Սպանենք մեր միջի որդերին - Mediamax.am

Սպանենք մեր միջի որդերին
3720 դիտում

Սպանենք մեր միջի որդերին


Սովորաբար փորձում եմ հուզական վիճակում սյունակներ չգրել: Ճիշտ է, այս ժանրում թույլատրելի է զգացմունքային լինել, քանի որ այն հեղինակի անձնական տիրույթն է՝ առանձնացված բուն լրատվությունից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ բան ասելը մեծագույն պատասխանատվություն է, եւ ցանկալի է դա անել հնարավորինս սթափ վիճակում:

Բայց այնպես ստացվեց, որ այս տարվա ընթացքում երկու անգամ խախտեցի սկզբունքս՝ էմոցիաներն այնքան ուժեղ էին, որ զսպել հնարավոր չէր:

Առաջին դեպքում, երբ հունվարին գրեցի Անջրպետը անդունդի է վերածվել, էմոցիաները բացասական էին: Մարդիկ անզորությունից շվարել էին, ես էլ նրանցից մեկն էի:

Երկրորդ դեպքում, երբ ապրիլի 24-ին գրեցի Հպարտ ու խենթ հայերի ժամանակը, էմոցիաներն այնքան դրական էին, մթնոլորտն այնքան հեքիաթային էր, որ ադրենալինը խեղդում էր բառերը:

Այն, ինչ արդեն մեկ շաբաթ տեղի է ունենում Երեւանում, գտնվում է այդ երկու հոգեկան իրավիճակների, բացասականի եւ դրականի մեջտեղում:

Իհարկե, այս պայքարն իր արմատներով գնում է դեպի Մաշտոցի պուրակ, տրանսպորտի թանկացման եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ձեւավորված հասարակական շարժումներ: Սակայն այն մթնոլորտը, որն այսօր ունենք Երեւանում, այդպիսին չէր լինի, եթե չլիներ Գյումրիի սպանդը եւ 100-ամյակը՝ իր մի քանի բաղադրիչներով:

Այս սյունակը գրելով զգացմունքային չեմ, մտահոգ եմ: Մտահոգությանս պատճառն այն է, որ օդում կախված են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չեմ կարողանում գտնել: Կարծում եմ՝ շատերը չեն կարողանում: Դա չի խանգարում մեզ հիանալ երիտասարդներով, զարմանալ այդ հրաշալի տղաների եւ աղջիկների խիզախությամբ եւ սեփական իրավունքները պաշտպանելու հստակ գիտակցությամբ:

Բայց մենք չենք կարողանում մեր գլուխներում մի քանի կարեւոր փոփոխություն անել, որոնք անհրաժեշտ են որակապես նոր Հայաստան ստանալու համար: Ինչպես ասում է Արամ Մեհրաբյանը, հայրենիքը պետք է «նվաճել», այն հենց այնպես չի տրվում: Եթե պայքարը չենք լցնում նոր բովանդակությամբ, որի մասին Արամը եւս խոսում է հարցազրույցում, որակի փոփոխություն չենք ունենա:

Մենք շարունակում ենք մարդկանց, հարաբերությունները, պետությունը ընկալել սեւ-սպիտակ գույներով՝ մոռանալով, որ աշխարհի հզորությունը գույների մեջ է: Մենք շարունակում ենք կասկածանքով ընկալել միմյանց, ամեն խոսակցության կամ քննարկման մեջ փնտրելով ու հաճախ գտնելով երեւակայական տողատակեր ու թաքնված իմաստներ: Շարունակում ենք ամեն օր գժտվել Ֆեյսբուքում. երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե քանի մարդ է ամեն օր Հայաստանում իրական ընկեր կորցնում այն պատճառով, որ վիրտուալ «ընկերների» աչքերում սկզբունքային կամ խիզախ երեւալու գայթակղությունը մեծ էր:

Կասե՞ք՝ ի՞նչ կապ ունի այս ամենն այդ հրաշալի երիտասարդների պայքարի հետ: Կապն անմիջական է: Եթե չսկսենք սպանել մեր մեջ նստած որդերին, մի օր հայտնվելու ենք հունվարին գրվածս սյունակի անդունդի այն կողմում, որտեղ մարդկանց մեծ մասին այդ որդերն արդեն կերել են եւ նրանք են որոշումներ թելադրում:

Սկսենք մեր միջի որդերից: Երբ որեւէ գրառում ենք տեսնում ցանցում, թող մեր առաջին ցանկությունը չլինի գրառման հեղինակին ցույց տալ, որ մենք «քեզնից խելոք ենք»: Փորձենք ավելի հանդուրժող լինել. եթե հարցը չափազանց սկզբունքային չէ, միգուցե պետք չէ՞ ներքաշվել անիմաստ բանավեճի մեջ, որի արդյունքում ընկերներ կկորցնեք:

Բարեվարքության մասին մոռանում ենք: Վերջին օրերին «քֆուրի» օգտագործումը հանրային կյանքում եւ համացանցում սովորական բան է դարձել: Տղա, աղջիկ, երիտասարդ, տարիքով: Կարող եք ինձ հնաոճ անվանել, բայց ես չեմ կարող դա նորմալ համարել: Չեմ կարող նորմալ համարել նաեւ այն, երբ «թռցնում» են ոստիկանի գլխարկը ու թքում են մեջը: Այդ ե՞րբ է ստորության դեմ ստորությամբ պայքարելը արդյունք տվել:

Վերջին օրերին շատ է քննարկվում հարցը՝ պե՞տք են առաջնորդներ այս շարժմանը, թե՞ ոչ: Կարծում եմ, որ պատասխանը մարդկությունը տվել է իր հազարամյակների պատմությամբ: Առանց առաջնորդների չկա զարգացում, որովհետեւ առաջնորդներն են, որ իրենց ուսերին ու խղճին են վերցնում որոշումներ կայացնելու ու հաճախ դրանք պարտադրելու պատասխանատվությունը: Մենք պետք է ազատվենք այն պատրանքից, որ հնարավոր է առաջ գնալ առանց ուժեղ առաջնորդների: Այլ հարց է, որ չափազանց բարդ է այդ ընտրությունը՝ թե՛ հավակնորդների եւ թե՛ նրանց համար, ովքեր վաղը պետք է ենթարկվեն նրանց, ում հետ երեկ նույն կարգավիճակում էին:

Անկեղծ հասկանում եմ բոլոր այն երիտասարդներին, որոնք չեն ցանկանում բաժանվել «Փարիզյան կոմունայի» ոգուց: Բայց եթե նրանք չընտրեն իրենց առաջնորդներին, դա նրանց փոխարեն կանեն ուրիշները, եւ դա կլինի անդունդի այն կողմում գտնվողների հաղթանակը եւ մեր մեծ պարտությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին