Բարձրագույն կրթությունը` մեծ փոփոխությունների շեմին - Mediamax.am

Բարձրագույն կրթությունը` մեծ փոփոխությունների շեմին
4313 դիտում

Բարձրագույն կրթությունը` մեծ փոփոխությունների շեմին


Մեր օրերում ԲՈՒՀ-երի շրջանավարտները, մուտք գործելով մեծ կյանք, անակնկալի են գալիս, քանի որ իրենց գիտելիքները հազվադեպ են պիտանի լինում կյանքում։ Սա ոչ միայն մեր երկրին հատուկ երեւույթ է, այլեւ համատարած իրականություն։ Ո՞րն է դրա պատճառը։

Որքան էլ զարմանալի թվա` գիտելիքը, որպես այդպիսին, մեծ արժեք չի ներկայացնում ներկայիս գործատուի համար։ Ինքներդ մտածեք՝ ո՞ր գործատուն է պատրաստ բարդ եւ պատասխանատու աշխատանք հանձնարարել աշխատանքի փորձ չունեցող երիտասարդին։ Իսկ եթե աշխատանքը որեւէ բարդություն չի ներկայացնում, ապա ե՞րբ կարելի է կիրառել տարիներով կուտակած գիտելիքները։ Հայտնի է, որ ցանկացած գիտելիք, երբ չի կիրառվում իրական կյանքում, շատ արագ անհետանում է հիշողությունից։ Բացի այդ, ներկայում ամենահետաքրքիր եւ ուրեմն՝ ամենաարագ զարգացող ոլորտներում ամեն բան այնքան արագ է փոխվում, որ մարդիկ չեն էլ հասցնում գիտելիքներին լիովին տիրապետել մինչ դրանց տակավին հնանալը։

ԲՈՒՀ-երի դասական դերակատարումը գիտության լավ զարգացած ոլորտների եւ կայացած արտադրական համակարգերի համար կադրեր նախապատրաստելն է. այնտեղ ամեն ինչը սահուն է ընթանում՝ անփորձ երիտասարդ գիտնականը կամ ճարտարագետը գալիս է պատրաստի համակարգ, որտեղ ավելի փորձառու ղեկավարը նրան հանձնարարում է ընթացիկ գիտելիքներին համապատասխան աշխատանք, որը արդեն նախապես կարգավորված էր այնպես, որ հայտնի գիտելիքներ ունեցող մեկի համար միշտ կա հայտնի աշխատանքի ծավալ։ Սակայն ժամանակակից իրականության մեջ աշխատանքի գոյացումը եւ դրա բնույթը դարձել են շատ ավելի տարատեսակ. աշխատանքը հստակ մակարդակների զատելու եւ աշխատողների միջեւ համապատասխան բաժանելու համար շատ հաճախ չկա ո'չ ժամանակ, ո'չ էլ ռեսուրս։ Գործատուներին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկարողանան նախաձեռնել ցանկացած բարդության գործ եւ ինքնուրույն կամ գործընկերների օգնությամբ այն ավարտի հասցնել` առանց ամեն քայլափոխի ղեկավարի օգնությունը հայցելու՝ աշխատանքի ծավալը որոշելու եւ այն մարդկանց միջեւ բաժանելու համար։

Ժամանակակից տնտեսությանը դարձել է չափազանց մրցակցային։ Եւ այդ մրցույթը ոչ թե գիտելիքների դաշտում է, այլ հմտությունների եւ կարողությունների։ Արդյունավետ աշխատողից պահանջվում է հմտությունների շատ լայն տիրույթ, որի մեջ բուն գիտելիքների չափաբաժինը գնալով նվազում է։ Դրա արդյունքում տարիներ շարունակ ամենատարբեր գիտելիքների կուտակումը վերածվում է բավական անիմաստ զբաղմունքի, իսկ ԲՈԻՀ-ի ավարտական դիպլոմը` բազմաթիվ ընդհանուր առարկաների համար ստացած գնահատականներով հանդերձ, այդ անիմաստ ժամանցի հավաստումը: Եվ մյուս կողմից, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ամեն պահ պատրաստ են արագորեն նոր գիտելիքներ եւ դրանց հետ առնչվող հմտություններ յուրացնել, կարող են ինքնուրույն գտնել նոր հմտություններ ձեռք բերելու համար ամենաարդյունավետ միջոցները եւ կարող են նոր գիտելիքը առանց հապաղելու ծառայեցնել առաջացած խնդրի լուծմանը։

Ասածս երեւի չափազանց ծայրահեղական է հնչում, եւ շատերը կփորձեն ինձ հակադարձել։ Հիմնական փաստարկը կլինի՝ ո՞ւմ է պետք մասնագետ` առանց ֆունդամենտալ կրթության։ Սակայն այն փաստը, որ աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երը իրենց դասընթացների պաշարներն անվճար հասանելի են դարձնում բոլորի համար, ապացույցն է այն անհերքելի փաստի, որ իրենք էլ են հանգել այդ նույն եզրակացությանը։

Փորձենք հասկանալ, թե ինչու են առաջատար ԲՈՒՀ-երը հեշտությամբ տարածում իրենց կարծես թե ամենագլխավոր արժեքը` դասընթացների եւ ծրագրերի շտեմարանները։ Ո՞րն է ԲՈՒՀ-ի գոյության իմաստը այդ դեպքում, եւ ինչո՞ւ են բազմաթիվ երիտասարդներ շարունակում դաժան պայքարը լավագույն ուսումնական հաստատությունների ուսանող դառնալու համար, այն դեպքում, երբ այդ ԲՈՒՀ-երի բոլոր ծրագրերն ու դասախոսությունները հասանելի են բոլորին։ Եւ ինչո՞ւ որոշ ԲՈՒՀ-երի շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, անգամ երբ կրթական լավ արդյունքներ ունեն, մինչդեռ այլ ԲՈԻՀ-երի ուսանողները, որ դեռ նոր են սկսել ուսանել, աշխատաշուկայում պահանջարկ ունեն։

Այս ամենը երկու հիմնական պատճառ ունի։ Առաջին, լավ ԲՈՒՀ-երը լավագույն ուղեղներն են ընտրում, քանի որ մրցակցությունը շատ մեծ է։ Շատերը կցանկանան, որ նման ուսանողներն ապագայում իրենց աշխատողը դառնան։ Երկրորդ, այդ ԲՈՒՀ-երում տիրում է մի միջավայր, որտեղ բացի գիտելիքների ձեռքբերումից, ձեւավորվում են կյանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունները։

Սակայն հարց է ծագում՝ այդպիսի ԲՈՒՀ-եր ընդունվելը հաջողության հասնելու միա՞կ ճանապարհն է։ Կյանքում կայանալու համար պարտադիր պետք է ընտրես միջազգայնորեն ճանաչված լավագույն ԲՈՒՀ-երից մե՞կը, եւ ուրեմն՝ երիտասարդ տարիներն անցկացնես օտարության մե՞ջ` հայրենիքից եւ ընտանիքից հեռու։

Եթե դեռ 10 տարի առաջ վիճակը հենց այդպիսին էր, ապա այժմ շատ բան արդեն փոխվել է, եւ դեռ էլ ավելի մեծ փոփոխություններ են մեզ սպասում։ Այժմ ցանկացած ԲՈՒՀ-ի ուսանողի հասանելի են բազմաթիվ հնարավորություններ` ոչ միայն առանց տանից դուրս գալու լավագույն գիտնականների վարած դասախոսություններն ունկնդրելու, մասնակցելու տարբեր հետաքրքիր մասնագիտական քննարկումների, այլեւ գործելու եւ իրական մասնագիտական փորձ կուտակելու այն ոլորտում, որն իսկապես հետաքրքրում է նրան։ Կարելի է սեփական թիմ ձեւավորել եւ մասնակցել հետաքրքիր մրցույթի` իրական կամ վիրտուալ ձեւաչափով։ Եթե հետաքրքրության ոլորտը ծրագրավորումն է, կարելի է միանալ որեւէ բաց աղբյուրով ազատ ծրագրային համակարգի մշակմանը։ Եթե հետաքրքիր գաղափար ունեք` կապված մասնագիտության հետ, կարելի է արդեն առկա ստարտափ ինկուբատորներից մեկին փորձել միանալ։ Անգամ եթե առանձնապես ոչինչ չստացվի, դուք ձեռք կբերեք կապեր, փորձ ու նախաձեռնելու հմտություն, որոնք էլ լավ աշխատանք գտնելու հիմնական գրավականներն են։ Իրականում, հանուն այդ հմտությունների եւ հնարավորությունների է, որ երիտասարդները ձգտում են լավագույն ԲՈԻՀ-եր ընդունվել` շատ հաճախ առանց գիտակցելու դրա իրական իմաստը։

Այսպիսով, եթե ԲՈՒՀ-ը ցանկանում է գոյատեւել մեր օրերում, ապա կարիք ունի լրջորեն վերանայելու իր դերը, ինչպես արդեն անում են աշխարհի առաջադեմ ուսումնական հաստատությունները։ Զուտ գիտելիքներ հաղորդելու նպատակից այն պետք է տեղափոխվի լիովին այլ դաշտ։ ԲՈՒՀ-ը պետք է դառնա իրական փորձի կուտակման հնարավորություններ ընձեռելու, գաղափարներ հղացնելու եւ զարգացնելու համար արդյունավետ միջավայր: Այն պետք է ավելի շատ նմանվի ինքնակրթությամբ եւ ինքնազարգացմամբ հետաքրքրվող մարդկանց ակումբի, քան դասական ուսումնական հաստատության։ ԲՈՒՀ-երում բուն կրթությունը հետզհետե պետք է դառնա օնլայն եւ վիրտուալ, իսկ սեփական հետազոտությունների եւ նախագծերի իրականացման փորձը՝ իրական եւ շոշափելի։ Յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա սեփական կրթական ծրագիրը, որը կառուցված է իր նախագծի եւ նպատակի շուրջ, այլ ոչ թե ինչ-որ ընդհանուր գաղափարների հիման վրա։ Այն կարող է կազմված լինել իրական եւ վիրտուալ տարբեր դասընթացներից, գրքերի եւ հոդվածների ընթերցանությունից եւ քննարկումներից, տարբեր միջոցառումների մասնակցությունից եւ այլն։

Երբ այս ամենն իրականություն դառնա, շրջանավարտների համար կվերանա աշխատանք գտնելու խնդիրը։ Ավելի շուտ խնդիր կլինի ներդրողների եւ գրանտատուների համար՝ ընտրել այն շրջանավարտներին, որոնք ավելի արժանի են ներդրում ստանալու իրենց գաղափարի իրականացման համար։ Ներդրումների պակաս երբեւէ չկա, ֆինանսները իրենք են գտնում լավ գաղափարներ, եւ հաջողության առաջնային գրավականը ոչ թե ֆինանսական կարողություններն են, այլ մարդկային ռեսուրսը, գաղափարները եւ դրանք իրականացնելու ցանկությունը։ Այն ԲՈՒՀ-երը, որոնք կկարողանան նման մարդկանց կրթել, նոր կյանք ձեռք կբերեն, եւ նրանց հետ էլ նոր կյանք կթեւակոխի այն երկիրը, որտեղ ներկայացված են այդ ԲՈԻՀ-երը։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին