«Այբ» դպրոցի ամբողջականությունը - Mediamax.am

«Այբ» դպրոցի ամբողջականությունը
6304 դիտում

«Այբ» դպրոցի ամբողջականությունը


Չնայած «Այբ» դպրոցի տնօրենն եմ, սակայն դպրոցի մասին հազվադեպ եմ գրում, եւ անգամ երբ գրում եմ, զուտ զուգահեռներ անցկացնելու կամ օրինակ բերելու համար։ Ինչո՞ւ։ Քանի որ դպրոցը իմ երկրորդ ընտանիքն է, որտեղ շատ բաներ անձնավորված են եւ համընդհանուր քննարկման ենթակա չեն։ Վերջ ի վերջո, խոսքը երեխաների մասին է։

Սակայն կա «Այբ» դպրոցի մի հատկանիշ, որի մասին կցանկանայի այսօր խոսել, եւ որը հաճախ հավելյալ բացատրության տեղիք է տալիս բաց դռների օրերին։ Խոսքը «Այբ» դպրոցում ամբողջական կրթության մասին է։

Դեռ խորհրդային տարիներից մենք սովոր ենք, որ եթե դպրոցը շատ լավն է, ապա այն պետք է թեքումով լինի։ Օրինակ՝ ֆիզմաթ թեքումով, կամ լեզվական, կամ մեկ այլ։ Ինչո՞ւ էր այդպես։ Խորհրդային դպրոցական համակարգը դավանել է մեկ ընդհանուր ծրագիր՝ բոլոր դպրոցների համար անխտիր։ Բնականաբար, այն միջինացված էր՝ հաշվի առնելով ուսուցիչների տարբեր մակարդակը եւ աշակերտների կարողությունների տարբերությունը։ Սակայն անգամ եթե պետությունը թույլ տար, ոչ մի դպրոց չէր կարողանա ինքնուրույն մշակել մի ամբողջ նոր կրթական ծրագիր բոլոր ուղղություններով։ Այդ ամենի համար լուրջ կրթական ինստիտուտներ էին աշխատում՝ իրենց բազմաթիվ մասնագետներով եւ բաժիններով։ Հետեւաբար, լավագույնը, ինչ կարող էր անել դպրոցը ինքնուրույն՝ շնորհիվ արտակարգ մասնագետների ներգրավման, հանձն առնել մեկ-երկու առարկաների վերամշակման գործը՝ միտված դրանց խորացված ուսուցման։

«Այբ»-ի հիմնադիրների մեծամասնությունը (այդ թվում՝ ես) սովորել է ֆիզմաթ թեքումով դպրոցում։ Այդ դպրոցը եղել է եւ մնում է լավագույններից մեկը Հայաստանում։ Սակայն երբ ժամանակը եկավ սեփական դպրոց հիմնելուն, մենք որոշեցինք, որ այն թեքումով չի լինելու։ Պատճառները շատ են, սակայն ես հարցին կանդրադառնամ զուտ մասնագիտական տեսանկյունից։

Ժամանակակից մարդը պետք է պատրաստ լինի ապրելու շատ դինամիկ եւ փոփոխական կյանք։ Նախկինում դու կարող էիր կյանքդ սկսել որպես մաթեմատիկոս, եւ համոզված լինել, որ որպես մաթեմատիկոս էլ թոշակի ես անցնելու։ Ներկայում գնահատվում է տարբեր ոլորտներից գիտելիքներ ունենալը, քանի որ ամենահետաքրքիր հայտնագործությունները կատարվում են տարբեր մասնագիտությունների հպման եզրագծերին, ընդ որում՝ դրանք շատ հաճախ հնարավոր չէ կանխատեսել։ Օրինակ՝ ո՞վ կմտածեր 80-ականների սկզբին, որ մենք կկարողանանք ամբողջովին կարդալ մարդու ԴՆԹ–ն եւ դրա միջոցով կփորձենք, օրինակ, կանխարգելել տարբեր տեսակի ժառանգական հիվանդություններ։ Բնական է, որ կենսաբանությունը մեծ դերակատարում ունի այդ գործում, սակայն ԴՆԹ-ի ապակոդավորման հիմնական արդյունքները կիրառական մաթեմատիկան է ապահովել։ Եւ միաժամանակ՝ մարդու գենոմի հետազոտման միջազգային նախագծի ղեկավարը մասնագիտությամբ ֆիզիկոս էր։ Ընդ որում, քառորդ դար առաջ մեկնարկած այդ նախագիծը դեռ իրականում մեծ ապագա ունի մի շարք ոլորտներում, որոնց թվում են պատմությունը, հասարակագիտությունը, քիմիան եւ այլն։

Ներկայիս ամենապահանջված մասնագիտություններից շատերը ընդամենը 15 տարի առաջ գոյություն չունեին։ Ո՞վ այն ժամանակ գիտեր, թե ինչ է նշանակում սոցիալական ցանցերի գծով մասնագետ, կամ ո՞վ էր լսել «նանոտեխնոլոգ» մասնագիտության մասին։

Սակայն հարցը միայն մասնագիտությունը չէ։ Հայաստանին ոչ այնքան մասնագետներ են անհրաժեշտ, որքան երկիրը զարգացնող մարդիկ։ Երկիրը աշխատանք փնտրելով չեն զարգացնում։ Երկիրը առաջ տանելու համար անհրաժեշտ է փնտրել սեփական ուժերի կիրառման ոլորտներ, որոնց համար միջազգային շուկայում հնարավորություններ են բացվում։ Մենք չունենք միլիարդավոր քաղաքացիներ, որոնցից կգտնվեն այս կամ այն առանձին մասնագիտության տեր մարդիկ։ Մենք ունենք մարդկային քիչ ռեսուրս, եւ այն պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա ցանկացած ոլորտում քայլեր նախաձեռնել, արագ այդ ոլորտին տիրապետել եւ գործը առաջ տանել։ Սա է այն հիմնական պատճառը, որը մեզ թելադրել է դպրոցում կարեւորել յուրաքանչյուր առարկան, եւ յուրաքանչյուր առարկայի համար լավագույն ծրագրեր մշակել եւ կիրառել։

Դուք կհարցնեք՝ իսկ ինչպես ստացվեց, որ խորհրդային «կուշտ» տարիներին դպրոցներն ի վիճակի չէին ամբողջական սեփական ծրագրեր մշակել, իսկ «Այբ»-ը կարողացավ այդ գործը նախաձեռնել՝ անգամ առանց պետական աջակցության, այն էլ միջազգային մակարդակով։ Պատճառը զարմանալիորեն պարզ է եւ բարդ միաժամանակ։ «Այբ»-ը համակարգից դուրս է, այն չի ենթարկվում մեզ ծանոթ օրինաչափություններին, եւ դրա շնորհիվ կարողանում է հրաշքներ գործել, որոնք զարմացնում են անգամ կրթության մեջ չափազանց փորձառու, բազմաթիվ երկրներում կրթական բարեփոխումներ իրականացրած եւ հայտնի համալսարաններ ներկայացնող կրթության մասնագետներին։ Երբ մենք սկսեցինք, «Այբ»-ի գաղափարն աներեւակայելի էր թվում շատերին, սակայն ոմանք հավատացին, եւ այդ գաղափարը կյանքի կոչեցին՝ շնորհիվ իրենց հավատի, անվերապահ նվիրվածության, անզուգական հատկանիշների եւ քրտնաջան աշխատանքի։

Ես անչափ հպարտ եմ, որ ինձ վստահվել է լինել նման դպրոցի տնօրեն։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին