20 տարվա խզումը - Mediamax.am

20 տարվա խզումը
25286 դիտում

20 տարվա խզումը


Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաների մասնակիցներից շատ-շատերը երիտասարդ են՝ 20-25 տարեկան: Բնական է, որ նրանք չեն կարող հիշել այն իրադարձությունները, որոնք ծավալվում էին Հայաստանում 20 տարի առաջ` 1995 թվականի ամռանը:

1995 թվականի Ազգային ժողովի ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի նախօրեին 10 ընդդիմադիր քաղաքական ուժեր ստեղծել էին «Համագործակցություն հանուն արդարություն» միավորումը եւ իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել՝ պահանջելով 5-օրյա ժամկետում գրանցել մերժում ստացած կուսակցություններին եւ թեկնածուներին, ընտրությունները տեղափոխել ավելի ուշ ժամկետի, բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ապահովել եւ ընդդիմությանը հնարավորություն տալ օգտվել ԶԼՄ-ներից:

Իշխանությունը վերջնագիրը չկատարեց, եւ ընդդիմությունը փողոցային պայքարի դիմեց: Ցուցարարները ՀՀ նախագահի նստավայրի մոտ այրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ «նստավայրը կարելի է հեշտությամբ գրավել, սակայն դա անիմաստ է, որովհետեւ նախագահն այնտեղ չէ»: Այնուհետեւ Աշոտ Մանուչարյանի առաջնորդությամբ ցուցարարները գնացին Ազատության հրապարակ, որտեղ հավաքված էին երկրապահները: Արդյունքում բախումներ տեղի ունեցան, թեթեւ վնասվածքներ ստացան Վահան Հովհաննիսյանը եւ ընդդիմության այլ առաջնորդներ: Իրավիճակը հանդարտվեց միայն նրանից հետո, երբ երկրապահները սկսեցին օդ կրակել:

Հուլիսի 5-ին տեղի ունեցան ԱԺ ընտրությունները եւ սահմանադրական հանրաքվեն, որոնք, ընդդիմության պնդմամբ, կեղծվեցին: Միջազգային դիտորդներն էլ գործածության մեջ դրեցին մինչ այդ չլսված «ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար» գնահատականը: Իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո ավելի լուրջ բախումներ տեղի ունեցան, ընդդիմությունը մի քանի ժամով «գրավեց» Ազգային ժողովը:

1995 թվականի հուլիսի 5-ի ընտրություններից անցել է ուղիղ 20 տարի: Այս թիվն արձանագրում է այն սարսափելի իրողությունը, որ մեր անկախության 25 տարիներից 20-ում մենք չենք ունեցել ընտրություններ, որոնց արդյունքը կասկած չի հարուցել ընտրողների զգալի մասի եւ արտաքին աշխարհի մոտ: Երեւի, միակ բացառությունը 1999 թվականի ԱԺ ընտրություններն էին՝ պայմանավորված Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի տանդեմի մեծ հեղինակությամբ: Մնացած բոլոր ընտրությունների իրական արդյունքների մասին գիտի մարդկանց մի խումբ, որը երբեւէ այդ գաղտնիքը չի բացի: Ու զավեշտն այն է, որ այդ խմբի կազմը, մեծ հաշվով, այս 20 տարիների ընթացքում էապես չի փոխվել:

Մենք ապրում ենք երկրում, որտեղ առաջին ու վերջին չվիճարկվող ընտրություններն անցկացվել են 1991 թվականին` 24 տարի առաջ: Այսինքն, 20 տարի մենք ապրում ենք՝ վստահ չլինելով, որ մեզ ղեկավարում են այն մարդիկ, որոնց մենք վստահել ենք այդ իրավունքը: Հենց այստեղ է մեր բոլոր խնդիրների արմատը, եւ առանց այս խնդիրը լուծելու երբեք չենք կարողանա արմատական փոփոխությունների հասնել: Իհարկե, այս բոլոր տարիների ընթացքում ընդդիմությունը փորձել է պայքարել, վերականգնել իր իրավունքները, սակայն իշխանությունը միշտ հասել է իր ուզածին՝ ուժով, խորամանկությամբ կամ էլ փողով:

Կա՞ արդյոք ելք: Թվում է, թե միակ ելքը հեղափոխությունն է, քանի որ իշխանությունը հստակ ցուցադրում է, որ մտադիր չէ զիջել: Սակայն ո՞րն է երաշխիքը, որ հեղափոխություն անողները (եթե այդպիսիք գտնվեն) իսկապես ազատ ընտրություններ կանցկացնեն: Ընտրությունները կեղծելու կամ ձայներ գնելու «մշակույթն» ու տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ընկալվում են քաղաքական պայքարի նորմալ ու անբաժան մաս:

Բացառված չէ, որ ոմանք որպես ելք կարող են դիտարկել ահաբեկչությունը՝ պատճառաբանելով, որ եթե իշխանությունը փոխելու այլ տարբերակ չկա, ուրեմն կարելի է դիմել տեռորի: Ակնհայտ է, որ եթե իրադարձությունները զարգանան այս ճանապարհով, դա կազդարարի մեր պետության վախճանը:

Ուստի պետք է փորձել արդար ընտրությունների շուրջ լայն հասարակական կոնսենսուս ձեւավորել: Բոլոր այն «օազիսները», որոնք ձեւավորվել են Հայաստանում բարեգործական, կրթական եւ որոշ բիզնես-նախագծերի շուրջ, պետք է սկսեն արդար ընտրությունների գաղափարի բարձրաձայնումը: Երիտասարդները, որոնք մասնակցում են Բաղրամյանի ցույցերին, պետք է ջանք չխնայեն արդար ընտրությունների գաղափարը իրենց ընկերներին փոխանցելու համար, անդամակցեն կուսակցություններին կամ ստեղծեն սեփական քաղաքական նախաձեռնությունները:

Առանց արդար ընտրությունների մենք երբեք չենք ունենա արդար դատարաններ, որոնք կպաշտպանեն ազնիվ գործարարներին օլիգարխներից եւ սովորական քաղաքացիներին՝ «թիկունք ունեցող» հանցագործներից:

Ընտրությունների արդյունքում երբեմն իշխանության են գալիս, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական ուժեր: Օրինակ, Ղազայի հատվածում ընտրվեց Համաս շարժումը: Եթե այս օրինակը չափազանց ծայրահեղական է թվում, վերցնենք Հունգարիան, որի վարչապետին շատերը «բռնակալ» են անվանում: Բայց մեզ իսկապես պետք է, որ Հայաստանում գոնե մեկ անգամ արդար ընտրություններ տեղի ունենան, ու թող իշխանության գա պայմանական «Համասը»: Միայն թե իսկապես ընտրված լինի:

Հաջորդ տարի տոնելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Շատ ենք խոսում ռազմավարական ծրագրերի ու Հայաստանի զարգացման հայեցակարգերի մասին: Կարծում եմ, որ հասարակությունը կարող է հենց արդար ընտրությունների գաղափարը ձեւակերպել որպես հոբելյանի գլխավոր կարգախոս: Ցավալի է, իհարկե, որ անկախության քառորդ դարին մոտենում ենք ընդամենը անկախության առաջին տարվա ձեռքբերմանը հասնելու ցանկությամբ, բայց ինչ արած: Շատերս մեղքի մեր բաժինն ունենք այս 20 տարվա խզման համար, թեկուզ միայն այն պատճառով, որ լռում էինք 15, 10 կամ 5 տարի առաջ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին