Տաքսին որպես «լրատվամիջոց» - Mediamax.am

Տաքսին որպես «լրատվամիջոց»
5041 դիտում

Տաքսին որպես «լրատվամիջոց»


Մի առաջարկ ունեմ՝ տաքսին ճանաչել որպես լրատվամիջոց։ Ոչ թե այն պատճառով, որ տաքսի նստելիս հաճախ դառնում ես վարորդի ռադիոճաշակի գերին, այլ որովհետեւ տաքսիստները մեր երկրում լուրեր տարածելու հիմնական միջոցներից մեկն են։

Ես ձգտում եմ ոտքով քայլել եւ հասարակական տրանսպորտից օգտվել, սակայն պատահում է, որ շտապում եմ եւ տաքսիով եմ դպրոց գալիս։ Հաճախ, երբ տալիս եմ դպրոցի անունը անծանոթ վարորդին, եւ նա հանկարծ տեղյակ է լինում «Այբ»-ի գոյության մասին, նույն հարցերն եմ լսում. «Դա այդ թանկ մասնավոր դպրո՞ցն է», կամ՝ «Դա այն հարուստների համար դպրո՞ցն է»։

«Իհարկէ՝ ոչ» – ասում եմ ես, դրանով բավականին մեծ անհանգստություն պատճառելով վարորդին, քանի որ նա սկսում է կասկածել, թե մի այլ «Այբ» դպրոց էլ կա, կամ էլ ես կատակում եմ։

Ես չեմ կատակում։ «Այբ» դպրոցը մասնավոր չէ, այն հասարակական կազմակերպություն է, հիմնադրամ։ Չունի շահառու, եւ անձանց չի պատկանում, նշանակում է, մասնավոր չէ։ Եվ հարուստների համար էլ չէ, քանի որ դպրոցում սովորում են բոլոր խավերի ներկայացուցիչներ՝ մեր երեխաների ծնողների մեջ կան նաեւ տաքսու վարորդներ։ Ուսման վարձը «Այբ» ավագ դպրոցում հասանելի է բոլորի համար, քանի որ ամեն ընտանիք վճարում է ըստ իր հնարավորությունների, մնացածը ծածկում են բարերարները, եւ ավագ դպրոցի աշակերտների մոտ 77%-ը այդ նպաստից օգտվում են։

Մնում է միայն տարակուսել, թե քանի պայծառ պատանիներ եւ աղջիկներ չեն փորձել անգամ դիմել մեր դպրոց, քանի որ իրենց ծնողները տաքսու վարորդներից տեղեկացել են, որ «Այբ» դպրոցը հարուստների համար է։
 
Երեւի, տաքսու վարորդներին շփոթեցնում է դպրոցի գեղեցիկ շենքը։ Ստիպված ամեն անգամ տեղեկացնում եմ, որ քառակուսի մետրի հաշվարկով այն ավելի թանկ չէ, քան քաղաքի ցանկացած ժամանակակից վարչական կառույց։ Շենքը գեղեցիկ է ստացվել ոչ թե գումարներ շռայլելու, այլ տաղանդավոր մարդկանց եւ փայլուն գաղափարների առկայության շնորհիվ։

Տաքսի «լրատվամիջոցը» լուրջ ազդեցություն է գործում նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոգեբանական վիճակի վրա։ «Այս ո՞ւր ենք եկել», տարակուսում են նրանք, երբ «լրատվամիջոցը» օդանավակայանից կրկնակի գնով իրենց քաղաք հասցնելիս, վատ ռուսերենով տեղեկացնում է մեր երկրի բոլոր իրական եւ հորինված խնդիրների մասին։

Մի կողմ թողնելով կատակը, պետք է խոստովանել, որ տաքսու վարորդները ներկայացնում են մեր երկրի լայն խավերի հավաքական կարծիքը։ Այդ կարծիքի ձեւավորման մեջ մեծ դեր ունեն իրական լրատվամիջոցները, որոնք իրենց հիմնական գործն են համարում խնդիրներ փաստելը, այլ ոչ թե լուծումներ առաջարկելը եւ այդ լուծումներին հետամուտ լինելը։ Կամ էլ լավագույն դեպքում կոչ են անում իշխանություններին մի բան ձեռնարկել։ Եվ ղեկին նստած վարորդին, ով իր աշխատանքի բերումով դատապարտված է պասիվ ընկալման, զրկում են որեւէ հույսից, որ այդ անվերջ խնդիրների աշխարհում ինչ-որ բան կարող է փոխվել։

Երբ ինձ դիմում է աշխատակիցներից մեկը՝ խնդիր ներկայացնելով, միշտ հարցնում եմ. «Իսկ դու ի՞նչ ես առաջարկում՝ ելնելով ոչ թե քո, այլ դպրոցի շահերից»։ Նրանք արդեն սովոր են դրան, եւ առանց լուծման առաջարկի ինձ չեն էլ մոտենում։

Դիմում եմ տարբեր լրատվամիջոցների խմբագիրներին՝ նույն այդ հարցը տալ լրագրողներին, որոնք նյութ են պատրաստում։ Թող առաջարկեն, թե ինչ կարելի է անել, ելնելով հանրային, երկրի շահերից։ Աշխարհում գնահատվում են այն լրագրողները, որոնք լուծումներ են փնտրում, այլ ոչ թե խնդիրներն են արձանագրում։ Չեն բարդում խնդիրները համաքաղաքացիների ուսերին, այլ լուծումներ առաջ տանելով, իրենց խոսքի ուժով հավաքում են համախոհներին, ճնշում են գործադրում, եւ հասնում են իրական փոփոխությունների։

Երբ մենք ստեղծեցինք «Այբ»-ը, տրամադրված չէինք արծարծել կրթական համակարգի թերությունները։ Մենք սկսեցինք լուծումներից, եւ դրա շնորհիվ մեր գաղափարների շուրջ հավաքվեցին բազմաթիվ համախոհներ, որոնց թիվը անընդհատ աճում է, եւ գործը առաջ է գնում։ Երբ իրական գործ ես անում, խնդիրներից խոսելու ցանկություն անգամ չի առաջանում։ Մարդիկ համախմբվում են նպատակների շուրջ, այլ ոչ թե խնդիրների։ Որքան ավելի վեհ են նպատակները, այնքան ավելի մեծ եւ զորեղ ուժ է կարելի հավաքել եւ հասնել իրական փոփոխությունների։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին