Սոչիի արտացոլումը Բաքվու՞մ - Mediamax.am

Սոչիի արտացոլումը Բաքվու՞մ
1558 դիտում

Սոչիի արտացոլումը Բաքվու՞մ


Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նպատակ էր հետապնդում Բաքվում Եվրոպական խաղերի անցկացմամբ աշխարհի հիացմունքն ու ուշադրությունը հրավիրել իր երկրի վրա, ապա նրան հիասթափություն է սպասում:

Այդ սպորտային միջոցառումը՝ իր չափազանցված ճոխ բացման արարողությամբ Եվրոպայում արժանացավ միայն թեթեւակի հիշատակման, մինչդեռ Ադրբեջանի մասին հրապարակումների մեծ մասը վերաբերում էին այդ երկրում մարդու իրավունքների  տխրահռչակ իրավիճակին: Առնվազն երեք ակտիվիստ եւ լրագրող՝ Խադիջա Իսմաիլովան, Ռասուլ Ջաֆարովը եւ Լեյլա Յունուսը, ովքեր դեմ էին հանդես գալիս այդ խաղերի անցկացմանը, կամ նշում էին դրանց անցկացման բացասական կողմերը, ազատազրկվեցին անցյալ տարի:

Արեւմտյան մեդիան երբեք չի հանդուրժում լրագրողների հանդեպ վատ վերաբերմունքն, եւ Guardian-ի եւ մյուս լրատվամիջոցների թղթակիցների խաղերի լուսաբանման արգելումը հանգեցրեց վատ գովազդի: Լեդի Գագան, ում, ինչպես հաղորդվում է, վճարել են երկու միլիոն դոլար, ելույթ ունեցավ խաղերի բացմանը, բայց աշխարհի մեկ այլ անկյունում Բոնոն խոսեց Ադրբեջանում բանտարկված վեց ակտիվիստների մասին:     

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Բաքվում խաղերի բացմանը մասնակցելու համար բաց թողեց Ռուսաստանի ազգային օրը, կիմանա, թե նախագահ Ալիեւը ինչ է զգում: Անցյալ տարի, նա ակնհայտորեն վիրավորված էր զգում Սոչիի Օլիմպիական խաղերին լայն մասնակցության պակասի պատճառով:  Գուցե հենց այս վիրավորանքն էլ Սոչիից հետո դրդեց Պուտինին ագրեսիվ քաղաքականություն վարել Ուկրաինայում:

Եվրոպական միության եւ ոչ մի ծանրակշիռ ներկայացուցիչ չմեկնեց Եվրոպական խաղերի բացմանը: Երեք եվրոպական բարձրաստիճան առաջնորդներ, ովքեր Բաքվում էին, երեւի թե Եվրոպայի ամենից ավտորիտար ղեկավարներն են՝ Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Կենտրոնական Ասիայի երկու տիրակալներ՝ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առաջնորդները, նույնպես երեւացին միջոցառմանը, որին իրենց երկրները, սակայն, չէին մասնակցում:

Երբ Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին, թուրք առաջնորդը տեսախցիկի առջեւ իր զարմանքն արտահայտեց ԵՄ-ից ներկայություն չլինելու առիթով, ինչին Պուտինը պատասխանեց՝ «որպես ԵՄ ասոցացված թեկնածու, Թուրքիան ներկայացնում է ամբողջ Եվրոպական Միությունը»: 

Եվրոպական Միությունից ներկայության պակասը արտացոլեց մշակութային անջրպետը, որը նաեւ դրսեւորվեց վերջերս FIFA-ի շարքերում: Եվրոպական ժողովրդավարությունները չափազանց պասիվ են մեծ սպորտային միջոցառումների անցկացման համար գումարներ ներդնելու հարցում: Երբ նրանք անցկացնում են այդ խաղերը, ապա փորձում են անել դա՝ ապահովելով նախ հասարակության մասնակցությունը:  

Ավտորիտար երկրները, ընդհակառակը, հետաքրքրված են հյուրընկալել նման մեծ սպորտային միջոցառումներ եւ կազմակերպել հսկայական հայրենասիրական բեմադրություններ ազգային դրոշի ծածանմամբ: Երբ իրադարձությունները զարգանում են սցենարից դուրս, ավտորիտարները ջղաձգության մեջ են հայտնվում: (Ադրբեջանի ոխերիմ թշնամի Հայաստանը ստացավ այդ դասը անցյալ շաբաթ, երբ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղն ընդհատվեց ստադիոն երիտասարդ տղայի պատճառով, որը բողոքի ակցիա էր անցկացնում իր հոր եւ այլ բանտարկված արմատական ընդդիմության առաջնորդների համար): 

Այսպիսով, խաղերի հանդեպ արձագանքը միայն կկրկնապատկի նախագահ Ալիեւի այն զգացողությունը, որ արեւմտյան երկրները նրա նկատմամբ համապատասխան հարգանք չեն ցուցաբերում: Հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք սա կխորացնի Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ անջրպետը, որն ակնհայտ էր 2013թ.-ին Ալիեւի ՝ երրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Ադրբեջանն այսօր մրցակցում է Ռուսաստանի հետ հետխորհրդային տարածքում որպես ամենահակամերիկյան երկիր ճանաչվելու կարգավիճակի համար: Անցած մեկ եւ կես ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը սկսեց անձնական հարձակում գործել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վրա՝ մեղադրելով վերջինիս իր գրասենյակից Կոնգրեսում «հակաադրբեջանական քարոզարշավ» նախաձեռնելու մեջ: Բաքուն որոշեց փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը: Այն մեղադրեց ԱՄՆ կազմակերպություններին, օրինակ, Ժողովրդավարության ազգային հիմնադրամին (National Endowment for Democracy)՝ Ադրբեջանում պետական հեղաշրջում հրահրելու փորձերի մեջ:    

Առաջիկայում սպասվող շատ միջոցառումներ եւ դեպքեր դեռ կարժանանան Արեւմուտքի կառավարությունների քննադատությանը: Լեռնային Ղարաբաղի շփման գծում թեժ ամառ ունենալու անհանգստություն կա: Լրտեսության մեջ անհիմն մեղադրվող երեք արեւմտամետ գործիչների՝ Արիֆ եւ Լեյլա Յունուսների եւ Ռաուֆ Միրկադիրովի դատավարությունները կկայանան ամռան վերջին կամ աշնան սկզբին: Խորհրդարանական ընտրությունները, ընթացիկ բոլոր վեճերով հանդերձ, պետք է կայանան այս տարվա նոյեմբերին:

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին