Մուշո պապի պատմությունը - Mediamax.am

Մուշո պապի պատմությունը
3896 դիտում

Մուշո պապի պատմությունը


Դպրոցական ընկերս խնդրեց, որ հանդիպենք: Պայմանավորվեցինք թեյել կամ սրճել Մոսկվայի կենտրոնում, սակայն գործնական խոսակցությունը չստացվեց: Պարզվեց` դա իմ թեման չէր: Սակայն չէինք էլ ուզում միանգամից բաժանվել. այնքան վաղուց չէինք հանդիպել: Եվ ահա, քննարկում էինք վերջին լուրերը Հայաստանից, Ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ ընկերս շատ թռուցիկ պատմեց իր պապի ցնցող պատմությունը: Նա մահացել էր դեռ 90-ականների սկզբին: Այդ պատմությունը շատ պարզ բացահայտում է ազգային ոգու ամրության գաղտնիքը: Ես որոշեցի այն գրառել` գեղարվեստական որոշ տարրերով, եւ հուսով եմ` չեմ փչացրել:

… Մուշո պապը մարդկանց վախեցնել գիտեր: Զառամյալ, անատամ այդ ծերուկը երբեմն կարող էր պատշգամբից այնպես դաժանությամբ ցրել բակում աղմուկ բարձրացրած երեխաներին, որ նրանք սարսափահար փախչեին իրենց տներով: Նրա մասին ասում էին, որ երիտասարդ տարիքում մաուզերիստ է եղել: Խմբի ղեկավար: Նա իր ամբողջ կյանքում նվիրված է եղել ազգային գաղափարին, ինչի համար էլ կյանքի կեսը ճամբարներում ու աքսորավայրերում է անցկացրել: Սակայն Մուշո պապը չկոտրվեց: Վերադարձավ եւ դեռ հասցրեց մասնակցել անկախության հանրահավաքներին: Նրա մեջ առաջնորդ էր թաքնված: Բակում նա վերջին ներկայացուցիչն էր այն սերնդի, որը մարտնչել էր թուրքերի դեմ: Նա հազվադեպ էր տանից դուրս գալիս: Վերջերս միայն տարին մեկ անգամ: Երբ լավ եղանակ էր լինում, նա խնդրում էր իրեն տանել Թուրքիային սահմանակից Մարգարա գյուղ: Այնտեղ նա բարձրանում էր բլուրի վրա, որտեղից տեսարան էր բացվում դեպի Արաքսի վարար հատվածը եւ դիմացի ափը: Հակառակ ափի բլուրի վրա միայնակ չինարի կար:

- Դեդո, ի՞նչ ես անում էստեղ,- հարցրեց այդտեղով անցնող հովիվը:

- Նայում եմ: Նայում եմ ու մտովի զրուցում:

- Ո՞ւմ հետ:

- Ա՜յ էն ծառի: Ես եմ տնկել շատ վաղուց: Էն ժամանակ մենք ա՜յ այնտեղ էինք ապրում,- Մուշո պապը ձեռքը պարզեց` ցուցամատն ուղղելով դեպի փոքրիկ քաղաքը` գետի այն կողմում:

- Ի՞նչ կա էնտեղ:

- Իգդիրը…Էնտեղ էր իմ հարազատ տունը… Իսկ էս ծառը ինձ ուժ է տալիս, երբ ես երկար նայում եմ նրան ու լուռ զրուցում հետը: Կարոտում է…

- Դեդո, դու Արեւմտյան Հայաստանի՞ց ես:

- Իմ համար գոյություն չունի Արեւմտյան կամ ինչ-որ ուրիշ Հայաստան: Հայրենիքը չի կարելի կիսել… Իմ չինարին ինձ է սպասում: Շատ է սպասում…

Կարոտն առնելով` Մուշո պապը վերադարձավ տուն ու կրկին մեկ տարի դուրս չեկավ: Միայն երբեմն արեւոտ օրերին նստում էր շքամուտքի մոտի նստարանին: Եվ ահա եկավ պահը, երբ նա նորից զգաց, որ ժամանակն է նոր լիցքեր ստանալու՝ չինարիին նայելու: Հարեւանների համար դա ավանդույթ էր դարձել: Մուշո պապին բարի մաղթանքներով ու խորհուրդներով էին ճանապարհում: Սակայն այս անգամ նա տխուր վերադարձավ. չէր տեսել իր ծառը. «Է՜հ, կտրել են…»:

Ծառերն էլ, մարդկանց նման, տարբեր են լինում: Մուշո պապի չինարին չդիմացավ երկար տարիների բաժանմանը: Չկարողացավ համբերել մինչեւ նոր հանդիպումը, չորացավ, հատվեց: Սակայն Մուշո պապը կրկին չկոտրվեց: Այնտեղ, որտեղից նա սովորաբար նայում էր չինարիին, մի նոր ծառ է աճում, որն ինքն է տնկել: Այն հզոր ու գեղեցիկ է: Տեղի հովիվ Մուշեղը մինչեւ հիմա խնամում է այն: Մուշեղը արմատներով Մուշից է…

Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է Արցախի պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին