Շփվել իրական մարդկանց, այլ ոչ թե ուրվականների հետ - Mediamax.am

Շփվել իրական մարդկանց, այլ ոչ թե ուրվականների հետ
34867 դիտում

Շփվել իրական մարդկանց, այլ ոչ թե ուրվականների հետ


Թուրքիայում երկու տարի բնակվելու ընթացքում (Հայոց ցեղասպանության թեմայով մագիստրոսական թեզ եմ գրում Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում), ամեն օր թուրքերով շրջապատված լինելով ես օր օրի ավելի եմ համոզվում, որ մեզ շփում ու երկխոսություն է անհրաժեշտ:

Հայ-թուրքական հարաբերությունների ամենամեծ խնդիրներից է ճշգրիտ տեղեկատվության պակասը, ինչը խոչընդոտում է շփմանը: Ընդ որում` դա երկու կողմերին է վերաբերում: 

Թուրքիան 75 միլիոնանոց բնակչությամբ հսկայական երկիր է, որի նպատակն է մինչ 2023 թ-ը (Լոզանի կոնֆերանսի 100-ամյակը) ընդգրկվել աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում: Մշակույթի տեսակետից այն միատարր չէ: Երբ խոսում ենք թուրքական հասարակական կարծիքի մասին, ապա պետք է հաշվի առնենք նրան հատուկ էթնիկ բազմազանությունը. օր օրի աճող քրդական բնակչությունը, որ արդեն 13-15 մլն է կազմում, ինչպես նաեւ սուննիների, ալեւինների ու շիաների միջեւ առկա կրոնական տարաձայնությունները:

Թուրքիայում գաղափարախոսական տեսակետից հասարակությունը շատ խայտաբղետ է: Այնտեղ կան քեմալականներ (Աթաթյուրկի կողմնակիցներն ու «զինվորները») եւ իրենց հակակառավարական գործունեությամբ, մշտական ցույցերով հայտնի ձախակողմյանները: Կան Գյուլենի կողմնակիցները, ովքեր վերջնականապես խզեցին Էրդողանի կուսակցության հետ կապերը: Կան եւ Թուրք ազգայնականներն ու պանթյուրքիստականները: Ինչպես նաեւ համեմատաբար նոր, բայց արդեն իսկ բավականին հաջողված քրդական զույգ-կուսակցությունները՝ Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունն (ԽԺԿ) ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որոնք միավորում են քրդերին, ինչպես նաեւ մնացած ազգային փոքրամասնություններին՝ եւ հայերը բացառություն չեն: Հիշենք ԺԴԿ-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հայտարարությունը, որը նա արել է Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ այն մասին, թե կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ընտրվի նախագահի պաշտոնում: Այս ցուցակը դեռ ամբողջական չէ, բայց արդեն իսկ ցույց է տալիս, որքան բազմազան եւ բուռն է Թուրքիայի սոցիալ-քաղաքական կյանքը եւ որ ցանկացած ընդհանրացումները կոպիտ սխալ կլինեին:

Կարեւոր է նաեւ հասկանալ, որ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնության համար Հայկական հարցը երկրի գերակայությունների շարքում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում: Այսօր թուրքերի համար ավելի կարեւոր է չլուծված քրդական հարցը, անհանգիստ Սիրիան ու Իրաքը իր իսլամական ծայրահեղականներով, առաջատար տնտեսություն ունեցող պետությունների շարքին դասվելու նպատակը, չճանաչված Հյուսիսային Կիպրոսը եւ այլն: Հատկապես կարեւոր է այն փաստը, որ  Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման ընթացքում այդ խնդիրների տեսականին ավելի է ընդլայնվել:

Շատ թուրքերի անտեղյակությունը հայերին վերաբերող նույնիսկ ամենատարրական հարցերում ուղղակի ապշեցնում է: Ինձ հանդիպել են մարդիկ, ովքեր իսկապես չգիտեին, թե որն է Հայաստանի մայրաքաղաքը, նրանցից շատերը տեղյակ չէին, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը փակ է: Դե, իսկ առաջին հորիզոնականը կտայի մի սրճարանի տիրոջը, ով վստահ էր, որ հայերն ու ադրբեջանցիները եղբայրական ազգեր են: Եւ ու՞մ մեղադրել այս իրադրությունում: Պետությա՞նը, որ արդեն 100 տարի է նպատակաուղղված այս քաղաքականությունն է իրականացնում, ժողովրդի՞ն, որ ուսանել է Թուրքիայում՝ թուրքական դասագրքերով եւ կյանքում ոչ մի հայի չի հանդիպել, թե՞ հայերին, ովքեր հրաժարվում են թուրքերի հետ շփվել, քանի դեռ նրանք չեն արտասանել «ցեղասպանություն» բառը:

Ահա ամենատարածված կարծիքը, որ կարտահայտի միջին վիճակագրական Թուրքիայի քաղաքացին. առաջին աշխարհամարտի ընթացքում հայերը դավաճանել են թուրքերին եւ անցել են Ռուսաստանի կողմը: Ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ավելին, այդ ամենը նենգ Եվրոպայի քաղաքականությունն է՝ ուղղված Թուրքիայի դեմ:  Մարդիկ Արեւմտյան Հայաստանի՝ հայկական քաղաքակրթության օրրանի մասին չունեն որեւէ տեղեկություն: Չունեն նաեւ տեղեկություն Հայաստանի պատմության մասին մինչ 1915 թ-ը, իսկ 1915-ից հետո գիտեն միայն մեկ բան՝ ԱՍԱԼԱ: Դրանով նրանց գիտելիքները սահմանափակվում են:

Այս ամենի ֆոնին, երբ թուրք մտավորականներ Հասան Ջեմալը, Չենգիզ Աքթարը, Ալի Բայրամողլուն եւ այլոք, չվախենալով վտանգել իրենց կյանքները, ջանում են ոչնչացնել թերիմացության եւ հակադրության պատնեշը եւ որեւէ բան փոխել թուրք հասարակությունում, հայերի կողմից աջակցության փոխարեն «թուրքական շահերի ջատագովի» պիտակ են ստանում: Այսպե՞ս ենք մենք շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր փորձում է համակրանք դրսեւորել հայկական հասարակության հանդեպ: Սա անառողջ իրավիճակ է:

Ես աշխատում եմ ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր համաժողովներում, հատկապես եթե նրանք հնարավորություն են ընձեռնում ելույթ ունենալ ու ծանոթանալ մարդկանց հետ: Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ հենց մարդիկ իմանում են, որ միջոցառմանը Հայաստանից մարդ կա, ամբողջ ուշադրությունը անմիջապես սեւեռվում է նրա վրա: Ինձ հաճախ մոտեցել են մարդիկ եւ խնդրել են Հայոց ցեղասպանության մասին նյութեր ուղարկել, Հայաստան այցելելու ցանկություն են հայտնել, բայց միեւնույն ժամանակ մտավախություն, որ կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Նրանցից ոմանք քրդեր էին, եւ որպես կանոն, նրանք սկզբում ասում էին. «Մեր քուրդ նախնիները շատ անողոք ու դաժան վարվեցին հայերի հետ, եւ ես շատ եմ ամաչում դրա համար, հուսով եմ մի օր դուք կկարողանաք ներել մեզ»: Եվ ինչպե՞ս կարող եմ ես այդ մարդկանց ընդառաջ չգնալ: Չէ որ ինձ հետ շփվելուց հետո նրանք կկիսվեն նոր գիտելիքներով իրենց շրջապատի հետ, իսկ դա չափազանց կարեւոր է:

Տեղափոխվենք Հայաստան: Փոքր պետություն, 3 մլն բնակչությամբ (համեմատելու համար՝ Անկարայի բնակչությունը 5 մլն է, Ստամբուլինը՝ 15 մլն), որը երկու կողմից շրջափակման մեջ է: Խորապես խոցված ազգ, որի միակ սփոփանքը՝ աշխարհում առաջին քրիստոնեական պետություն լինելն է, որը կառչում է իր անցյալից, վաղեմի ծաղկման ու փառքի տարիներից: Այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի կողմից հայ-թուրքական հարաբերությունների ընկալման հարցում կարելի է անվանել «պատմական ցնցում»: Դրա վառ օրինակներն են այնպիսի արտահայտություններն, ինչպիսիք են «Թուրքը միշտ էլ թուրք է մնում», «չի կարելի թուրքին վստահել», եւ այլն: Մինչեւ հիմա մեր գիտակցության մեջ թուրքը ընկալվում է նույնկերպ, ինչպես որ 100 տարի առաջ: Մենք հրաժարվում ենք շփվել նրանց հետ, բայց ցանկանում ենք, որ նրանք ճանաչեն Ցեղասպանությունը: Իսկ ինչպե՞ս նրանք ճանաչեն, եթե մենք չենք գնում երկխոսության: Իսկ նրանց, ովքեր փորձում են այս բարդ իրավիճակում որեւէ բան անել եւ այս սարը տեղից շարժել, «թշնամի» կամ «գործակալ» ենք անվանում: Ես լավ հիշում եմ, թե ինչպես էին հայկական ԶԼՄ-ները փնովում Հրանտ Դինքին, ով մշտապես ձգտում էր երկու ազգերը դեպի երկխոսություն տանել: Դասական հայկական սցենար է. «Գնա մեռի, արի սիրեմ»:

Եվ վերջում կուզենայի գրել մի դեպքի մասին, որ շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ վրա եւ հերթական անգամ հույս ներշնչեց, որ թուրք հասարակությունը փոխվում է, եւ մենք չպետք է հրաժարվենք երկխոսությունից:

2014 թ-ի ապրիլին Ստամբուլում հանդիպեցին տարբեր հակառասիստական շարժումների ներկայացուցիչներ: Այնտեղ կար ֆրանսիական հակառասիստական EGAM շարժումը (European Grasstoot Antiracist Movement), թուրքական DurDe! (Կանգնեցրո՜ւ) շարժումը, որոնք պայքարում են ռասիզմի ցանկացած դրսեւորումների դեմ: Նրանց էր միացել թուրքական Մարդու իրավունքի միությունը (IHD) եւ Համահայկական բարեգործական միությունը (AGBU): Նրանք պատրաստել էին երկարատեւ ծրագիր՝ ուղղված Թուրքիայում եւ Եվրոպայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը:

Ապրիլի 24-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ստամբուլի գլխավոր «Թաքսիմ» հրապարակում, պահելով այն հայ մտավորականների պատկերները, ովքեր դարձան Ցեղասպանության առաջին զոհերը: Ինչպես ասում էր Հրանտ Դինքը, «ի տարբերություն Հայաստանի ու Սփյուռքի հայությանը, Թուրքիայի հայերը հնարավորություն չունեն ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերին: Նրանք դա անում են լուռ, իրենց տներում»: Շատ ցավալի է, որ Հրանտը էլ չկա, եւ նա չկարողացավ տեսնել, թե ինչպես էին Ստամբուլի կենտրոնում հարյուրավոր մարդիկ հավաքվել՝ այն նույն Ստամբուլի, որ այլեւս երբեք առաջվանը չի լինի: 

Մարդկանց հետ շփվելիս ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեծագույն սխալ է խեղված անցյալի փոխանցումը հաջորդ սերունդներին, համառ դիմադրությունը՝ հնացած կարծրատիպերի վերացնելու հարցում: Այս ամենը բնավ չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր պատմությունը՝ երբեք: Ցեղասպանության վերքը շատ խորն է եւ թուրքական քաղաքական գործիչները իրենց հերքումներով ուժեղացնում են մեր ցավը: Այնուամենայնիվ, չի կարելի կենտրոնանալ միայն դրա վրա: Այդ վիճակից դուրս գալու համար պետք է շփվել իրական մարդկանց, այլ ոչ թե 100 տարվա հուշերի ուրվականների հետ:

Դիանա Յայլոյանը Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին