Խնձորները հենց այնպես չեն ընկնում - Mediamax.am

Խնձորները հենց այնպես չեն ընկնում
15976 դիտում

Խնձորները հենց այնպես չեն ընկնում


Ընդունված է կարծել, որ Երեւանը չափից դուրս խաղաղ եւ իբրեւ թե անարդյունավետ քաղաք է: Ասում են՝ այն, ինչ Մոսկվայում կամ Լոնդոնում գործընկերները հասցնում են անել մեկ օրում, այստեղ շաբաթներ է տեւում: Հայաստանում գործ սկսելու իմ փորձը դեռ հակառակն է ապացուցում: Ասածս հիմնավորեմ իմ մեկ օրվա պատկերով:

Չորեքշաբթի, 14.10.15

10.00

Գյուղնախարարության եւ գյուղատնտեսության ոլորտում գործող ՀԿ-ների կազմակերպած հանդիպումն է: Գնում եմ կամուկացով. ենթադրում եմ, որ լսելու եմ շատ մասնագիտական բառեր եւ ոչ մի հստակ բան: Համաժողովի առաջին ժամն է. ելույթ են ունենում գյուղնախարարը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպանը եւ նրա թիմը, փոխնախարարը:

Նախարարը կոտրում է իմ պատկերացումները գյուղատնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասին. նա՝ իր պսպղուն ակնոցով, հիանալի է խոսում, եւ, ինչպես ասում են, համեղ ուտելու իսկական գիտակ է:

Փոխնախարարը իմ տարեկիցն է: Շատ հետաքրքիր ելույթ է ունենում՝ պատմելով գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մասին, ինչով լրացնում է իմ պատկերացումները Հայաստանի գյուղատնտեսության լավ ապագայի մասին:

Ամեն բան զարմանալիորեն արագ ու հստակ է անցնում. զեկույցներ կատարած աշխատանքի մասին, հաջորդ տարվա ծրագրեր, KPI (արդյունավետության հիմնական ցուցանիշներ – խմբ.):

ՀԿ-ների ներկայացուցիչներն արդեն փորձել էին B'arev Honey-ն եւ ընդմիջման ժամանակ մոտենում էին` ասելով, որ եվրոպացի գործընկերները նույնպես գովում են հայկական աղանդերային մեղրը: Հաճելի է:

11.30

Հանդիպում ՀՀ առաջատար բանկերից մեկի գործընկերոջ հետ: Տիգրան Դ.-ն  Հայաստանում խորհրդատվական ինդուստրիայի «հիմնադիրն» է: Աննկարագրելի հետաքրքիր զրուցակից է: Քննարկում ենք B'arev Honey-ի հեռանկարները: Հաճելի է ապրանքի ու դիզայնի բարձր գնահատական ստանալ: «Անմիջապես երեւում է, որ մարքեթոլոգ է զբաղվել»: Հավանական գործընկերների տվյալներ եմ ստանում: Ստացվում է նույն երեկո հանդիպում նշանակել:

13.00

Ճաշ Երեւանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետի հետ: Ֆիլիպ Տ.-ն ֆրանսիացի է: Հայաստանում ապրում է 8 տարի: Ինչ-որ եզակի բայք է վարում: Փորձում է աղանդերային մեղրը, զարմացած է անսովոր համադրություններից: Քննարկում ենք կյանքը «օտարության մեջ», գալիս ենք համաձայնության, որ երկուսս էլ մեզ լավ ենք զգում Հայաստանում եւ մեկնելու ցանկություն չունենք:

14.30

IDeA Foundation-ի գրասենյակ: Հանդիպում մարդկանց հետ, ովքեր փոխում են Հայաստանը: Ֆուտուրիստական դիզայն եւ Ռուբեն Վարդանյանի անչափ հետաքրքիր թիմը՝ Էդգարը, Իրինան եւ Սերգեյը, ոգեւորված պատմում են հիմնադրամի նախագծերի, Դիլիջանի քոլեջի, Վրաստանի եկեղեցու, Տաթեւի ճոպանուղու մասին: Մեծ ցանկություն կա հիմնադրամի կյանքին մասնակցելու, քննարկում ենք հնարավոր համագործակցությունը:

16.30 

Հանդիպում Վահան Կ.-ի՝ ռեստորանային առաքման խոշորագույն սերվիսի կառավարչի հետ, որը նախատեսում է դուրս գալ ԱՊՀ երկրների շուկա: 20 րոպեում պայմանավորվում ենք համագործակցել, զուգահեռ ստանում եմ օգտակար խորհուրդներ ու կոնտակտներ: Ո՞վ էր խոսում անարդյունավետության մասին: 

17.30

Մոսկվայից շատ արժեքավոր ծանրոց եմ ստացել. Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը՝ հեղինակի ստորագրությամբ ու Նարինեի ձեռագիր այցեքարտով: Unbelievable: Ոմանք այդպես կոգեւորվեին, եթե նկարվեին Քլունիի հետ կամ Ազնավուրի հետ սելֆի անեին: Նամակագրության ընթացքում պարզվեց, որ «Մանյունյայի» մայրն ավելի հիանալի է, քան ես կարող էի պատկերացնել: Նրա խորհրդով մասնակցելու ենք «Սոզիդանիյե» բարեգործական հիմնադրամի աճուրդին:

18.00

Հայոց լեզվի դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Տառերը դեռ չի ստացվում գրել: Ինքս ինձ խոստանում եմ shabat եւ kiraki զբաղվել դասերի կրկնությամբ ու տառերը գրելով: Լիարժեք կենտրոնանալ չի ստացվում՝ զուգահեռ հետեւում եմ արտադրության ընթացքին:

20.30

Օրը հագեցած է, որոշում եմ ընթրել Ժիրայրի ու Աիդայի մոտ: Ծանոթանում եմ Քսենիայի հետ: Նա փիլիսոփա է, 10 տարուց ավել Հայաստան է այցելում աշխատանքի բերումով: Հարավային Կովկասի հանդեպ սերը կիսում է Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Անչափ հետաքրքիր զրույց է: Հնարավոր է՝ միասին մի բան հորինենք: Կայծակնային արագությամբ ներս է գալիս գերգործունյա Աիդան: Ժիրայրը գոհ է՝ հասցնում է եւ հյուրերի հետ շփվել, եւ մեզ ուշադրության կենտրոնում պահել: Բուխարու վրա երեւում է B'arev Honey-ի 6 կիսադատարկ ամանիկներ: Լավ նշան է:

22.30

Ուժեղ անձրեւ է գալիս: Գնում եմ տուն, մշակում եմ վաղվա ծրագրերս, եւս մեկ ժամ նվիրում եմ նամակագրությանը:

Վեց հանդիպում, երկու ծանոթություն, հայոց լեզվի անկատար անցյալ ժամանակաձեւ եւ վաճառքի երեք նոր կետ:

Խնձորները հենց այնպես երկնքից չեն ընկնում, եւ այստեղ մի բան ստանալու համար պետք է աշխատել ոչ պակաս, քան Մոսկվայում կամ Լոնդոնում: Երեւանը շատ ակտիվ քաղաք է: Իսկ ինչը իսկապես գրավում է, ապա դա մարդկանց բարյացակամությունն ու բաց լինելն է: Կես տարվա աշխատանքային
«արտագաղթի» ընթացքում ես դեռ փորձում եմ ընտելանալ դրան: Սիրելի երեւանցիներ, խնդրում եմ, շարունակեք զարմացնել ինձ:

P.S. Մոսկվայից ժամանած ընկերներիս հանգստյան օրերին քաղաքին ծանոթացնելիս նկատեցի, որ արդեն ասում եմ՝ «Այստեղ, մեզ մոտ»:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին