10 բան, որ կարելի է նվիրել երեխաներին Ամանորին - Mediamax.am

10 բան, որ կարելի է նվիրել երեխաներին Ամանորին
13846 դիտում

10 բան, որ կարելի է նվիրել երեխաներին Ամանորին


                                                                    Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                           սկսնակ եւ փորձառու ծնողների համար


Հոգնե՞լ եք անընդհատ ձեր կամ ուրիշների երեխաներին խաղալիքներ, քաղցրավենիք եւ հագուստ նվիրելուց: Ցանկանո՞ւմ եք համատեղել հետաքրքիր անակնկալը՝ օգտակարի հետ: Ահա 10 մտահաղացում, թե ինչ է կարելի նվիրել երեխաներին գալիք տոներին:

Ընտրություն կատարելիս անպայման հաշվի առեք երեխայի տարիքը, ցանկալի է՝ նաեւ հետաքրքրություններն ու նախասիրությունները:

1. Փորձ

Ամենաօգտակար եւ թերեւս մեզանում ոչ այնքան տարածում ունեցող նվերը փորձն է: Կարող եք երեխաներին նվիրել կարուսելից եւ  խաղահրապարակներից օգտվելու տոմսերից սկսած՝ մինչեւ չմուշկներով սահելու նվեր քարտ, դահուկներով արշավի, ձիավարության, նետաձգության, ճամբարի մասնակցության, համերգների, կինոթատրոնների, ներկայացումների տոմսեր, միջոցառումների մասնակցություն, ճամփորդություններ եւ այլն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման նվերները երեխաներին ավելի են երջանկացնում (քան խաղալիքներն ու այլ նյութական նվերները), եւ բացի դրանից, նրանք սովորում են իրենց երջանկությունն ու ուրախությունը չկապել նյութական իրերի հետ:

2. Խմբակներ եւ բաժանորդագրություններ

Լողի պարապմունքների, սպորտային, պարային, նկարչական, երաժշտական խմբակների բաժանորդագրություններ, Կենդանաբանական այգի այցելության, թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրություններ եւ այլն: Եթե երեխան արդեն հաճախում է որեւէ խմբակ, առաջարկեք հովանավորել նրա մասնակցությունը որոշ ժամանակահատվածի համար:

Փորձի հետ միասին, խմբակների հաճախելը լայնացնում է երեխաների սոցիալական հարաբերությունների շրջանը՝ դրանով նպաստելով նրա շփման հմտությունների զարգացմանը: Միաժամանակ՝ սոցիալական շփումներից երեխաներն իրենց ավելի երջանիկ են զգում:

3. Գրքեր

Անկախ տարիքից եւ սեռից՝ գրքերը հին ու բարի նվերներից են: Երեխան տարված է ֆուտբոլով, նվիրեք նրան գիրք ֆուտբոլի մասին, դեռ կարդալ չգիտի, նվիրեք հեքիաթի գրքեր, ծնողները նրանց համար կկարդան: Սիրում է կենդանիներ, նվիրեք կենդանիների մասին հանրագիտարան եւ այլն:

Գիրք կարդալը մարզում է ուղեղը, զարգացնում է  երեխայի ուշադրությունը, հիշողությունը, երեւակայությունը, ստեղծագործական մտածողությունը եւ այլն:

4. Արվեստով եւ արհեստներով զբաղվելու նյութեր

Ջրաներկ, գուաշ, մատիտներ, պլաստիլին, նկարչական ալբոմներ, տետրեր, գունավոր թղթեր եւ այլն: Ձեռագործի պարագաներ, թելեր, ուլունքներ, մանկական կավ, «պատրաստիր-ինքդ» հավաքածուներ եւ այլն: Այս նվերները հարմար են ոչ միայն աղջիկների, այլեւ տղաների համար:

Ձեռքի աշխատանքը նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը, խթանում է մանր մոտորիկ շարժումները, ինչը ուղեղի վրա թողնում է դրական ազդեցություն:

5. Ուսուցողական նյութեր

Խոշորացույց, հեռադիտակ, մագնիս, գլոբուս, գրատախտակ, զանազան գիտական հավաքածուներ (Science kit), աճպարարի (ֆոկուսնիկ) հավաքածու եւ այլն: Այս նյութերն ու գործիքներն արթնացնում են երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, եւ նրանք մեծ սիրով սկսում են ուսումնասիրել աշխարհը:

6. Խոհարարական նյութեր

Գնեք խոհանոցային պարագաներ, եթե անհրաժեշտ է՝ նաեւ մթերքներ երեխաների հետ որեւէ բան թխելու կամ եփելու համար: Դեռ չեմ հանդիպել մի երեխայի (երեւի ոչ էլ կհանդիպեմ), անկախ սեռից ու տարիքից, որ չի սիրում իր ձեռքերով ուտելու բան պատրաստել: Չմոռանաք գոգնոցի եւ խոհարարի գլխարկի մասին: Արդյունքում՝  կունենաք թափթփված ու պատերազմի դաշտ հիշեցնող խոհանոց եւ  գոհունակ դեմքով մի կուշտ բավակություն ստացած երեխա:

7. Խաղեր

Սկսած սեղանի տարբեր խաղերից՝ մինչեւ սպորտային եւ ամենատարբեր պարագաներ՝ գնդակ, չմուշկներ, անվակոշիկներ, հեծանիվ, ցատկապարան, ճոճանակ (նախօրոք պարզեք՝ արդյոք կա՞ հարմար տեղ այն կախելու համար), փազլներ, շախմատ եւ այլն:

8. Հագուստի պարագաներ

Եթե, այնուամենայիվ, որոշել եք հագուստ գնել,  ընտրեք հաճախակի օգտագործվող եւ անընդհատ պետք եկող պարագաներ, օրինակ՝ զուգագուլպաներ (ռետուզ), վարտիքներ, գուլպաներ, շապիկներ, բոդիներ եւ այլն: Եթե չգիտեք կամ կասկածում եք երեխայի չափսերի հարցում, միշտ ընտրեք իր տարիքի համեմատ առավել մեծ չափս: Այս նվերից, եթե ոչ երեխաները, ապա մայրիկները որ հաստատ շատ կուրախանան եւ շնորհակալ կլինեն ձեզ:

9. Աքսեսուարներ

Նյութական նվերների շարքից մի մոռացեք նաեւ աքսեսուարների մասին: Պայուսակ, դրամապանակ, գոտի, գլխարկ, թիթեռնիկ, սրանք միշտ պետք են գալիս եւ միշտ չէ որ ծնողները դրանց առաջնահերթություն են տալիս եւ երեխաների համար գնում:

10. Բույսեր եւ կենդանիներ

Թաղարով ծաղիկներից սկսած մինչեւ մանր-մունր ընտանի կենդանիներ, ակվարիումով ձկներ, կրիաներ, ծովախոզուկ, խոշոր տնային բարեկամներ՝ շուն, կատու եւ այլն:

Սենյակային բույսեր եւ ընտանի կենդանիներ պահելը երեխաների մոտ դաստիարակում է պատասխանատվության զգացում, հոգատարություն եւ համբերատարություն: Հետագա հիասթափություններից եւ խնդիրներից խուսափելու համար, ցանկացած տարբերակի դեպքում համաձայնեցրեք ձեր նվերը երեխայի ծնողների հետ:

Թեեւ այս հոդվածը վերաբերում էր հիմնականում երեխաներին, կարող եք նույն սկզբունքներով առաջնորդվելով ընտրել նվերներ նաեւ մեծահասակների համար:

Բոլորիս մաղթում եմ ուրախ տոներ՝ լի բազում հաճելի անակնկալներով:

Հ.Գ. Հոդվածում հատուկ չեմ անդրադարձել խաղալիքներին, քանի որ մեր օրերում երեխաները չափից դուրս շատ խաղալիքներ ունեն, ինչն այնքան էլ ցանկալի չէ (իսկ թե ինչու` կխոսեմ հաջորդ անգամ): Այդ պատճառով, կոչ եմ անում եւ քաջալերում եմ զերծ մնալ խաղալիքներից եւ ընտրել ալտերնատիվ նվերներ:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին