Արարատը հուշում է եւ պարտավորեցնում - Mediamax.am

Արարատը հուշում է եւ պարտավորեցնում
2604 դիտում

Արարատը հուշում է եւ պարտավորեցնում


Անցած օրը ընկերոջս հետ Երեւան վերադառնալիս երկուսիս հայացքից էլ չվրիպեց Արարատի վեհաշունչ տեսքը:  

-Ինչ լավն է այսօր Արարատը,- ասաց ընկերս:

-Արարատը միշտ  լավն է եւ միշտ տարբեր՝ օրվա ցանկացած ժամի, տարվա ցանկացած եղանակի,- ասացի ես:

***
Տարիներ առաջ, երբ ընկերս վերադարձել էր սրբազան լեռան գագաթի վերելքից, եւ մենք ընտանիքներով դիտում էինք սիրողական տեսախցիկով կատարված նկարահանումները, տղաս ասաց. «Բայց այն կողմից գեղեցիկ չէ, ոնց որ Արարատը չլինի»,- եւ հետո, որպես հաստատում իր դիտարկմանը, հարցականով ավելացրեց. «Որովհետեւ այն կողմում մարդիկ իրեն հարազատ չեն, չէ՞ հայրիկ»:

-Արարատը բոլոր կողմերից է գեղեցիկ, նույնիսկ այն կողմից, որտեղ մարդիկ չար են, որովհետեւ Արարատը Աստծո ստեղծագործությունն է, իսկ Աստված ամեն ինչ կատարյալ է արարել,- ասացի ու ցույց տվեցի ընկերոջս տան պատին փակցված, Արարատի արբանյակից կատարած լուսանկարը:

-Նայի՛ր,- ասացի,- վերեւից է նկարած, համարյա Աստծո աչքով:

***
Առավոտյան ընկերոջս՝ Արա Թադեւոսյանի «Արարատի հակառակ կողմը» հոդվածն եմ կարդում: Կարդում եմ ու ինձ բռնում այն մտքի վրա, որ երկուսս էլ Արարատի հակառակ կողմը տեսել ենք գուցե նույն օրը՝ նույն սեանսին, դեռ խորհրդային տարիներին «Ռոսիա» կինոթատրոնում ցուցադրված «Վերադարձ Արարատին» ֆիլմում:

Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այդ ֆիլմի ռեժիսորի՝ Սյուզան Խարդալյանի հետ մտերիմներ են դառնալու, նույնիսկ ծավալուն հարցազրույց եմ անելու նրա հաջորդ՝ «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի առիթով: Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց ֆիլմի հերոսներից մեկը՝ Հայ դատի պահանջատիրության նվիրյալ մարտիկ Անդրանիկ Պողոսյանը, որը 1986թ. Բելգրադում Թուրքիայի դեսպանի դեմ կատարած մահափորձի ժամանակ վիրավորվեց եւ գամվեց հաշմանդամի սայլակին, իր կյանքի մնացած մասը կշարունակեր ապրել մեր կողքին՝ Արարատի հայացքի ներքո, համայն հայության մայրաքաղաքում բնակելի շենքեր կառուցելով եւ հորդորելով իր սփյուռքյան ընկերներին տեղափոխվել եւ բնակություն հաստատել Հայաստանում:  

Արայի հոդվածը կարդալիս կրկին համոզվեցի, որ մեզ՝ հայերիս համար Արարատը առանձնակի նշանակություն ունի: Այն ամենը, ինչ հայկական է, շաղկապված է Արարատով:

«Ինչ հպարտ է մեր սարը»,- հոդվածը եզրափակում է ընկերս: Կարդում եմ եւ ուզում եմ պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե մարդիկ էլ հպարտ լինեին: Չէ ո՞ր այդ հպարտությունն է, որ մեզ պետք է տանի միացման: Արարատը հուշում է, նաեւ պարտադրում: Ամեն օր նայեք Արարատին եւ կհամոզվեք: Ամեն ինչ անցողիկ է, քամիներ, անձրեւ, ձյուն, փոթորիկ, կայծակ, մառախլապատ եղանակ… Վերջում ամպերի միջից ճեղքում եւ դուրս է պրծնում Արարատը իր հպարտ կեցվածքով եւ խորհրդավոր ժպտում է այս՝ մեր կողմում հավաքվածներիս: Իրոք որ պարտավորեցնում է:

Հարություն Հարությունյանը լրագրող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին