Արարատի հակառակ կողմը - Mediamax.am

Արարատի հակառակ կողմը
22910 դիտում

Արարատի հակառակ կողմը


- Ինչ մեղք է այս սարը:

1985 կամ 1986 թվականն էր` 9 կամ 10 տարեկան էի: Չարենցի կամարում էինք: Ամառային երեկո էր: Ես էի ծնողներիս հետ, մորաքույրս` ամուսնու եւ դստեր հետ, եւ տատիկս: Նա լուռ նայում էր Արարատին, մեկ էլ ասաց.

- Ինչ մեղք է այս սարը: Գերի է մնացել այնտեղ:

Իհարկե, շատ զարմացա, որ տատս լեռան մասին կենդանի մարդու պես է խոսում: «Գերի» բառի իմաստը չգիտեի, ինչպես նաեւ չէի հասկանում` «այնտեղ» ասելով, ինչ ի նկատի ունի: Լավ չեմ հիշում` երեւի տատիկիս խնդրեցի բացատրել, թե ինչու է մեղք այդ գեղեցիկ լեռը: Էական չէ, բացատրեց, թե ոչ, հասկացա, թե չէ: Կարեւորն այն է, որ այսօր էլ պարզ հիշում եմ այդ խոսքերը:

Դրանից երկու-երեք տարի անց մի տարօրինակ պաստառ նկատեցի: Վրան գրված էր «Վերադարձ Արարատին», սակայն Արարատի փոխարեն կարծես այլ լեռ էր պատկերված: Եկա տուն, պատմեցի հայրիկիս: Ասաց, որ Արարատն է, միայն թե հակառակ կողմից: Արարատի հակառակ կողմ ունենալու «բացահայտումս» միաժամանակ եւ վախեցնող էր, եւ գրավիչ: Մի քանի օր անց հայրիկիս հետ գնացինք «Ռոսիա» կինոթատրոն` այդ ֆիլմը դիտելու:

Հսկայական դահլիճում հատուկենտ մարդիկ կային` ցերեկային սեանս էր: Ֆիլմը երկար էր ու ինձ հիասթափեցրեց. սպասում էի այդ «նոր», խորհրդավոր Արարատի շատ կադրեր տեսնել, իսկ դրանք երեւացին միայն սկզբում ու վերջում: Լեռը ցույց տալու փոխարեն Ֆիլմում մարդիկ երկար խոսում էին կորցված հայրենիքի եւ այն այցելելու անկարողության մասին: Հայրս կլանված լսում էր, ես էլ չէի հասկանում, թե ինչը կարող էր նրան հետաքրքրել այդ երկար զրույցներում: Հետո հայրս ինձ համար ճարեց այդ ֆիլմի պաստառներից մեկը եւ այն մեկ տասնամյակից ավել փակցված մնաց իմ սենյակում:

Այդ նույն տարիներին տատիկիս տանը «Գարուն» ամսագրի համարներից մեկում հոդված գտա, որտեղ սփյուռքահայ հայր ու որդին պատմում էին այն մասին, թե ինչպես են գաղտնի բարձրացել Արարատը` քրդերին կաշառելով եւ թուրքական զինվորներից խուսափելով: Այնքան կլանված էի կարդում, կարծես դեպի Լուսին առաջին արշավանքի մասին լիներ:

2009 թվականի օգոստոսի սկզբին ընկերներիս հետ կանգնած էինք Արարատի փեշին` րոպեներ հետո պետք է սկսեինք լեռը բարձրանալ: Լեռանը նայում էի այն կողմից, որն առաջին անգամ տեսել էի 1989 թվականին` «Ռոսիա» կինոթատրոնի էկրանին: Անհասկանալի զգացողություն էր: Ոչ օտարության զգացում կար, ոչ էլ մտերմության: Մի հսկա լեռ էր, որը պետք էր բարձրանալ:

Իրականում Արարատը, ի տարբերություն Լուսնի, հակառակ կողմ չունի:
Արարատը մենք ենք` մեր թերություններով ու առավելություններով, լավ կամ վատ տրամադրությամբ: Արարատը չունի գեղեցիկ կամ տգեղ, «մեր» կամ հակառակ կողմ: Ինչպես կարող է տգեղ լինել այն կողմը, որից հազարամյակներ շարունակ լեռանն են նայել մեր պապերն ու տատերը, Տիգրան Մեծն ու Մովսես Խորենացին:

 - Ինչ մեղք է այս սարը:

Այդ բառերն ասել էր տատիկս, ում ծնողները Երզնկայից գաղթել էին Արեւելյան Հայաստան` փրկվելով Ցեղասպանությունից: Տատիկիս հայրը զինվորական էր` Անդրանիկի զինվորներից էր, հետո անցել էր Հայրենական Մեծ պատերազմը: Փառք Աստծուն, տատիկս այսօր էլ ողջ է` 90 տարեկան է: Նա երեւի չի հիշում այն բառերը, որոնք ժամանակին ասել էր Չարենցի կամարում: Իսկ ես լավ եմ հիշում: Ու չնայած դրանք տխուր բառեր են, ես չեմ տխրում: Մեծանում է տատիկիս ուրախությունը` նրա ծոռը եւ իմ աղջիկը: Մի օր էլ, երբ աղջիկս իր թոռնիկի հետ նստած կլինի Չարենցի կամարում, նա այլ բառեր կասի.

- Ինչ հպարտ է մեր սարը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին