6 խորհուրդ` դաստիարակությունը հեշտացնելու համար - Mediamax.am

6 խորհուրդ` դաստիարակությունը հեշտացնելու համար
24588 դիտում

6 խորհուրդ` դաստիարակությունը հեշտացնելու համար


                                                                  Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                         սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք եւ ձեզ հիվանդ է այցելում: Նա թվում է իր բողոքները, դուք ուսումնասիրություններ եք անում, ծանոթանում հիվանդի պատմության հետ, հարցուփորձ անում սովորություններից (հիվանդը ծխում է, վարում է բացառապես նստակյաց կյանք, հաճախ բժշկի կողմից նշանակված դեղորայքը ընդունում է ալկոհոլի հետ միասին, ինչը հակացուցված է, եւ այլն), եւ հստակ տեսնում եք, որ հիվանդը միգուցե ժամանակին ունեցել է ոչ այնքան լուրջ խնդիր, սակայն առողջությանը չհետեւելով եւ մի բան էլ ավելի՝ վնասելով, իրեն հասցրել է ծանր հիվանդության: Դուք նշանակում եք բուժում, սակայն վստահ եք, որ հիվանդն իր կենսակերպը չի փոխի, եւ վիճակի բարելավման հույսը շատ աննշան է:

Հիմա պատկերացրեք, որ դուք հոգեբան եք եւ ձեզ մոտ գալիս է մի ծնող եւ բողոքում իր երեխայից: Երեխան կամակոր է, ոչնչով չի ցանկանում զբաղվել: Դուք խոսում եք ծնողի հետ, ծանոթանում իրավիճակին եւ հասկանում, որ իրականում հոգեբանի կարիք ունի ծնողը: Քանի դեռ ծնողն իր վերաբերմունքը չի փոխել երեխայի նկատմամբ, հազիվ թե կարողանաք օգտակար լինել: Դուք քաջ գիտակցում եք, որ եթե ծնողին առաջարկեք գնալ հոգեբանի մոտ, նա միանշանակ կհրաժարվի: Եթե դուք աշխատեք միայն երեխայի հետ, աշխատանքն արդյունավետ չի լինի:

Ի՞նչ անել:

Դեռ այս հարցի պատասխանը չեմ գտել, սակայն շատուշատ ծնողների բողոքներ լսելով՝ մի բան է պարզ դառնում, որ ավելի լավ է կանխել, քան հետագայում բուժել:

Նշված երկու իրավիճակները պատկերացնելիս վստահ եմ՝ որեւէ մեկս մեզ այդ հիվանդի կամ ծնողի դերում չենք տեսնում: Բայց իզուր, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ դրանից, նույնիսկ հոգեբանները:

Այս երկար նախաբանով ցանկանում եմ անդրադառնալ 6 խորհուրդների, որոնց եթե հետեւեք սկսած 1-2 տարեկանից,  դաստիարակությունն ավելի հարթ կընթանա եւ հետագայում ավելի հեշտ կլինի թե ձեզ, թե ձեր երեխաների համար: Ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում էլ առաջնորդվեք «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով:

1. Երեխային սովորեցրեք պահպանել օրվա ռեժիմը եւ հետեւել կանոններին

Սկսեք քնելուց եւ ուտելուց: Նորածինների համար գործում է «երբ ուզի քնի, երբ ուզի ուտի» սկզբունքը: Երբ երեխան մի փոքր մեծանում է, սկսում է ավելի երկար քնել, եւ կերակրելու միջեւ ընկած ժամանակահատվածը երկարում է, սկսեք երեխայի քունը եւ սնվելը կարգավորել: Հստակ ամիս դժվար է նշել, քանի որ երեխաները շատ տարբեր են, սակայն, եթե ձեր երեխան արդեն 1 տարեկան է, եւ դեռ չունի ռեժիմ, ուրեմն դուք ինչ-որ բան այնպես չեք անում: Եղեք խստապահանջ, բայց ոչ բռնակալ: Անհրաժեշտ է, մի կողմից, չընկնել ծայրահեղության գիրկը, երբ երեխային ժամացույցի սլաքի զարկով են կերակրում, մյուս կողմից,  չշարունակել նորածնի՝ «երբ պատահի, ինչ պատահի» սկզբունքը: Գտեք ոսկե միջինը: Կարող եք առաջնորդվել ժամանակային ընդմիջումներով, օրինակ՝ երեխան արթնանում է 7-7:30-ի կամ քնում է 9-10-ն ընկած ժամանակահատվածում, եւ աշխատեք բացառությունները հասցնել նվազագույնի:

Հետագայում օրակարգի մեջ կարող եք ներառել ընթերցանության, բացօթյա զբոսանքի, կազմակերպված գործունեության, ինքնուրույն խաղի եւ այլ տարրեր:

Մինչեւ 3 տարեկան երեխայի մոտ նման վերաբերմունք դաստիարակելը կհեշտացնի մանկապարտեզ այցելությունը եւ դպրոցական կյանքին հարմարվելը:

Ինչ վերաբերում է կանոններին, կարելի է սկսել հիգիենայից՝ ուտելուց առաջ լվացվել, քնելուց առաջ մաքրել ատամները, եւ աստիճանաբար անցնել այլ կանոնների:

Ավելորդ եմ համարում նշել, որ ծնողները եւս պետք է ունենան օրվա ռեժիմ եւ հետեւեն նույն կանոններին՝ թեկուզ հենց ատամները լվանալու հարցում:

2. Երեխային սովորեցրեք ինքնուրույն հավաքել իր խաղալիքները

Լինի դա տիկնիկ, մեքենա, լոգո, փազլ թե մի ուրիշ խաղալիք, փոքրուց դաստիարակեք ձեր երեխային՝ խաղի ավարտին հավաքել իրերը: Սա շատ հեշտ է փոքր ժամանակ սովորեցնելը, քանի որ երեխաներն այս տարիքում ամեն ինչ ընկալում են որպես խաղ, եւ որքան շուտ սկսեք, այնքան ձեր գործը հետագայում հեշտ կլինի: Անհրաժեշտ է լինել հետեւողական եւ զինվել համբերությամբ: Շատ մեծ է գայթակղությունը երեխայի փոխարեն արագ-արագ հավաքելու եւ տանից դուրս գալու, որ հանկարծ չուշանաք: Այդ պատճառով նախօրոք պլանավորեք, որ երեխան պետք է հավաքի եւ տրամադրեք նրան այդ ժամանակը: Հակառակ դեպքում դուք ունենալու եք դպրոցահասակ երեխա, որն անընդհատ վազելու է ձեզ մոտ՝ խնդրի լուծումը հարցնելու համար: Հասուն տարիքի խնդիրների մասին էլ չեմ ասում:

3. Երեխաներին միշտ ասեք ճշմարտությունը եւ խուսափեք նրանց խաբելուց

Ուշադիր լսեք, թե ձեր շուրջբոլորը մեծահասակներն ինչ են ասում եւ ինչպես են պատասխանում երեխաների հարցերին, եւ կտեսնեք, թե սուտը որքան տարածված է: Մայրիկը տանից բացակայում է, խաբում են, թե՝ կողքի սենյակում քնած է, տատիկը մահանում է՝ խաբում են, թե գնացել է Ամերիկա, երեխային տանում են մանկապարտեզ, խաբում են, որ հիմա կգան ու վերադառնում են մի քանի ժամից: Խաբում են հիմնականում հետեւյալ պատճառներով՝ 1. Դժվարանում են քննարկել բարդ թեմաները (մահ, ծանր հիվանդություն, սեքս եւ այլն), 2. Մտածում են, որ երեխաները չեն հասկանում, 3. Իրենք էլ չգիտեն հարցի պատասխանը, 4. Ուղղակի անհիմն (դե երեխա է՝ կանցնի կգնա):

Թե ինչպես խոսել բարդ թեմաների մասին, դեռ կանդրադառնանք, բայց ամեն դեպքում միշտ անկեղծ եղեք:

Եթե մտածում եք, որ ձեր երեխաները ձեզ չեն հասկանա եւ դրա համար եք խաբում, ապա՝ կամ ա. Դուք չարաչար սխալվում եք երեխաների ընդունակությունների հարցում, կամ բ.  Դուք հաշվի չեք առնում, որ  այնուամենայնիվ նա ինչ-որ դաս այդտեղից կքաղի, կամ էլ գ. Մոռանում եք երեխային մարտահրավեր տալու անհրաժեշտության մասին:

Եթե չգիտեք հարցի պատասխանը, այդպես էլ ասեք երեխային, եւ առաջարկեք միասին գտնել այն: Անհիմն խաբելու մասին էլ չխոսեմ:

Ինչքան շատ սուտ խոսեք (թեկուզ դա լինի «ամենաանվտանգ», «ամենաբարի», «ամենապուպուշ» սուտը), այնքան մեծանում է հավանականությունը, որ ձեր երեխան հետագայում, օրինակ դեռահասության շրջանում, ձեզ կխաբի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առօրյայում հաճախ սուտ լսող երեխաներն իրենց ծնողներին ավելի քիչ են վստահում:  Հիշեք, որ ձեր երեխայի ապագա վարքը կախված է ձեր ներկայիս վարքից:

4. Թողեք երեխային ինքնուրույն զբաղմունք գտնել

Մեծերը շատ են սիրում երեխաների խաղերին միջամտել, անընդհատ գրկել,  խաղալիքներ առաջարկել: Երեխային ժամանակ չեն տալիս ինքն իրեն հետաքրքրություն գտնել: Աննկարագրելի կարեւոր է երեխային շատ փոքր տարիքից՝ մի քանի ամսականից սկսած, թողնել միայնակ (նկատի ունեմ ոչնչով չզբաղեցնել):

Պառկեցրեք երեխային մի հարմար եւ անվտանգ տեղ եւ 10-20-30 րոպե (կամ ինչքան որ կդիմանա) թողեք նրան հանգիստ ու մոտակայքում զբաղվեք ձեր գործով: Աստիճանաբար ավելացրեք ժամանակը: Ավելի մեծ տարիքում տվեք նրան միայն մեկ խաղալիք եւ նորից հանգիստ թողեք ինքն իրենով զբաղվի: Եթե կախարդական փայտիկի մի հարվածով կարելի լիներ բոլորին բացատրել այս կետի կարեւորությունը, շատ ու շատ հոգեբանական խնդիրներ իսպառ կվերանային:

Մենակ մնալով՝ փոքրիկները ստանում են ինքնազարգացման հնարավորություն եւ ձեւավորում իրենց համար զբաղմունք գտնելու հմտությունը, որը հետագայում աշխատասեր եւ ուսումնատենչ երեխա ունենալու գրավականն է:

5. Երեխային սովորեցրեք սպասել

Գտեք տարբեր իրավիճակներ եւ շատ փոքր տարիքից սովորեցրեք նրանց սպասել: Օրինակ՝ երեխան խանութից նոր տիկնիկ է ուզում կամ շոկոլադ, անմիջապես մի գնեք, այլ ասեք, որ պետք է սպասել եւ հաջորդ օրը (կամ՝ երբ ձեզ հարմար է), եթե դա նրան դեռ պետք լինի, կգնեք: Եթե գնել եք շոկոլադ, երեխայի հետ միասին պահեք այն եւ տվեք ուտելու ճաշից հետո: Քույր ու եղբայր ուզում են խաղալ նույն խաղալիքով, սովորեցրեք նրանց սպասել իրենց հերթին: Ուզում են մուլտֆիլմ դիտել, թող սպասեն մուլտֆիլմ դիտելու ժամին (կամ օրվան): Ձեւավորեք երեխաների մոտ համբերատարություն, եւ նրանք հասուն տարիքում ձեզանից շատ շնորհակալ կլինեն:

6. Երեխային լեզվական բազմազանություն սովորեցրեք

Մենք շատ հաճախ հակված եք աշխարհը դիտել եւ պատկերել սեւ ու սպիտակ գույներով: Մի բան լինում է, անմիջապես պիտակում ենք՝ վատ կամ լավ: Սեւի ու սպիտակի արանքում բազմաթիվ երանգներ կան եւ անհրաժեշտ է այդ ամենը երեխաներին ցույց տալ: Սկսեք զգացմունքներից՝ կիսվեք երեխաների հետ ձեր ապրումներով եւ բարձրաձայնեք նրանց հույզերի մասին՝ տալով դրանց տարբեր բնութագրեր: Օգտագործեք բառերի հոմանիշներ՝ դրանով ոչ միայն կհարստացնեք երեխայի բառապաշարը, այլ նաեւ կզարգացնեք նրա ներաշխարհը, կօգնեք ինքն իրեն ավելի լավ հասկանալ: Օրինակ, կարող եք արտահայտել ուրախությունը՝ երջանկություն - հաճույք – հրճվանք բառերով, վախը՝ հանկարծակի գալ – սարսափել, մրսելը՝ սառել – ցրտահարվել - սրթսրթալ, օրվա ժամանակներ՝ արշալույս -  արեւածագ – մայրամուտ - աղջամուղջ, եւ այլն: Հայերենը շատ գեղեցիկ եւ հարուստ լեզու է, օգտվեք մեր լեզվի ընձեռած լայն հնարավորություններից:

Միգուցե դուք առանց այս հոդվածի էլ հետեւում էիք այս սկզբունքներին, միգուցե կարդալուց հետո սկսեք, բայց հնարավոր է, որ այնուամենայնիվ ձեր երեխան  մեծանա ու ինչ-որ պահի հոգեբանական դժվարություններ ունենա: Ինչպես որ առողջ ապրելակերպին հետեւելը չի նշանակում, որ դուք զերծ կմնաք հիվանդություններից, նույնը դաստիարակության հարցում է: Սակայն մի բանում համոզված եղեք, որ ամեն դեպքում, ինչ խնդրի առջեւ էլ կանգնեք, դուք կունենաք ամուր հիմք, որը ձեր աշխատանքը հետագայում ավելի կհեշտացնի:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին