Մարդկային պատմությունների տարի - Mediamax.am

Մարդկային պատմությունների տարի
3421 դիտում

Մարդկային պատմությունների տարի


Չեմ խախտի տարիների ավանդույթը եւ տարեվերջին մեր հավատարիմ ընթերցողներին կպատմեմ այն մասին, թե ինչով առանձնացավ անցնող տարին Մեդիամաքսի համար:

Վանի հերոսամարտին նվիրված հրապարակումների շարքով փորձեցինք հիշեցնել այն մասին, որ 2015-ին լրանում է ոչ միայն Ցեղասպանության, այլեւ այդ բացառիկ պայքարի 100-ամյակը: Կարծում եմ, որ Վանի եւ այլ հերոսամարտերը պետք է վերաիմաստավորվեն ու հատուկ տեղ զբաղեցնեն մեր կրթական ծրագրերում: Այս տարի շատ խոսեցինք զոհի հոգեբանությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին եւ անցյալի հերոսական էջերին պատշաճ ուշադրություն դարձնելը դրա կարեւոր նախապայմաններից է:

Մեր մյուս կարեւոր նախագիծը «100 վայրկյանն էր», որի շրջանակում 24 մտավորականներ տարբեր երկրներից հատվածներ կարդացին Ցեղասպանությունը վերապրողների վկայություններից: Երբ խոսում ենք մեր 1,5 միլիոն զոհերի մասին, երբեմն չափազանց «վիճակագրորեն» ենք մոտենում ողբերգությանը՝ մոռանալով, որ այդ 1,5 միլիոնը կոնկրետ մարդիկ էին եւ Ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ անձնական ողբերգություն էր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կյանքի կոչված «100 վայրկյանը» նաեւ նպատակ ուներ գրավել աշխարհի մարդկանց ուշադրությունը եւ հերքել Հիտլերի խոսքերը. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին»: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք համաձայնեցին կարդալ վկայությունները:

2015 թվականի ընթացքում հարցազրույցների շարք արեցինք Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ. կարո՞ղ է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը նպաստել նոր «հայկական երազանքի» ձեւավորմանը: Տարեվերջին որոշեցինք ամփոփել այդ հարցազրույցների առավել հետաքրքրիր մտքերը:

2015-ին շարունակեցինք գործարկել նոր շարքեր ու խորագրեր, որոնցից կառանձնացնեմ երկուսը՝ «Հայտնիների 10 իրերը» եւ «Ծանոթ-անծանոթ քաղաքները»:

Առաջինը պատմում է Երեւանի թանգարաներում պահվող մեր մեծերի անձնական իրերի մասին: Վստահ եմ, որ մեդիան պարտավոր է կրթական դեր ունենալ եւ հույս ունեմ, որ այս շարքի նյութերը կարդալուց հետո գտնվեցին մարդիկ, որոնք այցելեցին նշված թանգարաններ:

Երկրորդ նախագիծը Երեւանից ոչ հեռու գտնվող քաղաքների մասին է, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի): Քաղաքները տարբեր էին, բայց դրանցից յուրաքանչյուրում մեր թղթակիցները եւ լուսանկարիչները հետաքրքիր մարդկանց հանդիպեցին, որոնք պատմեցին իրենց փոքր հայրենիքի «համի ու հոտի մասին»: Այնպես որ, եթե ձանձրացել եք ավանդական տուրիստական երթուղիներից, կարող եք «Ծանոթ-անծանոթ քաղաքները» օգտագործել որպես յուրատեսակ ուղեցույց:

Տարվա գլխավոր հայտնությունն ինձ համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի համատեղ «Իմ աղջիկը» շարադրությունների մրցույթին ներկայացված աշխատանքներն էին:

Մենք ստացանք 122 շարադրություն, որոնցում հայրերը պատմում էին իրենց աղջիկների մասին՝ գրում էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր մարդիկ, բայց նրանց միավորում էր անսահման ու իսկական սերը իրենց դուստրերի հանդեպ: Չնայած նրան, որ սա մրցույթ էր եւ մենք պետք է 3 հաղթող ընտրեինք, կարծում եմ, որ մասնակիցներից շատերի համար կարեւորը հենց արտահայտվելու հնարավորությունն էր՝ ասել իրենց աղջիկներին այն, ինչն այլ պայմաններում թերեւս չէին ասի: Երջանիկ եմ, որ մասնակից եղա հայրական սիրո խոստովանությունների այդ իսկական «տարափի» կազմակերպմանը:

Այս տարի եւս փորձեցինք հավատարիմ մնալ մարդակենտրոն լրագրությանը: Տարեվերջին առանձնացրեցինք մի քանի հրապարակումներ, որոնց հերոսները մարդիկ են՝ հայտնի ու անհայտ, մեծ ու փոքր, ուրախ եւ տխուր: Ի վերջո, իշխանությունները, հասարակությունները, հայեցակարգերն ու ռազմավարությունները անցողիկ են, իսկ Մարդը՝ մնայուն:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին