Ջեմալ փաշայի ուրվականը եւ մեր մաքսիմալիզմը - Mediamax.am

Ջեմալ փաշայի ուրվականը եւ մեր մաքսիմալիզմը
31047 դիտում

Ջեմալ փաշայի ուրվականը եւ մեր մաքսիմալիզմը


Նախորդ շաբաթ Երեւանում շրջում էր Ջեմալ փաշայի ուրվականը: Բանը հասավ նրան, որ ոմանք անգիտակցաբար Հայաստան ժամանած Ջեմալ փաշայի թոռանը՝ հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալին, հենց այդպես էլ անվանում էին՝ Ջեմալ փաշա:

«Մոսկվա» կինոթատրոնում Հասան Ջեմալի հետ հանդիպմանը ոմանք գնացել էին պարզապես celebrity տեսնելու ակնկալիքով՝ «Ջեմալ փաշայի թոռն է եկել, գնանք տեսնենք»: Որոշ մարդիկ էլ Հայաստանում Հասան Ջեմալի գտնվելու օրերին առիթը բաց չէին թողնում նրան «կպնելու»՝ պնդելով, որ նա անկեղծ չէ, թուրքական իշխանությունների թաքուն գործակալն է եւ այլն:

Ես չգիտեմ` արդյոք Հայաստան գալուց Հասան Ջեմալը թաքնված օրակարգ ուներ, թե ոչ: Չգիտեմ նաեւ, արդյոք նա իր այցը համաձայնեցրել էր պաշտոնական Անկարայի հետ: Այնքան էլ հավանական չեմ համարում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմիցս քննադատել է Էրդողանին եւ Հայաստանից վերադառնալուց հետո շտապել հանդիպել Zaman թերթի աշխատակիցներին (թերթի խմբագիրը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից):

Ամեն դեպքում, Հասան Ջեմալին չճանաչելով՝ դժվարանում եմ դատողություններ անել նրա անկեղծության աստիճանի մասին: Բայց նաեւ դժվարանում եմ հասկանալ այն հիստերիան, որը ծավալվեց նրա այցի շուրջ:

Մենք ասում ենք, որ Թուրքիան պետք է փոխվի, առերեսվի իր անցյալի հետ, պատմությունից դասեր քաղի: Նաեւ նշում ենք, որ թուրքական հասարակությունն աստիճանաբար փոխվում է, եւ նախկին տաբուները սկսում են վերանալ: Եվ ահա Երեւան է գալիս այդ տաբուները վերացնողներից մեկը եւ ասում, որ իր «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքն իր անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես Հայոց Ցեղասպանությունը ժխտող մարդը կարող է վերափոխվել այն ճանաչող մարդու: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Սկսում ենք զայրանալ, որ Հասան Ջեմալը հրապարակավ ասում է, թե դեմ է Արեւմտյան Հայաստանի վերադարձնելուն եւ փոխհատուցումներին: Իսկ ի՞նչ պետք է ասեր: Որ հանդես է գալիս Վանը եւ Կարսը Հայաստանին փոխանցելու օգտի՞ն:

Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ հասարակության որոշ անդամներ փորձում էին վիճել ոչ թե թուրք լրագրող Հասան Ջեմալի, այլ 1922 թվականին Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի կողմից Թիֆլիսում սպանված Ջեմալ փաշայի հետ: Իսկ միգուցե պետք է փոքր-ինչ սթափվե՞լ: Ջեմալ փաշան իր պատիժը ստացել է, եւ նրա դատավճիռն ի կատար են ածել իրական հերոսներ: Կարիք չկա այսօր հավակնել նրանց դափնիներին:

Ավելի լավ է փորձենք հասկանալ՝ իրականում մենք ի՞նչ ենք ուզում: Երբ ասում ենք, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ ենք ակնկալում: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ ճանաչումը ցավոտ գործընթաց է լինելու, եւ առնվազն միամտություն է ակնկալել, որ Հասան Ջեմալը կամ Ռեջեփ Էրդողանը կարող են Հայոց Ցեղասպանությանը տալ նույնպիսի գնահատական, ինչպիսին տալիս ենք մենք՝ հայերս: Պարզ չէ՞, որ թուրքերը փորձելու են ճանաչման այնպիսի եղանակներ փնտրել, որոնք չեն խարխլի թուրքական պետականության հիմքերը: Եթե մենք պատրաստ չենք գնալ այդ երկար ու ցավոտ ճանապարհով, միգուցե հրաժարվե՞նք այն մտքից, որ Թուրքիան կարող է երբեւէ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մենք չենք էլ փորձում խնդրին նայել այսօրվա թուրքերի աչքերով: Նրանց մեծ մասը գաղափար չունի Ցեղասպանության եւ հայերի մասին, մի մասն էլ նոր է բացահայտում եղելությունը: Մենք մեր մաքսիմալիստական պահվածքով օգնո՞ւմ ենք այդ բացահայտողներին առաջ գնալ, թե՞ վանում ենք նրանց:

Դեկտեմբերի 12-ին ԵՊՀ-ում կայացել է Հասան Ջեմալի հանդիպումը արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, որի ընթացքում թուրք լրագրողն ասել է (մեջբերումն՝ ըստ Արմենպրեսի).

«Ես այսօր խոսում եմ որպես Հասան Ջեմալ, որպես գրող: Ես պետություն չեմ: Սակայն եթե ես լինեի Թուրքիայի Հանրապետությունը, ես նախ ներողություն կխնդրեի հայերից, երկրորդը` կընդունեի Ցեղասպանությունը, երրորդը` դասագրքերը կվերաշարադրեի, չորրորդը` հայկական մշակույթը, հայկական հետքերը նորից ի ցույց դնելու համար քայլեր կձեռնարկեի, հինգերորդը` բոլոր ցանկացողներին Թուրքիայի քաղաքացիություն կտայի, վեցերորդը` կնստեի եւ կխոսեի փոխհատուցման մասին»:

Եթե նույնիսկ նման մոտեցումը մենք չենք ընկալում որպես հիմք երկխոսության համար, ապա մենք ի՞նչ ենք ցանկանում լսել թուրքական հասարակության այն անդամներից, որոնք պատրաստ են խոսել Հայոց Ցեղասպանության մասին:

«Մոսկվա» կինոթատրոնի հանդիպմանը Հասան Ջեմալն իր պապուն սպանողներին «հրոսակներ» անվանեց: Այդ որակումն ինձ համար բացարձակ անընդունելի է, ինչպես եւ բոլոր հայերի համար: Սակայն դա չի նշանակում, որ այդ արտահայտության պատճառով պետք է անտեսենեք լրագրողի այն խոսքերը, որոնք մեջբերեցի քիչ առաջ: Մի՞թե մեր պատմությունը մեզ չի սովորեցնում, որ կյանքի սեւ-սպիտակ ընկալումը մեզ միշտ փակուղի է տարել:

Սակայն ամենատհաճն այն տպավորությունն է, որ աղմուկը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ գրքի թարգմանիչը՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, դժգոհ էր մնացել այն փաստից, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խախտել էր իրենց պայմանավորվածությունը եւ փոփոխություններ կատարել տեքստում (որքան հասկանում եմ, խոսքը էջատակերի մասին է, քանի որ թարգմանիչը չի կարող փոփոխություններ կատարել բնօրինակում): Եթե իսկապես խախտվել է կողմերի միջեւ կնքված պայմանագիրը, պետք է դիմել դատարան եւ այնտեղ պարզել հարաբերությունները:

Բայց պարոն Մելքոնյանն ասում է. «Ես ինձ համարում եմ բավարարված, որ հասարակությունը բացահայտեց թուրք մտավորականին: Հետամուտ չեմ ուզում լինել իրավական հարցերին եւ ընթացք չեմ տալու դրանց»:

Հետեւությունները թողնում եմ ձեզ:

Կարեւոր հարցերը թողած՝ շարունակում ենք ծամծմել Հասան Ջեմալի արտահայտությունները, մոռանալով, որ նա լրագրող է (թեեւ՝ հեղինակավոր) եւ ոչ թե որոշումներ կայացնող քաղաքական գործիչ: Սկսում ենք ակնարկներ անել Հրանտ Դինքի մասին, թե նա էլ «հակասական կերպար էր»: Լավ, բա մեզ ո՞վ է դուր գալիս, ու՞մ հետ խոսենք Թուրքիայում: Եթե եղածներին փորձում ենք նվաստացնել, արդյոք ուրիշները ցանկություն կունենա՞ն Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհով գնալ: Դժվար թե շատ լինեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ կլինեն քարկոծվել ոչ միայն հայրենի Թուրքիայում, այլեւ Հայաստանում:


Ի՞նչ ենք ուզում՝ Արեւմտյան Հայաստա՞նն եւ միլիարդավոր դոլարների փոխհատուցո՞ւմ: Եթե մի լրագրողի այցը կարող է մեզ այսպես իրար խառնել, ի՞նչ եք կարծում, մենք ի վիճակի՞ ենք Թուրքիայի հետ փոխհատուցման մասին խոսել:

 Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին