Երեխաներն ու ամռան շոգը - Mediamax.am

Երեխաներն ու ամռան շոգը
5893 դիտում

Երեխաներն ու ամռան շոգը


                                                                 Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                      սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Այս անգամ ուզում եմ խոսել երեխաների հագուստի մասին: Կարծում եմ, որ շատերի համար նորություն չէ այն, որ երեխաներին անհրաժեշտ է հագցնել միայն բնական հումքից (բամբակ, վուշ, բուրդ եւ այլն) պատրաստված շորեր: Սակայն, 100% օրգանական ու բնական լինելուց բացի, առավել կարեւոր է, թե որքան շոր եք հագցնում երեխային: Թվում է, թե այս հարցն ավելորդ է ամռան շոգին, երբ ամենուր 38C է, ու ամեն կերպ փորձում ես հովանալ, բայց արի ու տես, որ շատ-շատ են այն երեխաները, որոնց ծնողներն անհանգստանում են, որ նրանք հանկարծ կմրսեն: Կարելի է ասել, որ մեր հայ ծնողների համար մեծագույն վախերից մեկն այն է, որ երեխան հանկարծ կմրսի ու կհիվանդանա: Մի հազոց, մի փռշտոց, միջանցիկ քամու մի նշույլ, եւ մենք սկսում ենք երեխաներին ներշնչել  «Վա՜յ, հիվանդացար», «Վա՜յ, մրսեցիր», «Վա՜յ, հեսա կհիվանադաս» արտահայտություններով:

Իհարկե, երեխաներին չմրսեցնելը կարեւոր է, սակայն առավել կարեւոր է նաեւ նրանց շատ տաք չհագցնելը: Երեխաները մեծահասակների նման չեն կարող արագ ազատվել ջերմությունից, եւ քրտնելու գործընթացը այլ կերպ է տեղի ունենում: Երբ դուք նրանց չափից դուրս տաք եք հագցնում, օրգանիզմն իր ամբողջ ռեսուրսները եւ էներգիան ուղղում է մարմնի ջերմաստիճանը ցածրացնելու վրա: Իսկ այդ էներգիան նրանք կարող էին ծախսել այլ բաների՝ օրինակ շրջակա աշխարհի հետ ծանոթանալու, խաղալու, զարգանալու եւ այլնի վրա: 

Ստորեւ բերում ենք մի քանի սկզբունքներ, որոնցով կարելի է առաջնորդվել թե՛ ամռանը, եւ թե՛ ձմռանը:

•    Նորածին երեխաների մոտ ջերմակարգավորման համակարգը նոր է զարգանում, այդ պատճառով նրանց մոտ ջերմության կարգավորումը տեղի է ունենում այլ կերպ: Առաջին հերթին արյան շրջանառությունն առավել մեծ ծավալով ուղղված է ներքին օրգաններին ապահովելու վրա, այդ պատճառով հաճախ նրանք ունենում են սառը ձեռքեր եւ ոտքեր, եւ դա չի նշանակում, որ նրանք մրսում են: Անհրաժեշտ է ստուգել նրանց վիզը կամ փորիկը, եւ եթե վերջիններս վարդագույն են ու տաք, ուրեմն երեխային ավելորդ շոր հագցնելու կարիք չկա:

•    Նորածին երեխաները ջերմությունից ազատվում են գլխի միջոցով, այդ պատճառով քնած ժամանակ չի կարելի նրանց գլուխը շատ տաք պահել:

•    Նորածին երեխաների մոտ փռշտոցը միակ տարբերակն է քթի խոռոչը մաքրելու համար, այդ պատճառով փռշտալուց անմիջապես եզրակացնել, թե նա մրսում է սխալ է:

•    Եթե երեխան քրտնում է, կամ նրա փորի հատվածը հպվելիս շատ տաք է, ուրեմն դուք երեխային ավելի շատ շոր եք հագցրել, քան նա դրա կարիքն ունի:

•    Երեխաների քնելու համար ամենաօպտիմալ ջերմաստիճանն է 18-21C-ը:

•    Ամռան շոգին երեխաներին ավելի լավ է ծածկել միայն սավանով՝ վերմակի փոխարեն:

•    Երկար ժամանակ արեւի ճառագայթների ներքո գտնվելիս անպայման երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով:

•    Ամռան շոգին երեխաներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ տալ, որպեսզի նրանք չջրազրկվեն:

•    Երեխաներին չի կարելի քնեցնել ջերմության աղբյուրի (վառարան եւ այլն) մոտ կամ արեւի տակ:

•    Ձմռանը, նույնիսկ մրսած կամ գրիպով հիվանդ երեխաների մեծ մասին անհրաժեշտ է հագցնել այնպես, ինչպես եւ առողջ երեխային. հատուկ ավելի տաք հագցնելու կարիք չկա:

•    Չի կարելի տանը մնալ դրսի շորերով:

Եվ վերջում հիշեք, որ ավելի լավ է մի քիչ մրսել, քան մի քիչ շոգել: Գիտնականները հակված են այն կարծիքին, որ մարմնի մի փոքր ցածր ջերմաստիճանը նպաստում է կյանքի երկարացմանը:

Հ.Գ. Հոդվածում նշված բոլոր խորհուրդները վերաբերում են առողջ եւ ժամանակին ծնված երեխաներին, եւ միայն այն դեպքում, եթե չկան բժշկի կողմից սահմանված այլ ցուցումներ:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին