Թուրքական ֆիասկո. մեղադրանքներից մինչեւ սպառնալիքներ - Mediamax.am

Թուրքական ֆիասկո. մեղադրանքներից մինչեւ սպառնալիքներ
12612 դիտում

Թուրքական ֆիասկո. մեղադրանքներից մինչեւ սպառնալիքներ


Չհասցնելով ուշքի գալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունից՝ Թուրքիայի ղեկավարությունը ստիպված էր ապրել հերթական մղձավանջը: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված եւ համաձայնեցված հատուկ բանաձեւ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

28 անդամ պետություն եւ շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշեց որպես ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն:

ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝  այս բանաձեւը հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը եւ ժխտողականության տարրերի ներառումը:

«Բանաձեւի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաեւ՝ ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ալիքի շուրջ թուրքական իշխող շրջանակում տիրող խուճապի մասին վկայում են հենց պաշտոնական Անկարայի ներկայացուցիչների կողմից վերջին մի քանի օրերի ընթացքում հնչող հայտարարությունները, որոնց ամենաաղմկահարույց հատվածները առանձնացրել եմ ստորեւ:

Էրդողանի՝ «հայերին արտաքսելու» մասին հին երգը

Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելիս լրագրողների հետ զրույցում ասել էր. «Թուրքիան իրավունք ունի արտաքսելու իր տարածքում բնակվող եւ աշխատող շուրջ 100 հազար հայերի»:

«Մենք կարող ենք արտաքսել նրանց, անգամ եթե մենք նման բան դեռ չենք արել»,- ասել է Էրդողանը:

Սա առաջին անգամը չէ, որ Էրդողանը հրապարակ է բերում «հայերին արտաքսելու» սպառնալիքը: Դեռեւս 2010թ. նա զգուշացրել էր աշխարհասփյուռ հայությանը՝ դադարեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այլապես խոստացել էր վտարել իր երկրում բնակվող հայերին:     

Անկարան եվրոպական երկրներին հիշեցնում է «սեփական անցյալը»

Թուրքիայի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունումից անմիջապես հետո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում մեղադրեց եվրոպացի խորհրդարանականներին՝ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ պատմությունը վերախմբագրելու փորձի մեջ:

«Մենք լուրջ չենք վերաբերում նրանց, ովքեր ընդունել են պատմությունը եւ իրավունքը վնասող այս բանաձեւը: 1915թ. իրադարձությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի այս միակողմանի եւ ընտրովի մոտեցումը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները վնասելու վտանգ է պարունակում եւ բնավ չի տանում դեպի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների լուծման»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Անկարան խորհուրդ է տվել Եվրախորհրդարանի անդամ պետություններին վերանայել սեփական անցյալը եւ հիշել Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկության նկատմամբ գործած զարհուրելի արարքներում իրենց մասնակցության եւ պատասխանատվության մասին:

Դավութօղլուի «դավադրության տեսությունը»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, մեղադրել է կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդին Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP)  կուսակցության դեմ դավադրանքներին մասնակցելու մեջ:  

«Մեր դեմ չարիքի առանցք է ձեւավորվում, որի նպատակն է վնասել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: Պապը միացել է մեր կուսակցության դեմ այս դավադրանքներին»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին Թուրքիայում նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին փորձեր են արվում «անհիմն եւ անազնիվ մեղադրանքների» միջոցով սեւացնել Թուրքիային:

«Ես դիմում եմ Պապին: Նրանք, ովքեր փախուստի են դիմել Իսպանիայում Կաթոլիկ աշխարհի կողմից ինկվիզիցիայի հետեւանքով իրականացված ցեղասպանությունից, ապաստան են գտել մեր արդար համակարգում: Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, բայց թույլ չենք տա մեղադրել մեր ազգին: Մենք թույլ չենք տա սեւացնել Թուրքիային պատմական վիճելի հարցերով»,- ասել է Դավութօղլուն:

Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին