Կայունության գործոնը եւ Էրդողանի idea fix–ը - Mediamax.am

Կայունության գործոնը եւ Էրդողանի idea fix–ը
2818 դիտում

Կայունության գործոնը եւ Էրդողանի idea fix–ը


Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացավ 23.3 մլն քվե, որն աննախադեպ ցուցանիշ էր։ Այն 4.5 մլն-ով ավելի շատ էր, քանի հունիսի 7-ին ստացած քվեները, որի շնորհիվ էլ ԱԶԿ-ն իրավունք ստացավ կրկին միակուսակցական կառավարություն ձեւավորել։ Իրականում, անցած օրը լրահոսին ակտիվ հետեւող մարդկանց հուզում էր մեկ հարց՝ «ինչպե՞ս»։

Օգոստոսի 24-ից ի վեր, երբ ազդարարվեց արտահերթ ընտրությունների մասին, հանրային կարծիքի գրեթե ոչ մի հարցում նման արդյունք չէր կանխատեսում։ Բազմաթիվ հարցազրույցներում եւ հայտարարություններում նման արդյունք չէին ակնկալում անգամ հիմնական մրցակից կուսակցությունների ղեկավարները։ Չթերագնահատելով հնարավոր եւ թույլատրելի շեղումների հավանականությունը, ընտրությունների արդյունքների կեղծման մասին պնդումները եւ այլ կարեւոր դատողություններ` փորձենք հասկանալ, թե ինչպես արձանագրվեցին նման արդյունքներ, եւ ինչ հետեւանքներ են սպասում Թուրքիային։

Այս ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական պարտվողը «Ազգայնական շարժում» կուսակցությունն էր, որը հունիսի 7-ի ընտրություններից հետո 2 մլն քվե կորցրեց` չհաղթելով եւ ոչ մի նահանգում։ Արդյունքում, նախկին խորհրդարանում ձեւավորված ԱՇԿ խմբակցությունը կիսով չափ կրճատվեց` 80-ից դառնալով 41։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը եւս, թեեւ ակնկալում էր 15% արդյունք, կորցրեց 1 մլն քվե եւ դժվարությամբ հաղթահարեց 10% ընտրաշեմը, որի պատճառով պատգամավորների թիվը կրճատվեց 20-ով։ Այդուհանդերձ, հարավարեւելյան 12 նահանգներում ԺԴԿ-ն առաջինն էր, որով կրկին ընդգծեց կարեւոր քաղաքական գործոն լինելու փաստը։ Անշուշտ, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն թողեցին նաեւ անհավասար ընտրապայքարը, իշխանական ռեսուրսների չարաշահումը, ընտրությունների օրը արձանագրված խախտումները եւ այլն։ Անվտանգության նկատառումներով ելնելով` հոկտեմբերի 10-ի պայթյուններից հետո ԺԴԿ-ն հրաժարվել էր հանրահավաքներ ու մեծածավալ երթեր կազմակերպելու մտքից եւ ստիպված էր սահմանափակվել դահլիճային հանդիպումներով։ Միայն ընդդիմադիր ՀԺԿ-ն կարողացավ կես միլիոնով ավելացնել քվեները, սակայն դա էապես չազդեց այդ կուսակցության դիրքերի ամրապնդման վրա։

Ըստ էության, հասարակությունը վստահեց կայունությունը վերականգնելու վերաբերյալ ԱԶԿ-ի հավաստիացումներին։ ԱԶԿ-ի պնդմամբ՝ մի քանի ամիսների ընթացքում երկիրը քաղաքացիական պատերազմին էին հասցրել ներքին եւ արտաքին թշնամիները, մասնավորապես` գյուլենականները, Քրդական աշխատավորական կուսակցությունը, «Իսլամական պետությունը» եւ այլ «չարակամ թշնամիներ»։ Առնվազն երեք միլիոն քաղաքացիներ հինգ ամսում հիասթափվեցին ԱՇԿ-ից եւ ԺՀԿ-ից, եւ նրանց մտափոխման պատճառը Թուրքիայի կայունության եւ անվտանգության խաթարումն էր եւ ոչ երբեք ժողովրդավարության եւ հասարակական համերաշխության մասին ունեցած մտահոգությունները։ Այն քաղաքացիները, որոնք Էրդողանին ներեցին կոռուպցիոն ու սկանդալային պատմությունների, ավտորիտարիզմի դրսեւորումների եւ ընդդիմությանը ու մամուլին լռեցնելու համար, երկրի կայունությունը վեր դասեցին ամեն ինչից եւ Էրդողանին ու Դավութօղլուին ընձեռեցին մեկ այլ քառամյա մանդատով։ Այս ընտրություններում բարձր էր նաեւ մասնակցությունը, եւ հունիսին տեղի ունեցածի համեմատ 1.3 մլն ընտրողներ ավելի շատ քվեարկեցին։

Հաշվի առնելով ԱԶԿ-ի կառավարման տարիները` դժվար է պնդել, որ ԱԶԿ-ին կհաջողվի հեշտությամբ իրագործել նոր սահմանադրություն ունենալու գաղափարը։ Հայտնի է, որ Էրդողանի idea fix–ը Թուրքիայի կառավարման համակարգը նախագահական դարձնելն է` կամ Սահմանադրության ամբողջական փոփոխությամբ, կամ մասնակի։ Նոր խորհրդարանում 316 մանդատը բավարար է միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար, սակայն հեշտությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար հեռու է բավարար լինելուց։ 2011թ. ընտրություններում եւս նա արձանագրել էր գրեթե նույնատիպ արդյունք, սակայն նրան կրկին չհաջողվեց նոր Սահմանադրություն ընդունել։ Ի հավելումն սեփական քաղաքական առաջնահերթությունների, առկա են նաեւ օրակարգային այլ հրատապ հարցեր` քաղաքական ու տնտեսական կայունության վերականգնում, քրդական հարց, ահաբեկչության դեմ պայքար, Սիրիական ճգնաժամ, փախստականների խնդիր, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորում եւ այլն։ Այս խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում։

Հունիսին խորհրդարան անցած երեք հայերը (Գարո Փայլան, Սելինա Դողան եւ Մարկար Եսայան), ամենայն հավանականությամբ, կրկին ներկայացված կլինեն նոր խորհրդարանում։ Գարոն արդեն հասցրել էր կարճ ժամանակում աչքի ընկնել։ Կարելի է հուսալ, որ այս խորհրդարանը կլինի առավել կայուն, եւ նա կկարողանա աչքի ընկնել արդյունավետ օրենսդրական գործունեությամբ։

Թուրքիայում հաջորդ ընտրությունների տարին 2019-ն է, մինչ այդ Էրդողանը կանի առավելագույնը` ընձեռված հնարավորությունից օգտվելու համար։ Այս հաղթանակը նա կընկալի որպես իր քաղաքական հավակնություններին հասարակությանը տված վստահության մանդատ։ Իրականում, թուրքական հասարակությունը վերջին 2-3 տարիների ընթացքում բազմիցս հաստատել է, որ դեմ է նախագահական համակարգին անցնելու գաղափարին։ Այսպիսով, այս ընտրությունները գուցե կայունություն են խոստանում ԱԶԿ-ի համար, սակայն դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի քաղաքական համակարգը կառողջանա։ Այն կշարունակի մնալ բեւեռացված եւ անկայուն։

Թուրքիային հարկավոր են հիմնարար ժողովրդավարական բարեփոխումներ, որին կարելի է հասնել միմիայն փոխզիջմամբ եւ նոր` ժողովրդավարական Սահմանադրությամբ։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին