Հնագիտության ներուժը եւ հրապուրիչ դառնալու հեռանկարը - Mediamax.am

Հնագիտության ներուժը եւ հրապուրիչ դառնալու հեռանկարը
6339 դիտում

Հնագիտության ներուժը եւ հրապուրիչ դառնալու հեռանկարը


Տարիներ առաջ առիթ ունեցա հայտնի հնագետներ Ռուբեն Բադալյանի եւ Պավել Ավետիսյանի արշավախմբերի հետ մի քանի հնագիտական պեղումների մասնակցել: Այդ պեղումների արդյունքում սկսեցի պատկերավոր զգալ եւ տեսնել հնագետի ռոմանտիկ եւ դժվարություններով լի առօրյան, որն իրականում ֆիլմերից շատ չէր տարբերվում. իհարկե, կիլոներով ոսկի չէինք գտնում, բայց եւ այնպես նյութերը շատ հետաքրքիր էին:

Այդպես ուրվագծվում էր իմ ապագա մասնագիտության ընտրությունը, սակայն կյանքը ինձ ամբողջովին այլ ճանապարհով տարավ: Չնայած դրան, պեղումները ինձ շատ մեծ փորձառություն փոխանցեցին, օրինակ` սկսեցի մտքում հանգիստ պատկերացնել հազարավոր տարիների ընթացքը իրենց մշակութային շերտերով (հազար տարվա հնությունն արդեն լուրջ չէր` շատ նոր էր թվում...) կամ գիտակցել, թե ինչպես կարող է մի քանի քարերի «կույտ» կամ «փոս» համարվել հուշարձան, այն դեպքում, երբ հուշարձանը ինձ համար միշտ եղել է արձան, խաչքար կամ եկեղեցի:

Մի խոսքով` հնագետ չդարձա, բայց յոթ տարվա մշակութային գործունեությանս շրջանում` իբրեւ երախտագիտություն ոլորտին, մի քանի կարեւոր միջոցառումներ կյանքի կոչեցինք: Հետագայում մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումների եւ զրույցների արդյունքում հասկացա, որ հնագիտությունը միայն գրավիչ մասնագիտություն չէ, այլ լրջագույն հնարավորություններով մի ոլորտ, որն այս երկիրը կարող է դարձնել տարածաշրջանում ամենահետաքրքիր երկրներից մեկը:

Հնագիտությունը գիտության այն եզակի ճյուղերից է, որը խաչվում է միանգամից մի քանի այլ կարեւոր ոլորտների հետ: Ինչպես օրինակ` մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ այդ միջոցով նաեւ տնտեսության: Սա նշանակում է, որ այս ոլորտում էական փոփոխությունների դեպքում կամ ավելի ճիշտ ռազմավարական մի քանի քայլերի մշակման եւ իրագործման պարագայում մենք զուգահեռաբար դրական ազդեցություն կարձանագրենք նշված ոլորտների վրա եւս:

Հայաստանի տարածքում հնագիտական հուշարձանների մեծագույն մասը ոչ մասնագիտական շրջանակի համար վիզուալ առումով շատ հրապուրիչ չեն: Եթե  կյանքում չես մասնակցել պեղումների կամ մասնագետի կողմից քեզ չի բացատրվել աշխարհագրական վայրի կամ նյութի կարեւորությունն ու էությունն, հուշարձանը կլինի ամենավերջին վայրը, որը մարդ կցանկանա այցելել: Հնագիտական նյութը կարող է գրավիչ դառնալ հատկապես թանգարանում, երբ վիզուալ առումով ձեզ համար ստեղծված են բոլոր այն պայմանները, որի շնորհիվ դուք թանգարանից դուրս եք գալիս ուրիշին անհամբեր բան պատմելու մտքով: Այնպես որ` հնագիտական հուշարձանների գրագետ մատուցման համար պետք չէ ֆիքսվել այն գաղափարի վրա, որ Հայաստանում պեղված բոլոր հուշարձանները պետք է կոնսերվացվեն եւ այցեվայրեր դառնան: Շատ ավելի կարեւոր է գրագետ կերպով կազմակերպել մեր ազգային հնագիտական նյութի մատուցումը եւ դրա արդյունքում ակնկալել դրական ազդեցություն:

Մեր հարեւանները իրենց հերթին փորձում են հնագիտության հիման վրա ստեղծել գրավչություն: Օրինակ` նորոգում են թանգարաններ, տպագրում ճոխ գրքեր, կազմակերպում հնագիտական նյութի հատուկ ցուցադրություններ կամ կազմակերպում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնող կրթական ձեռնարկներ, ինչպես, օրինակ, Վրաստանում, որտեղ երեխանները հնարավորություն ունեն մասնակցելու պեղումների. հնագետն արհեստական ստեղծված միջավայրում ցույց է տալիս գրագետ պեղելու գործընթացը: Դե հիմա պատկերացրեք երեխայի ոգեւորության չափը, երբ դասընթացից հետո ինքնուրույն հայտնաբերում է «հնագիտական» առարկա: Հարեւանների նախաձեռնությունները լավն են, բայց երբ պատկերացրում ենք, թե ինչ կարող ենք անել մենք, հասկանում ենք, որ այս առումով ունենք լրջագույն ներուժ` լինելու տարածաշրջանի ամենահետաքրքիր երկրներից մեկը:

Իրականում, եթե պետությունը հնագիտության ոլորտին առնչվող մի քանի ռազմավարական ծրագրեր կյանքի կոչի, այս երկրում զբոսաշրջության ցուցանիշները կարող են էապես փոփոխվել եւ տարածաշրջանում Հայաստանը դառնա շատ գրավիչ պետություն, միեւնույն ժամանակ այդ ծրագրերով ազդել գիտության վրա եւ երկրում ստեղծել մշակութային լուրջ իրարանցում: Վերջին ամսում հաճախ եմ հնագետ ավագ ընկերներիս հետ խոսել այս թեմայով եւ հարցերիս միջոցով փորձել եմ հասկանալ, թե ո՞ր գաղափարները կարող են դառնալ այդպիսի ռազմավարական ծրագրեր, որոնց իրականացմամբ արդյունքները կլինեն շատ տեսանելի:

Ծրագրերն իրականում շատ են, ես կառանձնացնեմ երկուսը, որոնք ինձ համար գոնե շատ համոզիչ էին եւ իրատեսական: Գաղափարը շատ պարզ է, գուցե մի քիչ` թանկ. Հայաստանում հիմնել հնագիտության ժամանակակից թանգարան եւ վերականգնել Հայաստանի հնագիտական մեծ կարեւորություն ունեցող հուշարձաններից Լոռի բերդը իր ենթակառուցվածքներով եւ այն այցելության համար խիստ հրապուրիչ միջավայր դարձնել:

Ի՞նչ է նշանակում ժամանակակից հնագիտության թանգարան եւ ենթակառուցվածքներով զարգացած հնավայր:

Հնագիտության ժամանակակից թանգարանը որեւէ կերպ չի կրկնօրինակելու կամ նմանվելու Հայաստանի Պատմության թանգարանին: Այն ներկայանալու է իբրեւ հատուկ ուղղվածություն ունեցող գիտամշակութային առանձին միջավայր` իր ժամանակակից ճարտարապետական լուծումներով: Այս առումով ճարտարապետությունը պետք է լինի ծրագրի կայացման կարեւորագույն սյուներից մեկը: Շենքային արտաքին եւ ներքին լուծումներից այցելուն պիտի հստակ զգա, որ գործ ունի 21-րդ դարին բնորոշ կառույցի հետ: Թանգարանը իր ճարտարապետությանը համապատասխան պիտի տարբերվի մյուս թանգարաններից նյութի մատուցման իր եզակի ոճով: Այս պարագայում առաջնայինը չենք շեշտում ներկայացվող նյութի հարստությունը կամ քանակը, այլ դրա` մատուցման մեթոդը: Փաստացի` մեկ գրավիչ միջավայրում սկսում ենք մեր երկրի հնագիտությունը մատուցել  այսօրվա զարգացած տեխնոլոգիաների կիրառմամբ: Պատկերացրեք, այցելում եք թանգարան, որտեղ պատի փոխարեն տեսնում եք մեծ էկրաններ, որում ներկայացվում են պեղման ընթացքը իր տարբեր փուլերով (ինչու ոչ՝ նաեւ 3D), աչքիդ առջեւ ցուցադրվում է այդ արշավի պեղված նյութերը, իսկ գրագետ պատրաստված անիմացիաններն օգնում են հասկանալ աշխարհագրությունը եւ մտովի վերականգնել նախամարդու կենցաղը: Ձայնային եւ վիզուալ էքսպոզիցիայի արդյունքում դու քեզ լիովին զգում ես հնավայրում կամ նախնադարում... քայլում ես հաջորդ սրահ, որտեղ ապակե պատից դիտում ես հնագիտական նյութի վերականգնողական եւ հետազոտման լաբորատորիայի աշխատանքին եւ այդպես հերթով սրահներով տեսնում ես բաներ, որոնք այս պահին պատկերացնելու համար պիտի բախտ ունենաս ճանաչես հատուկ մարդկանց, գնաս պեղումների, կարդաս շատ տեքստեր եւ ճամփորդես կիլոմետրեր:

Ինչ վերաբերում է Լոռու բերդին, նշեմ, որ հուշարձանի ամբողջական համապատասխանեցումը ժամանակակից տուրիստի պահանջներին թույլ կտա մի հուշարձանի պտույտով հասկանալ Հայաստանի հնագիտությունը իր նախնադարից մինչեւ միջնադար, ինչպես նաեւ բնությունը, որը հրաշալի խտացված է հուշարձանի ողջ շրջակայքով: Հնավայրի տարածքում ենթակառուցվածքներ ունենալը նշանակում է ստեղծել համապատասխան լուսավորման ցանց, ապահովվել անվտանգություն, տեղադրել գրագետ եւ հրապուրիչ ցուցատախտակներ, պահել մշտապես նորոգված ճանապարհ, ստեղծել հարակից կենցաղային օբյեկտներ եւ այլն: Այս դեպքում, եթե մարդ գնաց-հասավ հնավայր, անպայման բացի լուսանկարվելուց, կօգտվի նաեւ տարածքում առաջարկվող զբոսաշրջային ծառայություններից: Վերջապես, մարդիկ կհասկանան, որ հուշարձանի համար կատարված ներդրումներն անպայմանորեն մոտակա բնակիչների համար կդառնան փողի աղբյուր, ինչպես օրինակ` գառնեցիների համար խորհրդային շրջանում վերակառուցված Գառնին:

Այսպես` թեեւ գաղափարը իրագործելի է երկարաժամկետ կտրվածքով, սակայն ռազմավարական առումով այս քայլերով մենք միանգամից դառնում ենք հնագիտությունը լավագույնս ներկայացնող երկրներից մեկը: Եթե արվածը միջազգայնորեն լավ գովազդենք,  Հայաստան կսկսեն այցելուներ գալ կոնկրետ հենց թանգարանը կամ հնավայրը տեսնելու նպատակով (էլ չասեմ արտերկրի մասնագիտական շրջանակների մասին), ինչպես եւ մեզնից շատերը` երբեմն այցելում ենք քաղաքներ հատուկ մեկ մշակութային կենտրոն այցելելու համար: Մի տեսակ ներքին վստահություն ունեմ, որ այս օրինակի լավ կառավարման դեպքում անհատ ներդրողները եւս կառաջարկեն այլ հուշարձանների նկատմամբ ներդրումային ծրագրեր` հույս ունենալով մոտակա բնակավայրերում հիմնել ենթակառուցվածքներ եւ ակնկալել փող: Մի բան փաստ է, որ այս երկրում օտարի համար բացի միջնադարյան հոգեւոր կառույցներից պետք է համակարգված կերպով ներկայացնել նաեւ պատմամշակութային մեր այլ շերտերը: Նման թանգարանն ու լավ կազմակերպված հնավայրը, անշուշտ, հարուստ երկրի համար են, բայց հաշվի առնելով ազգիս փող ունենալու ցանկությունը, գուցե սա ստիպի մեզ նստել լավ հաշվել, մի քիչ ավել երազել ու սկսել իրականացնել, այլ ոչ թե ֆինանսական եւ գիտական ազգային մի մեծ ռեսուրս ուղղել հարեւանների աբսուրդ «գիտական» թեզերին հակահարված տալուն:

Նարեկ Աշուղաթոյանը «Ծիրանի մշակութային հանգոյցի» ղեկավարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին