո՞ւ եք դուք ինձ ատում…»: Ես չհասցրեցի որեւէ բան պատասխանել, միայն ուսերս թափ տվեցի, որովհետեւ դա հռետորական հարց էր. դրա պատասխանը զրուցակիցս վաղուց գիտեր:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին