Իրանա-ամերիկյան հաշտեցման հետեւանքները - Mediamax.am

Իրանա-ամերիկյան հաշտեցման հետեւանքները
11735 դիտում

Իրանա-ամերիկյան հաշտեցման հետեւանքները


Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները թեւակոխել են մի շրջան, որը որոշակի վերապահումներով կարելի է վճռորոշ անվանել։ Հիմնականում Իսրայելի շնորհիվ հայտնի դարձած նամակը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղարկել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, հանդիսանում է վերջին ամիսներին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ընթացող բանակցությունների տրամաբանական արդյունքը։ Ինչպես նշում են, նամակում ԱՄՆ նախագահը առաջարկում է Իրանին միջուկային ծրագրում փոխզիջում հասնելուց հետո կարգավորել հարաբերությունները եւ համատեղ պայքար ծավալել Իրաքի եւ Սիրիայի Իսլամական պետության դեմ։

Ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ ամերիկյան Կոնգրեսի ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած հանրապետականները լրջորեն կասեցնելու են Սպիտակ տան՝ Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Օբամայի վարչակարգը զգալի աշխատանք է տարել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ եթե դրանք հաջողությամբ պսակվեն, դա կլինի գործող ԱՄՆ նախագահին խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման հետադարձ արդարացում եւ մեծագույն ավանդ Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման գործում։

Սակայն պետք է նշել, որ հարաբերությունների կարգավորումը չի ենթադրում դաշնակցային փոխգործակցության հաստատում, ինչը շատ հաճախ սխալմամբ ներկայացվում է որպես ներկայիս բանակցային գործընթացի տրամաբանական ավարտ։ Ընթացիկ հարցերում, օրինակ, Իսլամական պետության դեմ պայքարում, Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են միասնական ճակատով հանդես գալ, սակայն միայն այն ժամանակահատվածում, քանի դեռ կա Իսլամական պետությունը։ Դրա ջախջախումից հետո, ինչը ներկայումս շատ կասկածելի է թվում, կողմերը նորից անցնելու են մրցակցության՝ Իրաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Թեհրանն ու Վաշինգտոնը չեն կարող դաշնակիցներ լինել, քանի որ նրանք տարածաշրջանում հետապնդում են ազդեցության հաստատման նույնական շահ եւ այդ իմաստով բնական մրցակիցներ են։ Իսկ իրանա-ամերիկյան բանակցությունների ողջ իմաստն այսօր այն է, որ այդ մրցակցությունը չանցնի հակամարտության, իսկ տարաձայնությունները կարգավորվեն շատ թե քիչ քաղաքակիրթ ձեւով։

Մեզ համար սկզբունքորեն հարց է, թե ի՞նչ է սպասում Հայաստանին իրանա-ամերիկյան հնարավոր կարգավորման արդյունքում։ Սա շատ կարեւոր հարց է, որն ունի երկու հիմնական հարթություն. 1) ռազմա-քաղաքական եւ 2) տնտեսական։ Առաջին հարթությունում կա անվիճելի իրողություն՝ իրանա-ամերիկյան կարգավորումն ու երկու կողմերի միջեւ ռազմական բախման վտանգի վերացումը բխում է մեր անվտանգության շահերից։ Սակայն ի՞նչ է մեզ սպասում տնտեսական հարթությունում։ Այստեղ ամենակարեւոր հարցն է՝ կշարունակի արդյո՞ք Թեհրանը Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորումից հետո աջակցել իր համար տնտեսական գրավչություն չունեցող, բայց քաղաքական բալանսավորման գործառույթ կատարող ծրագրերի իրականացմանը։ Դրանց թվում են Իրան-Հայաստան գազատարը, երկաթուղին, նոր բարձրավոլտ հաղորդագիծը եւ Մեղրու ՀԷԿ-ը։

Սրանք հարցեր են, որոնք դեռեւս պատասխաններ չունեն։

Սեւակ Սարուխանյանը Ջորջթաունի համալսարանի Ֆուլբրայթ հրավիրված գիտաշխատող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին