Մեր ապագայի թշնամին - Mediamax.am

Մեր ապագայի թշնամին
9560 դիտում

Մեր ապագայի թշնամին


Երկրի ապագան պայմանավորվում է նրանով, թե նրանում ապրող մարդիկ որքանով են պատրաստ անձնազոհ եւ համախմբված այդ ապագան կերտել։ Յուրաքանչյուր մեծ պետություն ինչ-որ պահի անցել է այդ փուլով, երբ հավատը գերիշխել է, եւ մարդկանց միտքն ուղղվել է դեպի ապագա։ Եթե չլցվենք այդ հավատով եւ ապագայի ակնկալիքով, սքանչելի ապագան երբեւէ իրականություն չի դառնա։

Արդեն կես տարի է, ինչ «Այբ» դպրոցի տնօրենն եմ։ Նկատել եմ, որ երեխաների պարագայում բացահայտ տեսանելի են այն օրինաչափությունները, որոնք հասուն մարդկանց մոտ հեշտությամբ չեն բացահայտվում, քանի որ տարիքի հետ անհետանում է երեխաներին հատուկ անմիջականությունը։

Երեխաների հավատը կոտրող ամենահիմնական պատճառն անարդարությունն է։ Այն բերում է եղած իրականության նկատմամբ վստահության կորստի, որից բխում են նաեւ կասկածամտությունը, ձեւականությունը, ստախոսությունը, խմբավորումներն ու իրար հակադրվելը։ Այդ երեւույթներն աղավաղում են ցանկացած առողջ միջավայր եւ վերածում այն դաժան ու աննպատակ պայքարի դաշտի, որտեղ չկա հույս եւ ապագա։

Իսկ ի՞նչն է համարվում անարդարություն։ Երեխաների անմիջական պատկերացումների համաձայն՝ այն իրենց կողմից ընկալվող խաղի կանոնների խախտումն է՝ ուժի, խաբեության կամ կանոնների անորոշության պատճառով։

Եթե աշակերտների հետ նման անարդարություն է պատահում, իրենք փորձում են լուծումներ գտնել։ Նկատելի է, որ գրեթե միշտ այդ լուծումները փնտրելիս աշակերտները խուսափում են դպրոցի անձնակազմին ներգրավելուց։ Դրանում կա մանկական պատժի վախը, սակայն դա նաեւ դասական հայկական երեւույթ է, որը բխում է դարերով պետականություն չունենալուց։ Բնական է, որ մենք երբեւիցե չենք դիմել օտար իշխանությանը մեր ներքին հարցերը լուծելու համար։ Հիմա արդեն սեփական պետություն ունենք, սակայն մեր դարերի պատկերացումներից ելնելով՝ մեզ ավելի հարմար է այն որպես օտար ընկալել, եւ շարունակել կիրառել պապերի փորձը։

Երեխաներն էլ ուղղակիորեն կրկնում են այդ նույն մտածելակերպը, որը մեր մշակույթի մասն է։ Մեծ ճիգ եւ եռանդ է պահանջվում, որպեսզի զգալ տանք իրենց, որ մենք հավասարապես շահագրգռված ենք խնդիրներին լավագույն լուծում տալու հարցում, եւ այլ նպատակ չունենք՝ բացի իրենց համար դպրոցում լավագույն պայմանները ստեղծելուց։

Եթե այս դիտարկումն ընդհանրացնենք հասարակության վրա, ապա հասկանալի է, թե ինչ հակասական հարց պետք է լուծեն իշխանությունները։ Մի կողմից, որպեսզի վերջնականապես չկորցնեն մարդկանց վստահությունը, իրենք պետք է ամեն պահի հետեւեն արդարության սկզբունքներին, ինչը նշականում է, որ պետք է ընկալվող, եւ ոչ թե թղթի վրա գրված արդարության պատկերացումների հետ հաշվի նստեն։ Մյուս կողմից, ինքը՝ իշխանություն երեւույթը, անարդարության մարմնավորում է, եւ անհնար է միաժամանակ իշխանություն ունենալ եւ արդարություն պահպանել։ Սրան գումարվում է մեր դարավոր անվստահությունն իշխանությունների նկատմամբ, որը դատապարտված է լիովին ճաշակելու մեր երկրի ցանկացած ղեկավար։

Քանի որ իշխանություններն անարդարություններ են թույլ տալիս, անհրաժեշտ են մշտական քայլեր՝ վստահության պաշարները լրացնելու համար։ Իշխանություններին ուղղակի անհրաժեշտ է ամեն պահ հոգալ, որ արդարացի ընկալվող գործողություններ ձեռնարկվեն եւ իրականացվեն, եւ դրանք պետք է նախաձեռնվեն, եւ ոչ թե լինեն արդեն առաջացած սրման պատասխան։ Զարմանալի է, թե այս բացահայտ գաղափարը ինչու չի իրականացվում։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի գոնե մասամբ հետ վաստակել ժողովրդի վստահությունը։ Եվ հնարավոր կլինի հուսալ, որ դրա հետեւանքով մարդիկ հավատ կունենան մեր երկրի ապագայի նկատմամբ եւ կսկսեն ներդրումներ կատարել այդ ապագայի մեջ։ Հավատ ունենալը մարդկային ուժգին ձգտում է, քանի որ այն երջանկության հիմնական գրավականն է։ Մարդիկ միշտ էլ ցանկանում են հավատալ, եւ մեծ ջանք ու տաղանդ է պետք, ինչպես նաեւ՝ սեփական հավատի բացարձակ բացակայություն, որպեսզի մարդկանց մեջ հավատի լույսը իսպառ մարես։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին