ArmeniaFutura` Ռուսաստանի Սփյուռքի համարձակ նախագիծը - Mediamax.am

ArmeniaFutura` Ռուսաստանի Սփյուռքի համարձակ նախագիծը
9380 դիտում

ArmeniaFutura` Ռուսաստանի Սփյուռքի համարձակ նախագիծը


Վերջերս Մոսկվայի Սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ նախաձեռնություն իրականացրին, որի մասին կցանկանայի այսօր խոսել, քանի որ այն իսկապես համարձակ քայլ էր եւ տպավորիչ արդյունքի հանգեցրեց։

Իմ ընկերներից մեկը՝ «Այբ» ակումբի անդամ, ճարտարապետ Էմիլ Արզանգուլյանը, եւ հայտնի գրող Նարինե Աբգարյանն իրենց ընկերների եւ համախոհների հետ որոշեցին, որ չի կարելի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ռուսաստանի մայրաքաղաքում աննկատ անցնի։ Իհարկե, Մոսկվայում կազմակերպվել եւ անցկացվում էին բազմաթիվ միջոցառումներ, եւ տարելիցի կապակցությամբ դրանց թիվն ավելի շատ էր եւ անցկացման վայրերը՝ ավելի կենտրոնական, սակայն այդ միջոցառումներին պատմականորեն հիմնականում մասնակցում էին հայերը եւ կամ մեզ ցավակցողները, սակայն քաղաքի բնակչության զգալի մասի համար ապրիլի 24-ը որեւէ նշանակություն երբեւիցե չի ունեցել։ Բացի այդ, ցավոք, այդ միջոցառումները միշտ լի էին վշտով եւ մեծ կորուստի գիտակցությամբ, այլ ոչ թե մեր գոյությունը վերհաստատելով եւ ազգի վերածնունդը փաստելով։

Այս անգամ, համահունչ մեր ներկայիս ընկալմանը, որոշվեց օգտագործել Եղեռնի 100-ամյակը, որպեսզի մեկ անգամ եւս հիշեցնենք մարդկանց, որ պայքարը չի ավարտվել, եւ որ հայերը ոչ թե իրենց սեփական ցավն են դարձյալ վերհիշում, այլ հրավիրում են ամբողջ աշխարհին գիտակցել մարդկության դեմ կատարված այս ահավոր հանցանքը, որպեսզի մարդիկ սթափվեն եւ թույլ չտան որեւէ ազգի դեմ եղեռնի կրկնություն։ Դրա հետ մեկտեղ մենք ցանկանում ենք վերահաստատել, որ կանք, գոյատեւում ենք, որ մենք պայքարել ենք եւ պիտի պայքարենք, եւ ավելի ուժեղ ենք, քան ոմանք կարծում են։

Ի՞նչ է անում ուժեղ մարդը, որը ծանր վնասվածքից հետո ոտքի է կանգնել եւ պատրաստ է շարունակել ապրել։ Առաջին հերթին, շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օգնել են իրեն դժվարին պահին։ Երկրորդ, քայլեր է ձեռնարկում, որպեսզի այլ մարդիկ նույն ցավը չապրեն։ Եւ վերջապես, հայտնում է բոլորին՝ ընկերներին եւ թշնամիներին, որ կա եւ պիտի ապրի, եւ եթե պայքարել է պետք, պիտի պայքարի։

Այս գաղափարի շուրջ ստեղծվեց ArmeniaFutura նախագիծը եւ կայքը։ Նախագծի առաջին արդյունքը եղավ «Կյանք, որը մենք չապրեցինք» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումը, որի հեղինակն է Ռուբեն Դիշդիշյանը, որն իր աշխատանքը կատարեց անհատույց։ Բացի այդ, Մոսկվայի կենտրոնում 200 գովազդային վահանակների վրա Եղեռնի մասին ցուցանակներ փակցվեցին։ Այդ ցուցանակերով հայերը շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի ժողովրդին ու բոլոր այն ժողովուրդներին, որոնք ճանաչել են Եղեռնը՝ հայերին նաեւ իրենց երկրներում ապրելու եւ աճելու հնարավորություն ընձեռելով։ «Եղեռն» բառը ցուցանակի վրա շեշտված չէ, ավելի կարեւորվում է 100-րդ տարելիցի փաստը եւ շնորհակալությունը, որպեսզի հասկանալի լինի, որ Եղեռնից հետո մեր 100-ամյա գոյությունը մենք այս պահին ավելի շատ ենք կարեւորում, քան մեր կորուստը։

Սկզբում նախագիծը զգալի դժվարությունների հանդիպեց։ Ֆիլմի նկարահանման հետ կապված ծախսերը, վահանակների վարձակալումը եւ ցուցանակների պատրաստումը զգալի գումարներ էին պահանջում։ Գումարի հայթայթումը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանում հեշտ գործ չէ, եւ ելնելով սեղմ ժամկետներից՝ նախագծի հեղինակները հոգացին ծախսերի զգալի մասը։ Բացի այդ, Թուրքիայի դեսպանատունը ջանք չխնայեց, որպեսզի ցուցանակների տեղադրումը արգելվի, եւ զգալի քաղաքական ռեսուրսներ պահանջվեցին՝ հաղթահարելու այդ դիմադրությունը։ Սկզբում նախագծին միացած գովազդային գործակալությունն անսպասելիորեն հետ կանգնեց (հավանաբար, ինչ-որ ճնշման ենթարկվելով), ինչը հարվածի տակ դրեց առանց այդ էլ շատ սեղմ ժամկետներ ունեցող աշխատանքների ընթացքը։ Սակայն ծրագրի նախաձեռնողների համառության եւ նվիրվածության շնորհիվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարվեցին։ Եւ դրանից հետո արդեն անակնկալ ուրախությունների ժամանակը եկավ։

Առաջին ուրախությունը՝ ՌԴ մյուս քաղաքների հայկական համայնքները շարունակեցին մոսկվացիների նախաձեռնածը, եւ այժմ նման ցուցանակներ են փակցվում նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում։

Երկրորդ, հրեական համայնքներից մեկն իր սեփական նախաձեռնությամբ եւս 100 ցուցանակ փակցրեց Մոսկվայում՝ ստանձնելով վարձակալման ծախսերը։ Այժմ քաղաքի բնակիչների մեծամասնությունը, այդ թվում՝ Թուրքիայի դեսպանության աշխատողները, չեն կարող չնկատել այդ ցուցանակները։

Երրորդ, Մոսկվայի ամենամեծ տաքսի ծառայությունը, որը մոտ 6000 մեքենա ունի, իր բոլոր մեքենաների վրա Եղեռնի մասին ցուցանակներ փակցրեց։

Եւ վերջում՝ շնորհիվ նրա, որ ծրագրին բազմաթիվ նոր մարդիկ միացան, նախաձեռնողների սկզբնական խոշոր ծախսերը փոխհատուցվեցին։

Նախագծի հեղինակները սա չեն դիտարկում որպես պահի հաջողություն։ ArmeniaFutura-ն երկարաժամկետ է եւ միտված է միավորել Ռուսաստանի հայերին՝ մեծ կարեւորություն ունեցող ապագա նախագծերի շուրջ։ Երբ մարդկանց միասնությունը արդյունքի է բերում, ցանկություն է առաջանում շարունակել։ Այս օրերին մենք ավելի, քան երբևիցե զգում ենք միասնության ուժը, եւ շատ կարեւոր է, որ այն ոչ միայն մեզ հետ մնա, այլեւ ամրանա եւ նոր արդյունքների հանգեցնի։ Այդ դեպքում միայն մենք ապահովված կլինենք, որ մեր պատմության մեջ երբեւէ չի կրկնվի Եղեռնի սեւ էջը։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին