Պասիվ անտարբերությունից դեպի հանցավոր անհոգություն - Mediamax.am

Պասիվ անտարբերությունից դեպի հանցավոր անհոգություն
15758 դիտում

Պասիվ անտարբերությունից դեպի հանցավոր անհոգություն


Մի քանի տարի առաջ գործերով հայտնվել էի Ամստերդամում՝ Հոլանդիայի մայրաքաղաքում: Մինչ այդ Հոլանդիայի մայրաքաղաքում արդեն մի քանի անգամ եղել էի, սակայն հատկապես այդ այցը խորը տպավորվեց հիշողությանս մեջ:

Երկու օր քայլում էի տակավին աղբանոցում: Աղբը ամենուրեք էր՝ փողոցներում եւ մայթերի վրա, բոլոր հիմնական հրապարակներում աղբակույտեր էին: Դրանք այնքան բարձր էին, որ ծածկում էին առաջին հարկերի պատուհանները, եւ նրանց միջեւ նեղ անցումներ էին մնացել անցորդների համար:

Այդ օրերին քաղաքը մաքրող ծառայությունները գործադուլ էին հայտարարել: Ցավոք, մինչ մեր վերադառնալը ոչինչ չփոխվեց, եւ Ամստերդամը այդպես էլ հիշողությանս մեջ մնաց որպես ահավոր կեղտոտ քաղաք: Անգամ իմ հաջորդ այցելությունն արդեն մաքուր Ամստերդամ այդ տպավորության մեջ առանձնակի փոփոխություն չմտցրեց:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս տանից, որը Գերմանիայի դեսպանատան հարեւանությամբ է, եւ քայլում եմ դեպի Չարենցի փողոց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կողքով, անկախ ինձանից վերհիշում իմ Ամստերդամի պատկերները:

Պատճառն այն է, որ դեսպանատան շենքի ետեւի պատի տակ է գտնվում մեր թաղի աղբանոցը: Տեւական ժամանակ այդտեղից անհայտացել էին նախկինում տեղադրված աղբարկղերը, եւ մարդիկ աղբը նետում էին պարզապես պատի տակ: Այնտեղից էլ քամին եւ շները տարածում էին դատարկ պլաստիկե շշերը, թղթի կտորները եւ կենցաղային աղբի այլ բաղադրիչներն ամբողջ շրջակայքով:

Վերջերս նույն վայրում տեղադրվեցին ժամանակակից աղբարկղերը, որոնք պետք է որ լուծեին խնդիրը: Սակայն ամեն առավոտ զարմանքով նկատում էի նույն տեսարանը՝ դատարկ աղբարկղեր եւ դրանց կողքը՝ հատակին փռված աղբով լի կիսաբաց պարկեր: Հերթական մի օր այդ տեսարանն իր բացատրությունը գտավ: Անցնում էի այդ վայրով, մի մեքենա կանգնեց, վարորդի դուռը բացվեց եւ հերթական պարկը հայտնվեց հատակին: Վարորդին հարցրեցի ՝ ինչու է պարկը գետնին նետում, երբ դրանց համար արկղեր կան դրված: Պատասխանն ապշեցուցիչ էր՝ «այդպես է ընդունված, բոլորն էլ նետում են, ինչո՞ւ պիտի բացառություն լինեմ»:

Ինչպե՞ս բացատրեմ այդ մարդուն, որ այդ պարկի պարունակության հետ աղբն է գցում Հայաստանի զբոսաշրջության կենտրոն դառնալու հույսը: Ինչպե՞ս իրեն հասկացնեմ, որ այդ տեսարանը զզվանքով արձանագրած արտասահմանցին էլ երբեք Հայաստան վերադառնալու ցանկություն չի ունենա՝ մեզ փնթի եւ կեղտոտ ազգ համարելով, որի ոչ ուտելիքին կարելի է վստահել, ոչ էլ հյուրանոցի մաքրությանը: Ինչպես ես մեկընդմիշտ զզվեցի Ամստերդամից, այդպես էլ այդ զբոսաշրջիկն իր ընկերներին եւ ծանոթներին կպատմի Երեւանի անտանելի կեղտոտ թաղերի մասին, ուր մարդիկ ամիսներով չեն լողանում, աղբը գցում են ուր պատահի եւ սնվելուց առաջ ձեռքերը չեն լվանում: Վատ բաները հեշտ են տարածվում եւ արագ վերածվում առասպելների:

Ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը: Մարդկանց հուսահատությունը: «Ինչ էլ անենք, ոչինչ չի փոխվի» արտահայտությունն իր տրամաբանական շարունակությունն ունի: Հաջորդ քայլին այն վերածվում է «ինչ էլ անենք, միեւնույն է» մտքին, իսկ հետո «ինչ ուզես, կարելի է անել» հայտնագործությանը: Այս տրամաբանական շղթայի միջոցով պասիվ անտարբերությունը վերածվում է հանցավոր անհոգության: Քայլում եմ ամեն առավոտ աղբից գոյացած այդ անհոգության հուշարձանի կողքով եւ հասկանում եմ, որ անզոր եմ՝ եթե անգամ ինքս այդ աղբը հավաքեմ, մի քանի օրից այն նորից կգոյանա, քանի որ այն իրականում փողոցում չէ գոյացած, այլ մարդկանց ուղեղներում:

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին