Քննությունները եւ կրթության իրական իմաստը - Mediamax.am

Քննությունները եւ կրթության իրական իմաստը
4123 դիտում

Քննությունները եւ կրթության իրական իմաստը


Մեր երկրի բազմաթիվ ընտանիքներ՝ ի դեմս իրենց շրջանավարտ զավակների, մուտք են գործում հերթական քննական շրջան։ Այս առիթով հետաքրքիր է համեմատել Հայաստանում կիրառվելիք քննական համակարգը այլ՝ կրթության ոլորտում առաջադեմ երկրների հետ։

Հայաստանում ԲՈԻՀ ընդունվելու համար հիմնական ճանապարհը պետական միասնական քննություն հանձնելն է։ Դրա գաղափարը մեզ մոտ եկել է Ռուսաստանից, որտեղ ЕГЭ-ն (Единый государственный экзамен) կիրառվում է արդեն տասը տարուց ավել։ Այդ քննության փորձը միանշանակ չէ, այն ունեցավ եւ դրական, եւ բացասական հետեւանքներ։ Քանի որ Հայաստանում ներդրվել է այդ համակարգի համարյա ճշգրիտ պատճենը, նույն այդ առավելությունները եւ արատները մեզ էլ են փոխանցվել։

Սկսենք այդ քննության նախապատմությունից։ Մինչ ЕГЭ-ի համատարած դառնալը, Ռուսաստանում կրթության նախարարության առընթեր ստեղծվեց թեստավորման կենտրոն։ Դա հիմնականում համալսարանների նախաձեռնությունն էր, քանի որ դրանց զգալի մասը երկու բարդ խնդրի առջեւ էր կանգնել։ Առաջինը՝ ամառային քննությունները բավականին թանկ հաճույք էին, եւ գնալով ավելի դժվար էր գտնել մարդկանց, որոնք պատրաստ էին գրեթե անվճար աշխատել մի ամբողջ ամիս՝ քննությունների ընթացքը ապահովելու համար։ Եթե նախկին ԽՍՀՄ պայմաններում համալսարանում աշխատելը պատվավոր էր, եւ լավ էր վարձատրվում, հետեւաբար՝ կարելի էր գրեթե ստիպողաբար դասախոսներին ներգրավել քննական գործընթացի մեջ, ապա ծանր տարիներին համալսարանները ստիպված էին պայքարել անձնակազմը պահպանելու համար, եւ քննությունները մեծ գլխացավանք դարձան։ Երկրորդ խնդիրն այն էր, որ Ռուսաստանն ահռելի տարածք ունի, եւ փոքր քաղաքներից անգամ լավ աշակերտները դժվարանում էին հասնել կենտրոն քննություններ հանձնելու համար, եւ անգամ լավ համալսարանները սկսեցին խնդիրներ ունենալ որակյալ ուսանողներ հավաքագրելու գործում։

Արդյունքում համալսարանների զգալի մասը ի մի եկավ եւ հորդորեցին կրթության նախարարությանը՝ կենտրոնացված քննություններ կազմակերպել ։ Մոսկվայի հայտնի համալսարանները այդ գործընթացին չմիացան, քանի որ գտնվում էին արտոնյալ վիճակում եւ այդ խնդիրները իրենց վրա շատ չէին անդրադառնում։ Քանի որ կառույցը ստեղծվել էր համալսարանների շահերից ելնելով եւ հստակ նպատակ ուներ, այն բավականին արդյունավետ էր աշխատում։ Սակայն հայտնի է, որ ամեն լավ գործ կարելի է տապալել բութ միջամտությամբ։ Այդպես էլ ստացվեց նաեւ այս դեպքում։ Պահ եկավ, երբ կրթության նախարարությունը որոշեց այդ քննությունները ծառայեցնել իր խնդիրներին, եւ սկսվեց համակարգի այլասերումը։ Այժմ համալսարանները համարյա ոչ մի ազդեցություն չունեն քննության անցկացման վրա, այն պարտադրվեց բոլորին՝ ներառյալ Մոսկվայի խոշոր համալսարանները, որոնք դրա կարիքը չէին զգում: Հիմնական նպատակը դարձավ հանրակրթության բարելավումը, որն այդ միջոցով հնարավոր չէ իրականացնել, իսկ քննությունների արդարության ակնկալվող  ապահովումը ոչ մի կապ չունի բարձրագույն կրթության իրական նպատակների հետ։

Հենց այդ ձախողված համակարգը որդեգրեց Հայաստանը՝ իր բոլոր թերություններով։ Դրանց մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնվել։ Ասեմ միայն, որ միասնական քննությունների հիմքում դրված շտեմարանական մոտեցումը, որը կենտրոնանում է հիշողության, այլ ոչ թե մտածողության վրա, կործանում է կրթության բուն հիմքը։ Բնավ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Հայաստանը կիրառել կրթության գործում առանձնակի ոչնչով աչքի չընկնող Ռուսաստանի մոտեցումը։

Ի տարբերություն մեզ, միջազգային բոլոր չափանիշներով կրթության մեջ առաջադիմող երկրներում այլ մոտեցում է կիրառվում։ Անգլիայում, Ֆինլանդիայում, Սինգապուրում եւ բազմաթիվ այլ երկրներում ավարտական եւ ընդունելության քննությունները կենտրոնացված են, սակայն ամբողջովին այլ սկզբունքներով են իրականացվում։ Դրանց հիմքում ոչ թե հիշողությամբ կուտակված գիտելիքների, այլ բարդ հմտությունների ստուգումն է։ Այդ երկրներում քննությունները հնարավոր չէ լավ հանձնել առանց առարկայի խորը իմացության։ Ոչ մի ուսուցիչ չի կարող խուսափել այն մտքից, որ ուսման արդյունքում աշակերտը պետք է քննություն հանձնի։ Սակայն այն, թե ինչ մոտեցում է ընտրում ուսուցիչն աշակերտին քննությանը նախապատրաստելիս, կախված է քննության բնույթից։ Հնարավոր հարցերի ցանկի հայտնի լինելը, եւ դրանց բեւեռացումը հիշողության վրա ուսուցչին դրդում է «շտեմարան սովորեցնել»։ Եվ հակառակը՝ եթե ուսուցիչն ակնկալում է, որ քննությունն առաջին հերթին հմտություններն է ստուգելու, եւ գնահատումը հաշվի է առնելու աշակերտի մտածելակերպի դրսեւորումը, ապա պետք է ոչ միայն առարկան դասավանդի, այլեւ համոզվի, որ աշակերտը յուրացրել է առարկան եւ կարող է իր գիտելիքները եւ հմտությունները կիրառել տարբեր պարագաներում։ Հենց դա է կրթության իրական իմաստը։

Մեծ հույս ունեմ, որ մենք վաղ թե ուշ կազատվենք ներկայիս միասնական քննության արատավոր մոտեցումներից, եւ կունենանք ժամանակակից եւ արդյունավետ քննական համակարգ, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա ամբողջ հանրակրթության վրա։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին