Մոգական Գոյկոէչեան ամառային Երեւանում - Mediamax.am

Մոգական Գոյկոէչեան ամառային Երեւանում
19136 դիտում

Մոգական Գոյկոէչեան ամառային Երեւանում


Նախորդ տարի գրել էի, որ Երեւանը ամառային քաղաք է: Ու քանի որ հիմա նորից ամառ է, Երեւանի ընկալումս կրկին սրացել է: Երբեմն դժվար է տարանջատել, թե ի՞նչն ենք ավելի շատ կարոտում՝ անհոգ մանկությունը Երեւանում, թե բուն Երեւանը:

Ինձ մոտ բարի կարոտ է, կարոտախտ չէ: Այսօր վաղ առավոտյան քայլում էի շոգից բեզարած ու առավոտյան կարճ, բայց անուշ երազները վայելող Երեւանի փողոցներով ու կարոտը ինձ չգիտես ինչու տեղափոխեց 1990 թվականի ամառ:

Այդ ամռանը մեր բակում ու երեւանյան տասնյակ այլ բակերում «ապրում էին» Խորխե Բուրուչագան ու Սերխիո Գոյկոէչեան (Դիեգո Մարադոնայի մասին չեմ ասում), Լոտար Մաթեուսը ու Սալվատորե Սկիլաչին: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, ու մեր բակը մեկ ամիս ապրում էր դրանով:

Բակերում ձեւավորվում էին հավաքականներ՝ Արգենտինայի, Գերմանիայի, Իտալիայի: Դրանք հիմնականում բաղկացած էին 2-3 խաղացողներից, սակայն, հաշվի առնելով բակերի չափերը, դա լրիվ բավարար էր: Ես խաղում էի Գերմանիայի հավաքականի կազմում, մեր թիմում էին նաեւ մեր բակի Դավիթը ու Սերգեյը: Երեք անդամ ուներ նաեւ մեր բակի Արգենտինայի հավաքականը՝ Արթուրը (Մարադոնա), Ալյոշան (Գոյկոէչեա) եւ Տոլիկը (Բուրուչագա): Արթուրն իսկապես ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում ու Մարադոնա կոչվելու լեգիտիմ իրավունք ուներ: Իսկ Տոլիկը մոտ երկու տարի անց ողբերգորեն զոհվեց… Բայց ես նրան միշտ կհիշեմ որպես մեր բակի Խորխե Բուրուչագան:

Այդ անսովոր անունները տարրալուծվում էին երեւանյան ամռան մեջ ու մոգական զգացումներ էին առաջացնում: 14-15 տարեկան էինք, ֆուտբոլ խաղալուց բացի նաեւ Մայն Ռիդ էինք կարդում ու երբեմն թվում էր, որ այդ Գոյկոէչեան մեր բակում հայտնվել է նարնջագույն կազմով հատորներից մեկից՝ ձին թողնելով կողքի բակում:

Մեր բակի Տիկոն հպարտորեն կրում էր Ֆրանսիայի հավաքականի անդամ Ժան Տիգանայի անունը: Տիկոյին չէր մտահոգում այն փաստը, որ Տիգանան սեւամորթ էր: Տիկո-Տիգանա՝ սրանից էլ լավ կերպարանափոխություն: Խնդիր չէր նաեւ այն, որ Ֆրանսիան 1990 թվականի աշխարհի առաջնությունում ներկայացված չէր՝ Տիկոն փոխարինման էր դուրս գալիս այն հավաքականի կազմում, որը դրա կարիքն ուներ:

Շոգը ժամերով ֆուտբոլ խաղալուն չէր խանգարում: Գիտեինք, որ խաղը ավարտելուց հետո պիտի հերթ կանգնեինք առաջին հարկում ապրող մեր Արմենենց պատուհանի մոտ, որտեղից մեզ ջուր էին տալու: Առաջին բաժակը խմելու ընթացքում արդեն մտածում էինք երկրորդը, իսկ երբեմն՝ նաեւ երրորդը խնդրելու մասին, այնպես որ ջուր խմելը կարող էր բավական երկար տեւել: Ջուրը տալիս էին Արմենենց գյումրեցի բարեկամները, որոնք նրանց տանն էին ապրում 1988 երկրաշարժից հետո ու ամեն բաժակը քաղցրացնում էին մեզ համար անսովոր բարբառով հնչող կատակներով:

Հիմա մեր բակում այլեւս ֆուտբոլ չեն խաղում՝ ոչ խաղացողներ կան, ոչ էլ խաղալու տեղ: Մեր հավաքականների անդամներից բակում ապրում է միայն Արթուրը: Բայց իմ կարոտը հուսահատ չէ, լուսավոր է: Երեւանյան ամառներում այնպիսի կյանք ենք ապրել, որը կարելի է հիշել ու ժպտալ: Եվ ապրել մեր սիրելի ամառային քաղաքում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին